Thursday, August 28, 2008

ՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ: ԴԱՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Ստորեւ ներկայացնում ենք Նյու Յորքում լույս տեսնող «Արմինյըն ռիփորթըր» անգլիատառ շաբաթաթերթի վաշինգտոնյան խմբագրի` Էմիլ Սանամյանի անձնական տեսակետներն ու մեկնաբանությունները հարավօսական պատերազմի վերաբերյալ: Թարգմանաբար ներկայացվող հոդվածը լույս է տեսել վերոնշյալ թերթի օգոստոսի 23-ի համարում եւ անդրադարձ է վրաց-օսական եւ վրաց-ռուսական վերջին առճակատումից հետո մեր տարածաշրջանում ստեղծված նոր իրադրության լույսի ներքո հին կամ մոռացված առաջնահերթություններին` հատկապես հայ-ադրբեջանական շարունակվող հակամարտության պայմաններում: Վրաստանի եւ Ռուսաստանի հովանավորությունը վայելող Հարավային Օսիայի միջեւ երկար ժամանակ առկախյալ վիճակը մի քանի ժամում վերածվեց իսկական պատերազմի եւ պատճառ դարձավ, որ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ, մեծ մասն օսեր, բայց նաեւ վրացի բանակայիններ, զոհվեն: Աշխարհի մյուս կեսը Ասիայի ծայրամասում` Չինաստանում հավաքված էր ներկա գտնվելու օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Այնտեղ էին տարբեր երկրների առաջնորդները, նրանց թվում նաեւ Մ. Նահանգների նախագահ Ջորջ Բուշն ու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը: Առաջինի «աչքի լույսը», իսկ երկրորդի «աչքի փուշը» հորջորջված Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ամերիկյան ստանդարտներով վերազինված բանակը մտցրեց Հարավային Օսիա: Դա տեղի ունեցավ մի քանի ժամ անց այն բանից, երբ Վրաստանի առաջնորդը հեռուստատեսային ուղերձով խոստացավ դադարեցնել Ցխինվալի ռմբակոծումները, որն ամբողջությամբ շրջապատված էր վրացական բանակի զորամիավորումներով: Դեպքերի հետագա ընթացքում բացահայտվեց, որ ամբողջ «օպերացիան» նախօրոք մշակված էր, եւ դրա նախաձեռնողները դժբախտաբար չէին կանխատեսել հետեւանքները: Ռուսաստանն ուժգին հակահարված տվեց: Եթե չլիներ դա, զոհերն անհամեմատ շատ կլինեին: Դեպքերի այս արագ ընթացքը, եւ ուժերի տարածաշրջանային հավասարակշռության մեջ տեղի ունեցած հստակ փոփոխությունը պահանջ են դնում շտապ վերանայել Երեւանի քաղաքականությունը: Դաս առաջին: Էթնիկական ատելության եւ գերարդիական զենքերի «կոմբինացիան» մահացու է: Միխեիլ Սաակաշվիլին Եվրոպայի եւ Մ. Նահանգների լավագույն կրթօջախներում է սովորել: Նա հստակ նշել է, որ Վրաստանը պետք է ընդգրկվի Եվրոպայի կազմում: Վրաստանն արդեն իսկ որդեգրել է Եվրոմիության դրոշը, եւ չնայած կաշառակերության ու ժողովրդավարության խախտումների քանակը չի նվազել, այդուհանդերձ պետք է նշել, որ զգալի առաջընթաց արձանագրել է: Դա էլ երեւի նախագահին ոգեւորել էր զանգվածային անխտրական ռմբակոծության ենթարկել Հարավային Օսիան, փորձել ոչնչացնել նրա փոքրիկ պաշտպանական բանակը, եւ 50 հազարից էլ պակաս էթնիկ բնակչությանը: Մյուս կողմից Ադրբեջանը, որն ավելի շատ փող ու ավելի մահացու զինամթերք ունի, այնքան էլ չի հետաքրքրվում արեւմտյան ժողովրդավարական «արժեքներով», բայց անընդհատ սպառնում է հարձակվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա: Կարողությունների եւ հայտարարված մտադրությունների այս զուգորդումն էլ անմիջական վտանգ է ներկայացնում Հայաստանին, վտանգ, որին պետք է ավելի լուրջ մոտենալ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում եւ գտնել հակադարձելու առավել արդյունավետ միջոցներ: «Տարածքային ամբողջականության» պահպանման կամ ուժային միջոցներով վրեժ լուծելու հետեւից ընկած հարեւան երկրի արագ եւ ջախջախիչ պարտությունը պետք է «սառը ցնցուղի» դերը կատարի Ադրբեջանի համար: Բայց հայերը չպետք է հույսը դնեն Ալիեւի «ռացիոնալ» դատողության վրա: Հակահայկական տրամադրությունները հաշվի առնելով, որոնք գերազանցում են օսերի, աբխազների կամ ռուսների հանդեպ վրացիների ունեցած «տրամադրությունները», չի բացառվում, որ, ինչպես Ռուսաստանի նախագահը բնորոշեց, հետագայում մի այլ «խելագար» (իմա` ադրբեջանցի առաջնորդ) կարիք զգա (հայի) «արյուն թափելու», անտեսելով երկրի այլ մտահոգություններն ու գործողության հետեւանքները: Դաս երկրորդ: Ճգնաժամին նախապատրաստվելն անհրաժեշտություն է: Շատ հայեր, հատկապես սփյուռքում, դեռեւս ապրում են հայրենիքին կամ իրենց կյանքին սպառնացող վտանգներից անտեղյակ կյանքով: Նույնիսկ «պրոֆեսիոնալ» մասնագետները, որոնց պետք է մտահոգի Հայաստանի անվտանգությունը, հարցին մոտենում են ասելով, թե Ադրբեջանը «չի համարձակվի», «բավականաչափ ուժեղ բանակ չունի» կամ` «Ռուսաստանն ու Մ. Նահանգները թույլ չեն տա»: Օսիայի վրա Վրաստանի հարձակումից հետո Հայաստանի կառավարությունը պարտավոր է մի շարք հստակ պատասխաններ ունենալ: ա) Ընդունելի՞ է արդյոք մի քանի ժամում ռիսկի ենթարկել հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդկանց կյանքը: Ադրբեջանը նման վնաս հասցնելու կարողությունն ունի: բ) Ի՞նչ է արվում դադարեցնելու զինամթերքի հոսքն Ադրբեջան: Ինչպես Վրաստանը, Ադրբեջանը նույնպես այդ զինամթերքը ստանում է հիմնականում Ուկրաինայից: գ) Հայաստանի կառավարությունը հստակորեն հասկացրե՞լ է Ադրբեջանին, որ նման հարձակման դեպքում ինքը` Ադրբեջանը կվճարի անհամեմատ ավելի մեծ գին: Ինչպե՞ս է դա արտահայտվել: դ) Ի՞նչ է արել Հայաստանի կառավարությունը` պատրաստելու բնակչությանը նման հնարավոր իրավիճակի համար: Սրճարաններում նստած, ծամոն ծամող կամ արեւածաղկի սերմերից օգտվող հայերը գիտե՞ն արդյոք մոտակա ապաստարանի տեղը: ե) Պահեստայինները վերջին անգամ ե՞րբ են վերաորակավորվել: Գիտե՞ն արդյոք որտեղ ներկայանալ պատերազմի պարագայում: Ճգնաժամերը պահանջում են ավելին, քան սոսկ անվտանգության միջոցների մշակումը: Պատերազմական մերօրյա գործողությունների արագ բնույթն ու հասարակական կարծիքի դերը քաղաքականության մեջ պարտավորեցնում են չսահմանափակվել միայն անվտանգության միջոցների մշակմամբ: Ճգնաժամին նախապատրաստվելը պետք է շարունակական եւ հետեւողական աշխատանք լինի: Ամերիկայի հայկական քարոզչական կազմակերպությունները պատրա՞ստ են նման աշխատանքների: Դաս երրորդ: Արտաքին երաշխավորությունն անընդունելի վտանգ է ներառում: Հիմնական պատճառը, որ վրացիներին հարձակվելու եւ անպատիժ մնալու հիմքեր էր տալիս, այն էր, որ 1991-92 թթ. հրադադարից հետո օսերը պետք է ռուս խաղաղապաշտպաններին զիջեին իրենց դիրքերը: Մինչեւ օգոստոսի 8-ի հարձակումները, այդ խաղաղարար ուժերը չկարողացան համապատասխան հակահարված տալ Վրաստանի շարունակական ոտնձգություններին եւ պաշտպանել օս բնակչության շահերը: Վերջիններս միշտ իրենց ուսերի վրա էին կրում հարվածը, որ հաճախ մարդկային եւ նյութական կորուստ էր պատճառում նրանց: Հայերն էլ են ունեցել այդ փորձառությունը, երբ 1980-ականների վերջերին խորհրդային «խաղաղարար» ուժերը պետք է «պաշտպանեին» հայ-ադրբեջանական սահմանը, իսկ 1991-ին էլ Մոսկվայի հրամանով հայերին սկսեցին վտարել Ղարաբաղից: Բայց սա միայն ռուսներին բնորոշ խնդիր չէ: Միավորված ազգերի կազմակերպության բազմաթիվ խաղաղարար գործողություններ վերջին տարիներին (սկսած Խորվաթիայից եւ Ռուանդայից մինչեւ Կոսովո եւ Սուդան) չեն կարողացել պատշաճ ձեւով պահպանել տեղի բնակչության վտանգված կյանքը: Պատճառն այն է, որ այդ ուժերն ուղարկող երկրներն ավելի մտահոգված են իրենց անձնական անվտանգության, քան օտար երկրներին «պաշտպանելու» խնդիրներով: Հայերը բախտավոր են, որ խաղաղապահ ուժերը իրադարձություններում չներգրավվեցին ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո: Հայկական զինված ուժերի մարտունակությունն ու ազատագրված տարածքները երկու հիմնական գրավականներն են մեր անվտանգության: Դաս չորրորդ: Անհրաժեշտ է շտապ «խաղաղության գործընթացի» մոտեցումը: Ազատագրված տարածքների հանձնումն օտարների (խաղաղարարների) պաշտպանությանը առանց հայ-ադրբեջանական հակամարտության հստակ ու վերջնական կարգավորման, ներառում է մահացու վտանգ հայերի համար: Դժբախտաբար, սա է, Քի Վեսթի պայմանագրի հնարավոր բացառությամբ, որ միջնորդներն անընդհատ առաջարկում են մեզ: Հստակ ու վերջնական կարգավորումը նշանակում է նոր սահմանների հաստատում երկու երկրների միջեւ եւ ապառազմականացման թափանցիկ գործընթաց: Ադրբեջանը ներկայումս պատրաստ չէ նման քայլերի գնալու եւ նախընտրում է երկարաձգել «ստատուս քվոն»: Բայց այս դեպքում նա չպետք է հույս ունենա հետ ստանալու ազատագրված տարածքները: Հայաստանի արտաքին քաղաքականության կենտրոնական շեշտադրումը պետք է լինի ոչ թե «փոխադարձ ընդունելի» պայմանների, այլ Օսիայի միջադեպի կրկնության բացառումը հավաստող միջոցների ամրագրումը: Վերջին տարիներին Ադրբեջանը սադրանքների քաղաքականություն է վարում` փորձելով հասկանալ Հայաստանի դիրքորոշումը, ճիշտ այնպես, ինչպես Վրաստանն էր վարում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ: Անհրաժեշտ է զարկ տալ միջազգային միջնորդական առաքելությանը, ստիպել Ադրբեջանին դուրս գալ չեզոք գոտիներից, որ վերջին տարիներին գրավել է եւ դրանով մոտեցել հայկական պաշտպանական գծերին, ամենայն խստությամբ կիրառել հրադադարի պայմանների խախտում թույլ չտալու 1995-ին ստորագրված պայմանագրի դրույթները, եւ վերջապես մշակել հակամարտության խաղաղ կարգավորման մի համաձայնագիր, որն ընդգրկի նաեւ ապառազմականացման դրույթներ: Ինչպես Ռուսաստանի նախկին դեսպան Վլադիմիր Կազիմիրովն ահազանգել է բազմիցս (վերջին անգամ ՍտեփանակերտումՆ 3 ամիս առաջ), վերը նշված դրույթներով խաղաղության գործընթացի վերանայված մոտեցումը Հայաստանի առաջնահերթ խնդիրը պետք է լինի: Դաս հինգերորդ: Տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվել է: Տարիներ շարունակ մերթ շփոթ, մերթ անտարբեր ու հակասական քաղաքականություն վարելուց հետո Ռուսաստանն ի վերջո վերականգնում է իր դիրքերը Կովկասում: Դա խորհրդային «հրեշը» չէ, որից մարդիկ պետք է վախենան, այլ բոլորովին նոր մի պետություն, որը փորձում է իր արտաքին քաղաքականությունը նմանեցնել Մ. Նահանգների արտաքին քաղաքականությանը: Ռուսական քարոզչությունն Օսիայի վերաբերյալ հար եւ նման է այն ամենին, ինչ ամերիկացիները տեսան Իրաքի պատերազմի օրերին: Ռուսները նույնիսկ գերազանցեցին ամերիկացիներին ջախջախիչ հարվածներ հասցնելով վրացական զինվորականությանը, որի կազմավորման համար ամերիկացի հարկատուները մեկ միլիարդ դոլարից ավելին էին ծախսել: Միացյալ Նահանգների «միաբեւեռ» գերիշխանության նկրտումները կարծես թե փուլ են գալիս: Բուշի վարչակազմը կորցնում է նաեւ Իրանի հետ հակամարտության իր դիրքերը: Իրանի հարեւանները, նույնիսկ նրանք, ովքեր Ամերիկայի կողմնակիցներն են, հրապարակայնորեն հայտարարել են, որ չեն մասնակցի հակաիրանական որեւէ միջոցառման: Նույնիսկ Իսրայելն առաջին անգամ սկսել է լիբանանյան «Հզբոլլահի» հետ ուղիղ կապ հաստատել եւ Թուրքիայի միջնորդությամբ վերսկսել բանակցությունները Սիրիայի հետ: Հայաստանն օգտվել է Միացյալ Նահանգների հետ իր հարաբերություններից: Բայց Ամերիկայի մասնակցությունն Օսիայի վրա Վրաստանի հարձակմանը նոր մտահոգիչ հարցեր է առաջացնում: Օգոստոսի 8-ին, երբ օսերին բնաջնջում էին վրացիները, պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը նրանց` օսերին էր մեղադրումՆ գործողությունները հրահրելու համար: Մինչեւ օրս հստակ մեղադրանքներ չեն հնչել Վրաստանի հասցեին:Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն ավելի երկար պատմություն ունեն: Եվ դրանք ավելի դրական են եղել: Բայց մտահոգիչ է, որ Ռուսաստանը բառացիորեն այժմ քանդում է վրացական պետությունը` Հայաստանի երկու հնագույն հարեւաններից մեկին: Այս դժվարին հանգամանքներում Հայաստանը փորձում է զգուշություն դրսեւորել: Նա պետք է ջանա ամեն կերպ նպաստել ռուս-վրացական հակամարտության նորմալացմանը, բայց դրանից առաջ պետք է դասեր քաղի ստեղծված ճգնաժամից հանուն իր ժողովրդի անվտանգության:

No comments: