Հայաստանում տեղի է ունեցել հերթական բռնությունը լրագրողի հանդեպ, դաժան ծեծի է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը: Երկու համարձակ սափրագլուխներ, չվախենալով Լուսինեից, առավոտյան հարձակվել են նրա վրա, ծեծել, եւ հետո փախուստի դիմել, երբ նա սկսել է մարդկանց օգնության կանչել: Պետք չէ կասկածել, որ դատախազությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը, որ հաշված վայրկյանների ընթացքում կարող են հայտնաբերել անգամ խուլ ու համր այլախոհի, չեն հայտնաբերելու լրագրողի վրա հարձակված խուժանին: Եթե հայտնաբերող լինեին, ապա այդ բանը կանեին դրանից առաջ տեղի ունեցած արդեն մոտ մեկ տասնյակ հարձակումների, ծեծերի մեղավորներին, կպատժեին նրանց եւ այդպիսով կկանխեին օրինակ Լուսինեի, կամ դրանից առաջ Հիմա երիտասարդական նխաձեռնության անդամ Նարեկ Հովակիմյանի, կամ դրանից առաջ Սարգիս Տխրունի միության ատենապետ Նարեկ Գալստյանի հետ տեղի ունեցածը: Նրանք նույնպես ծեծվել էին:
Այդ դեպքերում իշխանության արձագանքը սովորաբար լինում է այն, որ այդ միջադեպերը ամենից պակասը հենց իշխանությանն են ձեռնտու, հետեւաբար պետք չէ իշխանության մեջ փնտրել բռնարարքի հեղինակներին: Այդպիսով, իշխանությունն իր խոսքը ասում եւ քաշվում է մի կողմ, կարծես թե իրենից պահանջվում էր ասել, թե որտեղ պետք չէ փնտրել մեղավորներին: Իհարկե, մեղավորներն իշխանության մեջ չեն: Դժվար է պատկերացնել, որ ասենք ինչ որ նախարար, կամ ինչ որ վարչության պետ, կամ ինչ որ մի ոստիկան, առավոտյան հարձակվի որեւէ մեկի վրա ու ծեծի: Ծեծողներն իշխանության մեջ չեն, ծեծողներն իշխանության կողքին են, պատրաստ հլու ծառայել իշխանությանը:
Ընդ որում, եթե մի կողմ դնենք իրավական, օրինական, քաղաքացիական բոլոր նորմերը եւ դատենք զուտ բարոյական չափանիշներով, ապա դժվար է որեւէ գնահատական տալ մարդկանց, որոնք երկուսով հարձակվում են անզեն կնոջ վրա եւ ծեծում են նրան: Ինչ խոսք, հարձակվողները կամ ավելի շուտ նրանց այդ քաջագործության պատվեր տվողներն էլ կարող են ասել, թե իսկ ինչու է լրագրողն էլ գրիչով իրենց վրա «հարձակվում» իր հրապարակումներով, օգտվելով այն բանից, որ իրենք չեն կարող պատասխանել` գրել կարդալ չիմանալու պատճառով: Սակայն պարզ է, որ դա նրանց համար կլինի իրենց տմարդության չափազանց թույլ արտահայտություն: Եթե գրել կարդալ չգիտես, դա չի նշանակում, որ գրին պետք է ֆիզիկական հաշվեհարդարով պատասխանես, այն էլ մարդուն բռնացնելով մենակ ու անպաշտպան:
Եթե լրագրողը որեւէ սխալ տեղեկություն կամ վիրավորանք է հրապարակել, ապա դրա համար կա դատարան, կա օրենք, կա իրավական հարթություն: Եթե չի արվում այդ հարթության վրա հարցը լուծելու փորձ, ապա դա ուղղակի հաստատում է, որ լրագրողի հրապարակումը միանգամայն համապատասխանում է իրականությանը եւ դրա դեմ, ուժից բացի, որեւէ այլ հակափաստարկ չի գտնվել:
Իսկ հանցագործները, չնայած անհույս նախադեպերին, այդուհանդերձ մեկ էլ տեսար գտնվեցին, քանի որ հիմա իշխանությունը նոր որակ է խաղում: Հիմա ինչ որ կոռումպացված չինովնիկներ են ձերբակալվում, ոստիկաններ, դասախոսներ: Այնպես որ հնարավոր է, որ իշխանությունը երկու մարդու էլ ձերբակալի, լրագրողի վրա հարձակվելու համար նրանց մեղադրի, հետո ապացուցի, որ նրանք են ծեծել լրագրողին, հետո նրանց պատասխանատվության ենթարկի, իսկ կարճ ժամանակ անց էլ անաղմուկ բաց թողնի ազատազրկման վայրից, այդ ընթացքում ցույց տալով, թե ահա տեսեք ինչպես ենք պայքարում բռնությունների դեմ: Բայց նոր որակը դա չէ: Նոր որակը կլինի այն, որ իշխանությունը ոչ թե ծեծողներ հայտնաբերի, այլ հայտնաբերի պատվիրատուներին: Այդ դեպքում, իսկապես կարելի կլինի ասել, որ նոր որակի նշույլներ կան, քանի որ եթե ասենք առաջ կատարողին էին հայտնաբերում, պատժում, հետո անաղմուկ բաղ թողնում, ապա այսօր արդեն պատվիրատուին են հայտնաբերում, պատժում, հետո անաղմուկ բաց թողնում:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Monday, August 18, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment