ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կալիֆոռնիայից սենատոր Դեյվ Քոգդիլը Սենատին է ներկայացրել հռչակավոր ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանին եւ վերջին 100 տարվա ընթացքում ամերիկահայերի` Կալիֆոռնիայում կատարած ներդրումները պատվելու բանաձեւ: Օրենսդիր մարմնի երկու պալատներն էլ միաձայն ընդունել են բանաձեւը, եւ 2008-ը հայտարարվել է Վիլյամ Սարոյանի տարի:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում սենատոր Քոգդիլին Սարոյանին պատվելու նախաձեռնության համար: Սարոյանը Կենտրոնական դաշտավայրը (Central Valley) եւ հատկապես Ֆրեզնոն մտցրել է աշխարհի գրական քարտեզ»,- ասել է Տեխնոլոգիաների հայկական խմբի անդամ Վարուժան Տեր Սիմոնյանը:- «Սարոյանը մի անգամ ասել է, որ ինքը չէ Ֆրեզնոն հայտնի դարձրել, այլ` չամիչը: Իրականությունն այն է, որ որտեղ էլ ճամփորդում ես աշխարհում, լինի դա Եվրոպայում, Ռուսաստանում, Ճապոնիայում թե Հեռավոր Արեւելքում, երբ մարդիկ պարզում են, որ դու Ֆրեզնոյից ես, անմիջապես ասում են, «Օ~, Սարոյան: Դա այն քաղաքը չէ՞, որտեղից Սարոյանն էր»:
Սարոյանի եւ ամերիկահայերի` Կալիֆոռնիայում կատարած մշակութային ներդրումների պատվին ցուցահանդես է բացվել, որը կգործի մինչեւ սեպտեմբերի 24-ը Սակրամենտոյի State Capitol թանգարանում:
Օգոստոսի 28-ին Ֆրեզնոյի Convention կենտրոնի «Վիլյամ Սարոյան» թատրոնում տեղի կունենա Սարոյանի 100-ամյակին նվիրված հատուկ միջոցառում: Հայկական թանգարանի, Ֆրեզնո քաղաքի, The Frezno Bee-ի եւ Սարոյանի հարյուրամյա տարեդարձի հանձնաժողովի կողմից հովանավորվող միջոցառմանը ելույթ կունենան Հայաստանի ազգային կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, մաեստրո Արամ Ղարաբեկյանի գլխավորությամբ, աշխարհահռչակ մեցցո-սոպրանո Էդնա Կարապետյանը եւ Ֆրեզնոյի երգչախմբի արտիստները: Կկազմակերպվի նախահամերգային տոնախմբություն եւ հյուրասիրություն:
Thursday, August 28, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment