Monday, August 25, 2008

ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՀՅՈՒՐՐԻՅԵԹ» ՕՐԱԹԵՐԹԻ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԶԳԱԼԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ԳՅՈՒԼԻ` ՀԱՅԱՍՏԱՆ ՄԵԿՆԵԼՈՒՆ

ԱՆԿԱՐԱ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել` պարզելու համար նրանց կարծիքը երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Հայաստան մեկնել-չմեկնելու վերաբերյալ: Հարցման մասնակիցների 36%-ի կարծիքով, Գյուլը պետք է մեկնի Հայաստան, իսկ 61,8%-ը հակված է հակառակ տեսակետին: Հարցման մասնակիցների 2%-ը որեւէ կարծիք չի հայտնել: «Հյուրրիյեթը», գրելով, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն, առայժմ որեւէ պաշտոնական որոշում չի ընդունվել Աբդուլլահ Գյուլի` Հայաստան մեկնելու կապակցությամբ, նշում է, որ Անկարայում Գյուլի` սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին դիտելու վերաբերյալ շրջանառվում է հիմնականում 4 տեսակետ` Գյուլը պետք է մեկնի Հայաստան, չպետք է մեկնի, նրա փոխարեն մեկ այլ պաշտոնատար անձ պետք է մեկնի, ոչ ոք չպետք է մեկնի: Ինչպես գրում է թերթը, առաջին տեսակետի կողմնակիցների կարծիքով, եթե նախագահ Գյուլը պատմության մեջ որպես առաջին թուրք առաջնորդ մեկնի Երեւան ֆուտբոլային հանդիպումը դիտելու, այս քայլը Հայոց ցեղասպանության հարցը օրակարգում պահող աշխարհի համար կլինի ուղերձ. «Ահա, սա է Թուրքիան` երկխոսության, հաշտեցման կողմնակից: Թուրքիան այնպիսի բարի նպատակներ ունեցող երկիր է, որ անգամ չի հրաժարվում ֆուտբոլային հանդիպմանը մասնակցել նախագահի մակարդակով»: Այս քայլը նաեւ անելանելի վիճակի մեջ կդնի Երեւանին եւ հայկական սփյուռքին` խնդիրների լուծման ժամանակ դառնալով շրջադարձային: Նրանք, ովքեր հակված են երկրորդ տեսակետին, համոզված են, որ Գյուլի` Հայաստան մեկնելը հետագայում հայկական սփյուռքը կարող է շահարկել, թե «թուրքերը ստիպված էին իրենց նախագահին Երեւան ուղարկել»: Սա միեւնույն ժամանակ Թուրքիայում կարող է ներքին քննադատության առարկա դառնալ. «Գնացինք, մեզ իզուր խղճուկ վիճակի մեջ գցեցինք: Հայերը երկխոսությանը հակառակ, դարձյալ աշխարհի բոլոր ծայրերում սա օգտագործելու են ցեղասպանության պնդումներն ավելի բարձր թմբկահարելու համար»: Երրորդ տեսակետի կողմնակիցների կարծիքով, Գյուլի փոխարեն Երեւան պետք է մեկնի արտգործնախարարը կամ որեւէ այլ նախարար` ցույց տալու համար, որ Թուրքիան երկխոսության համար բաց է եւ ունի բարի նպատակներ: Եթե Երեւան մեկնի օրինակ սպորտի կամ էկոնոմիկայի նախարարը, ապա դա առնվազն կարող է դիտվել որպես մի քայլ այդ ոլորտներում, ինչպես նաեւ` Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ծագած պատերազմի հանգուցալուծման համար վարչապետ Էրդողանի` Կովկասյան միություն ստեղծելու առաջարկին: Չորրորդ տեսակետին հակվածները պնդում են, որ ո'չ նախագահ Գյուլը, եւ ո'չ էլ որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյա չպետք է մեկնի Երեւան, քանի որ անգամ եթե դա դրական ընթացք ունենա, ապա այն ժամանակավոր բնույթ կկրի: Հետո ամեն ինչ նախկինի պես կընթանա, որովհետեւ հայերի նպատակը քաղաքական է:

No comments: