Սեւանի պաշտպանության նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ս.թ. օգոստոսի 21-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց հանցավոր մի որոշում, որով նախատեսվում է Սեւանա լճից ջրի բացթողումների ծավալն ավելացնել մինչեւ 360 մլն. խոր. մետր (նախորդ տարիներին օրենքով սահմանված 170 մլն. խոր. մետրի փոխարեն):
Անկախ գիտնականների կարծիքով Սեւանա լճից բացթողումների կրկնապատկումն անընդունելի է եւ վտանգավոր լճի համար: 2008թ. բնակլիմայական պայմաններն այնքան անբարենպաստ չեն եղել, որ նման նախաձեռնության անհրաժեշտություն ծագեր, իսկ ոռոգման ջրի պահանջարկի շահարկվող աճի վերաբերյալ չկան համապատասխան հիմնավորումներ:
Հերթական անգամ Հայաստանի իշխանություններն ապացուցում են իրենց ապազգային բնույթը...
Հերթական անգամ զոհաբերության սեղանին են դրվում հանրության սեփականություն հանդիսացող ռեսուրսները` հագուրդ տալով մի խումբ մարդկանց անձնական շահերին
Հերթական անգամ իրենց ազգային ձեւացնող քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունները, մասնավորապես` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դրսեւորում է անսկզբունքայնություն եւ մորթապաշտություն ...
Սեւանից ջրառի ծավալներն ավելացնելու իրական պատճառներն ակնհայտ են` իշխանությունները փորձում են ջրասույզ լինելուց փրկել մի խումբ օլիգարխների անօրինական կառույցները: Իսկ թե ինչպես եւ ում կողմից է օգտագործվում Սեւանա լճից հավելյալ վերցված ջուրը, կասկած է հարուցում:
Այսօր ավերվում են Սեւանա լիճն ու Թեղուտի անտառները, վաղը կվատնվեն Հայաստանի ողջ ընդերքը եւ կենսառեսուրսները, իսկ ուրանի նախատեսվող արդյունահանումը պարզապես կործանարար կդառնա երկրի համար:
20-րդ դարի սկիզբը հատկանշվեց
Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությամբ:
21-րդ դարը սկսվել է հայրենի
իշխանությունների կողմից իրականացվող սպիտակ ջարդով»:
Thursday, August 28, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment