Sunday, July 20, 2008

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՎԵՐՋԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ԿԱԶՄԵԼ Է 1.45 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

«Panorama.am», 18.07.08: Հայաստանի ֆինանսերի նախարարությունը հրատարակել է «ՀՀ պետական պարտքի» 2007թ տարեկան հաշվետվությունը, որի համաձայն նախրոդ տարվա վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 516.2 մլրդ դրամ կամ 1 448.9 մլն դոլար: Այս մասին տեղեկացնում են ֆինանսների նախարարության մամլո ծառայությունից:
Աղբյուրի համաձայն` պետական պարտքի կառուցվածքում 440.8 մլրդ դրամը (1,448.9 մլն. դոլար) կազմում է արտաքին պարտքը եւ 75.4 մլրդ. դրամը (247.9 մլն. ԱՄՆ դոլարը)` ներքին պարտքը:
Պետական պարտք ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 16.4%, որից 14%-ը արտաքին պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշն է, իսկ 2.4%-ը` ներքին պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը:
Մանրամասնելով պետական պարտքի կառուցվածքը, աղբյուրը նշում է, որ 2007թ. վերջին 75,429.8 մլն. դրամ ներքին պետական պարտքից 66,303.2 մլն. դրամը պետական պարտատոմսերն են, իսկ 9,126.6 մլն. դրամը ՀՀ ռեզիդենտից ստացած վարկն է: Պետական պարտատոմսերի կառուցվածքում 11%-ը կարճաժամկետ, 72%-ի միջնաժամկետ եւ 18%-ը երկարաժամկետ պարտատոմսեր են:
Արտաքին պետական պարտքից (1,448.9 մլն.ԱՄՆ դոլար) 1,281.9 մլն. դոլարը (88.5%) կառավարության արտաքին պարտավորություններն են, 167.0 մլն. դոլարը (11.5%)` Կենտրոնական բանկի արտաքին պարտավորությունները: Արտաքին պետական պարտքը նախորդ տարվա համեմատ աճել է 243.3 մլն. դոլարով, որը պայմանավորված է արժույթների փոխարժեքների փոփոխությամբ եւ տարվա ընթացքում կատարված գործառնություններով:
2007թ. ընթացքում կառավարության արտաքին պետական պարտքի գծով վճարվել է 9.67 մլն. դոլարի չափով տոկոսավճար եւ կատարվել 16.9 մլն. ԱՄՆ դոլարի չափով մարում: Ստացումները կազմել են 26.6 մլն. դոլար: 2007թ. ընթացքում ընդհանուր առմամբ ստորագրվել են 11 նոր վարկային պայմանագրեր:
Ֆինանսների նախարարության հաղորդմամբ, արտաքին պետական պարտքի պորտֆելը բաղկացած է ամբողջությամբ արտոնյալ վարկերից, իսկ ըստ արժույթի 3.9%-ը ԱՄՆ դոլարով վարկերն են, 81.9%-ը` SDR-ով են, 8%-ը` եվրոյով, 6.2%-ը` ճապոնական իենով:

No comments: