Wednesday, August 13, 2008

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՈՐԾԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 1-ից իր գործունեությունը կսկսի ՀՀ Սփյուռքի նախարարությունը, որի ստեղծումը ուշացել է 17 տարով,- օգոստոսի 3-8-ը Ծաղկաձորում անցկացված Համահայկական երիտասարդական 6-րդ համաժողովի մասնակից սփյուռքահայ երիտասարդների հետ օգոստոսի 9-ի հանդիպմանը նշեց առայժմ ՀՀ ԱԳՆ շրջանակում գործող կառույցի` Սփյուռքի պետական կոմիտեի ղեկավար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց, որ ապագա նախարարության համար հատկացվել է Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀ կառավարության շենքի շարունակությունը կազմող նոր կառուցվող շենքը: Նոր կազմավորվող նախարարության ապագա ղեկավարը նշեց, որ ներկայումս մշակվում է Սփյուռք-Հայրենիք հայեցակարգը, կանոնադրությունը, միջոցառումների հսկայական ցանկը: Նախարարության գործունեության կարեւորագույն խնդիրներն են, ըստ Հրանուշ Հակոբյանի, հայապահպանությանը, Հայրենիքի հզորացման հարցում հայ ժողովրդի ներուժի օգտագործմանը, այլալեզու, այլադավան հայերի հայադարձությանը, Սփյուռքի չկազմակերպված համայնքների կազմավորմանը նպաստելը, համահայկական հզոր միջոցառումների կազմակերպումը: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Սփյուռքում հայերը կայացած գործարարներ են, նա կարեւոր համարեց, որպեսզի հայ երիտասարդները կայանան նաեւ քաղաքականության մեջ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հայ մեծահարուստները որոշակի միջոցներ ներդնեն հայ երիտասարդներին «քաղաքականության մեջ աճեցնելու գործին», դրանից կշահեն երկկողմ հարաբերությունները, դա ազդեցություն կունենա նաեւ Ղարաբաղի հարցի, հայ-թուրքական հարաբերությունների վրա: Նախարարության առաջին քայլերը պետք է լինեն սկսել դեպի հայրենիք համընդհանուր շարժում` ՌԴ տարածքում, ինչպես նաեւ Եվրոպայի եւ Ամերիկայի որոշ տարածքներում պետք է միջոցներ ձեռնարկվեն հայերի ուծացման դեմ: Աշխարհի շուրջ 120 երկրներում հայերին հայ պահպանելու գործում կարեւոր է նախեւառաջ կապը հայրենիքի հետ, դրա համար պետք է անցկացվի հայաստանյան ընտանիքների հաշվառում, որոնք պատրաստ են իրենց հարկի տակ հյուրընկալել 12-16 տարեկան սփյուռքահայ երիտասարդների: Անհրաժեշտ է լուծել կադրերի պատրաստման խնդիրը, դրա համար Երեւանի պետհամալսարանում պետք է ստեղծվի Սփյուռքագիտության ամբիոն, իսկ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում` Սփյուռքի բաժին: Համայնքների միջեւ մշտական կապը պահպանելու համար կգործի համակարգչային ցանց, նախատեսվում է ստեղծել նաեւ 6-8 լեզվով նախարարության ինտերնետային կայքէջ: Հրանուշ Հակոբյանը կարեւոր է համարում նաեւ, որ աշխարհի երկրներ հեռարձակվող Հայաստանի հեռուստաընկերությունները, մասնավորապես Հանրային հեռուստաընկերությունը իր ծրագրերով մեծապես նպաստի հայապահպանությանը, Սփյուռքի Հայաստանակենտրոն լինելու մեծ խնդրի լուծմանը: Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, «Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար, որ լավն է, այլ որ մերն է»: Հայության երեք հատվածները` Հայրենիքը, Սփյուռքը, Արցախը գոյապայքար են մղում` առաջինը արժանապատիվ կյանք ստեղծելու, երկրորդը հայապահպանության, երրորդը` Ադրբեջանի հետ հակամարտության լուծման հարցերով, բոլորը հաղթահարելու համար անհրաժեշտ են, որպեսզի լինի համազգային միասնություն: Սփյուռքահայ երիտասարդների առջեւ Սփյուքի պետական կառույցի ղեկավարը երեք հիմնական խնդիր է դնում` հայ մնալ` ոսկե կամրջի դեր կատարել հայրենիքի եւ այն երկրի միջեւ, որտեղ բնակվում, սովորում, աշխատում է, կիրթ երիտասարդ մեծանալ` աշխարհը կառուցվում է գիտելիքի վրա, առողջ մեծանալ: Հ.Հակոբյանը կոչ արեց պայքար մղել երիտասարդության շրջանում մեծ տարածում ուներող ախտերի` թմրամոլության, ծխախոտամոլության, ՍՊԻԴ-ի դեմ: Նա կոչ արեց երիտասարդներին եթե ոչ 7, գոնե 3 որդով սեղան նստել, այդ դեպքում ծնողները իրենց կվերարտադրեն, մեկ մարդով էլ կավելացնեն ազգը: «Մենք փոքր չենք, մենք 10 մլն ենք, եւ մենք ունենք մեծեր, որոնցով աշխարհն է հպարտանում»,- ասաց Հ.Հակոբյանը, նշելով, որ յուրաքանչյուրն իր տեղում կարող է նպաստել համահայկական մարդահամարի անցկացմանը:

No comments: