Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե ռուսական զորքերի կողմից Գորի քաղաքին մերձակա արեւելք-արեւմուտք գլխավոր ավտոմայրուղու գրավմամբ իր երկիրը կիսվել է:
Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Սահակաշվիլին հայտնել է, որ ռուսաստանյան զորքերը հասել են կենտրոնական մայրուղուն եւ կտրել հաղորդակցությունը Վրաստանի արեւելքի եւ արեւմուտքի միջեւ:
Չնայած Վրաստանի տարածք մտնելու ծրագրերի բացակայության մասին ռուսական կողմի հավաստիացումներին` հաղորդվում է Գորի, Սենակի, Զուգդիդի եւ Կուրգա բնակավայրերի գրավման մասին:
Միխեիլ Սահակաշվիլիի տվյալներով` Ռուսաստանը Վրաստան է ուղարկել 20 հազար զինծառայող եւ 500 տանկ:
Աբխազիայի չճանաչված հանրապետության ուժերը այսօր առավոտյան նոր հարձակում են սկսել` վրացական զորքերին Կոդորի կիրճից դուրս մղելու նպատակով: Ռուսաստանյան աղբյուրները հաղորդում են այդ շրջանի ուժգին հրետակոծման եւ աբխազական ռազմական օդանավերի կողմից ռմբակոծման մասին:
Երկուշաբթի օրը ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ֆրանսիայի ներկայացրած բանաձեւի նախագիծը ռուս - վրացական հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ:
Չուրկինը լրագրողներին հայտարարել է, թե նախագիծը մշակվել է առանց ռուսական կողմի հետ խորհրդակցելու, եւ դրանից դուրս են մնացել մի շարք սկզբունքային հարցեր:
«Չկա Հարավային Օսիայում կատարվածի սկզբունքային որակում, չկա անդրադարձ վրացական կողմի ագրեսիային, չկա անդրադարձ մեր տեսած վայրագություններին: Դուք [թղթակիցը] նշում եք ռուսական ուժերի դուրսբերումը որպես բարի կամքի արտահայտություն: Դա որեւէ կապ չունի բարի կամքի հետ, դա կապ ունի Հարավային Օսիայի բնակիչների կյանքը փրկելու հետ», - ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը:
Երեք կետից բաղկացած ծրագիրը, որը առաջարկում է Ֆրանսիան, կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել, հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ վերադառնալ այն ստատուս քվոյին, որը գոյություն ուներ մինչեւ անցած շաբաթ, երբ վրացական զորքերը մտան Հարավային Օսիա:
Եվրամիությունում նախագահող երկրի` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր մեկնում է Մոսկվա, ուր հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ` ռուս - վրացական հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու նպատակով:
Մոսկվայում կայանալիք հանդիպմանը կհաջորդի մամուլի ասուլիս, ապա Սարկոզին կմեկնի Թբիլիսի` հանդիպելու Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:
Ռուս - վրացական հակամարտության առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը` «հրամայական» համարելով Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության հարգումը եւ կոչ անելով դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները տարածաշրջանում:
Monday, August 18, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment