Wednesday, September 24, 2008

ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ

«Ովքե՞ր պետք է պատասխան տան մեր սպանված զինվորների համար, զինդատախազությունից արդեն սպանված զինվորների արյան հոտ է գալիս, որովհետեւ ոչ մի սպանություն չի բացահայտվում եւ նրանց արյան հոտը զինդատախազությունից դուրս չի գալիս»,- այսօր կառավարության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց Վարդենիսի զորամասերից մեկում մահացած Տիգրան Օհանջանյանի հայրը: Որդեկորույս ծնողները, իրենց սպանված որդիների լուսանկարները պարզած, չգիտեն ո՞ւմ դիմեն եւ ումի՞ց պահանջեն արդարություն, քանի որ ողջ համակարգը, իրենց խոսքերով, կոռուպցիայի մեջ է թաղված: Այս տարվա մայիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի դիրքերում սպանված Անդրանիկ Հայրապետյանի մայրը չի հավատում, որ վերջինս մահացել է հակառակորդի գնդակից: «Եթե հակառակորդի գնդակից է մահացել, ուրեմն գործը պետք է կարճվեր, բայց 5 ամիս է նախաքննությունը չի ավարտվել»,- ասում է նրա մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը: Իսկ սպանված Գեղամ Սերգոյանի հայրը ասում է, որ որդու սպանության գործը, թեեւ 6 հատոր է եղել, սակայն վերջինիս տրամադրել են միայն 5 հատորը: Նա նաեւ նշեց, որ այս գործով դատական նիստը եղել է միայն մեկ անգամ՝ապրիլի 26-ին, որից հետո այն անժամանակ հետաձգվել է, սակայն նա այդ դատավարության հետ հույս չի կապում: Այս գործով մեղադրվում է մի լեյտենանտ, որը Գեղամ Սերգոյանի հոր՝ Ռոբերտ Միրզոյանի խոսքերով, ընդհանրապես կապ չի ունեցել իր որդու հետ: Կառավարության շենքի մյուս կողմում էլ հավաքվել էին իրացման գոտու բնակիչները եւ Դալմայի այգիների հողօգտագործողները: Այսօր նրանց քննարկման թեման Վճռաբեկ դատարանի նոր նշանակված նախագահն էր: Նրանց խոսքերով՝ նոր նախագահը մերժել է տասնյակ վճիռներ եւ նա, իրենց խոսքերով, «խարդախ է եւ ժողովրդի կողմից չէ»: Ինչպես նշեց «Սեփականության իրավունքի պաշտպանություն» ՀԿ նախագահ Վաչագան Հակոբյանը սեփականության իրավունքից զրկված 8 ընտանիքներ դիմել են դատարան, սակայն 3 գործ մերժվել է: Իսկ Դալմայի այգիների հողօգտագործողները ցանկանում են, որպեսզի ճանաչվի իրենց սեփականության իրավունքը, քանի որ 10 տարուց ավել է` մշակում են հողը:

No comments: