Thursday, August 21, 2008

«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱԶԳ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Ազգի» ընթերցողներին ներկայացրել ենք «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում անցկացված «Սփյուռքահայ գրողների 4-րդ համահայկական համաժողովի» եւ «Ոսկե ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնի աշխատանքները: Օգոստոսի 18-ին փառատոնի մասնակիցները այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Վեհարանում նրանց հետ հանդիպեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ վեհափառ հայրապետը եւ օրհնության կարգից հետո իր խոսքում կարեւորեց ազգահավաք ձեռնարկը եւ մաղթեց, որ «Տերը ամենախնամ իր Աջով պահպանի աշխարհասփյուռ հայությանը, շնորհի բազում հաջողություններՆ առավել արդյունազարդելու հայ մշակույթը ձեր հավատավոր հոգու եւ մտքի արգասիքներով»:Այս տարվա ինքնագործ մշակութային փառատոնին մասնակցում են 16 երկրներից ժամանած շուրջ 1000 ներկայացուցիչներ: Ինչպես նախորդ փառատոներին, այս մեկին էլ ամենամեծ պատվիրակությունը ժամանել է ՌԴ (240), այնուհետեւ Վրաստանից (199) եւ Իրանից (172): Փառատոնին մասնակցում են նաեւ Լիբանանից, Թուրքիայից, Բելառուսից, Սիրիայից, Ղազախստանից, Հունգարիայից, Բուլղարիայից, ԱՄՆ-ից, Սերբիայից:Այս տարի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի առաջարկով փառատոնը փոխել է իր ձեւաչափը եւ հինգ ամիսների ընթացքում կկայանան տարբեր բնագավառների ներկայացուցիչների համատեղ համահայկական միջոցառումներ: Ինչպես տեղեկացրեցին հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանն ու գեղ. ղեկավար Արմեն Մանուկյանը, «Փառատոնը լավ հնարավորություն է շփման, իրարից սովորելու ու հայ մշակույթը օտար երկրներում սերունդներին փոխանցելու համար»: Փառատոնի շրջանակներում հանրապետության բոլոր մարզերում եւ Արցախում կանցկացվեն «Փառատոնի օր» միջոցառումների շարքը, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան մարզերի պատմամշակութային ժառանգությանը, բնակչության ապրելակերպին ու միջավայրին:Փառատոնի պաշտոնական բացումը կայացավ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ողջույնի ուղերձն էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ կարեւորելով նման փառատոնի անցկացումը, նշել էր. «Հայրենիքի եւ գաղթօջախների բոլոր տարբերություններով հանդերձՆ մեկ ազգի միասնական մշակույթի զարկերակը պետք է բաբախի համաչափ եւ զուգընթաց»: Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հարցերով կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը, կարեւորելով «մենքի» գաղափարը ու միասնության ամրապնդումը: Ողջույնի ուղերձ էր հղել ու հաջողություններ մաղթել նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը: 5-6 օրերի ընթացքում կընթանան 14-15 միջոցառումներ, որոնցից 10 մարզերում եւ Արցախում: Բացման ու փակման արարողություններից զատ Երեւանում օգոստոսի 22-ին, Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը կկայանա Ստամբուլի (Թուրքիա) «Լուսավորչի դպրաց դաս» երգչախմբի մենահամերգը, իսկ 21-ինՆ Ա. Խաչատրյանի անվ. համերգասրահում «Նվիրում» խորագիրը կրող դասական երաժշտության համերգը:Փառատոնի փակումը` Հանրապետության հրապարակում է կայանալու օգոստոսի 23-ին, ժամը 20-ին: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն պարուսույցների վարպետության եւ երգչախմբերի խմբավարների համար դասընթացներ հանրապետության ճանաչված արվեստագետներ Վանուշ Խանամիրյանի, Կարեն Գեւորգյանի, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի եւ այլոց ղեկավարությամբ: Պատվիրակության ղեկավարների հետ քննարկում կանցկացնի Հրանուշ Հակոբյանը, որի ընթացքում կմշակվեն Հայաստան-սփյուռք համագործակցության հետագա ծրագրերը: Իսկ երեկ առավոտյան փառատոնի մասնակիցները այցելեցին Ծիծեռնակաբերդ, մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը ու սպիտակ մեխակներով, ծնկած, օղակեցին անմար կրակը: Քիչ անց հիշատակի պուրակում տնկեցին մշտադալար եղեւնի ու ծանոթացան թանգարանի ցուցանմուշներին: Մաղթենք փառատոնին հաջողություններ, որը սկիզբ է առել դեռ 1999-ին ՀՀ մշակույթի նախարար Ռ. Շառոյանի նախաձեռնությամբ: Փառատոնն ընթանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի, ԱԳ նախարարությունների եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կողմից:

No comments: