Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն ուսումնասիրող հասարակական հանձնախումբը սեպտեմբերի 10-ին հրապարակեց մի վավերագրական ֆիլմ, որում տեղ գտած տեսանյութերը թերեւս արժե առանձին-առանձին վերլուծել:
Մասնավորապես, այդ ֆիլմում առկա են կադրեր, որոնցում պատկերված են ինչ-որ երիտասարդների ձերբակալության տեսարաններ: Ավելին, այդ տեսարանները հեռուստաընկերություններին տրամադրել է ՀՀ ոստիկանությունը: Կարող ենք ասել, որ այդ կադրերի ուսումնասիրությունից հետո մի հրեշավոր իրողություն է բացահայտվում, որը Հայաստանի իշխանությունները ամեն կերպ փորձում են թաքցնել:
կադր առաջին
Մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող տեսարաններից մեկում ինչ-որ պատի տակ շարված կամ, ավելի ճիշտ, ծնկի են բերված մի խումբ երիտասարդներ: Ենթադրվում է, որ դա այն տեսարաններից է, թե ինչպես են ոստիկանները մարտի 1-ի` լույս 2-ի գիշերը Մյասնիկյանի արձանի մոտի ցույցի մասնակիցներին ձերբակալել: Կադրում ակնհայտ երեւում է, որ երիտասարդների թիկունքի պատն արյունոտ է: Ավելին, ակնհայտ է, որ արյունն այս դեպքում քսվելու հետեւանք չէ: Այսինքն` արյան բծերը չեն առաջացել վիրավոր անձանց շփման արդյունքում: Արյան նման բծերը կարող էին հայտնվել պատի դիմաց մարդ գնդակահարելու դեպքում կամ սուր կտրող գործիքով այդտեղ կանգնած մարդուն ծանր վնասվածք պատճառելու հետեւանքով: Այս տեսարանը տեղ է գտել մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից հեռուստաընկերություններին տրամադրած տեսանյութում: Սակայն, ինչպես հետագայում է պարզվել, այս նույն տեսարանը կրկնակի է նկարահանվել:
կադր երկրորդ
Այս կադրում պատկերված են նույն ձերբակալության տեսարանները, բայց մի փոքր «սրբագրությամբ»` ծնկի բերված երիտասարդների թիկունքի պատը արյունից մաքրված է: Ավելին, կադրերից ակնհայտ երեւում է, որ պատը նոր լվացված է: Այս կադրերը նույնությամբ կրկնում են առաջինի տեսարանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մեկը առաջին կադրերից դժգոհ է եղել եւ նորն է նկարահանել, իհարկե` մինչեւ այդ հրահանգելով մաքրել արյունոտ պատը, կամ ուղղակի տեսանյութի կադրերը մոնտաժվել են, եւ դրանցում պատը մաքրվել է: Այս երկու տարբերակներից թերեւս առաջինն է իրատեսական` նույն տեսարանը կրկնակի է նկարահանվել է: Բանն այն է, որ «մաքուր պատով» կադրերում մի դետալ է ավելացել: Երիտասարդներից մեկի մոտ չգիտես որտեղից մետաղական ինչ-որ ձող է հայտնվել, որը հաջորդ պահին նրա մոտից վերցնում են: Այս տեսարանում տեղ գտած մնացած բոլոր դետալները` ինչ-որ շշեր` լաթի կտորները ծայրերին, պատի վրա գցված լաթի կտորներ, հյութի պոլիէթիլենային շիշ եւ այսպես շարունակ, նույնությամբ կրկնում են առաջին` արյունոտ պատով տեսարանի կադրերը: Ակնհայտ է, որ երկրորդ տեսարանը նկարահանողները չեն կանխատեսել, որ արյունոտ պատի կադրերը կարող են հրապարակվել, եւ իրենց կեղծիքը կարող է բացահայտվել: Իսկ երիտասարդի մոտ դրված, այնուհետեւ նրա ձեռքից վերցվող մետաղյա փայլուն ձողը անհրաժեշտ է եղել, որպեսզի այդպիսով տպավորություն ստեղծեն, թե իբր տեսեք, որ մարդիկ ձողերով զինված են եղել: Իհարկե, այս դեպքում հարց է ծագում. երբ մարդկանց ձերբակալել են եւ պատի տակ ծնկի բերել, այդ ինչպե՞ս է ստացվել, որ նրանց մոտ մետաղյա ձող է մնացել, ինչո՞ւ այն մինչեւ այդ նրա ձեռքից չեն խլել: Սակայն մեր այս նյութում նման մանր խնդիրների վրա չենք ցանկանում կենտրոնանալ: Տվյալ ձողը կարեւոր է, քանի որ ապացուցում է, որ ժողովրդի սպանդ կազմակերպած անձինք ինչ-որ դետեկտիվներ` են նկարահանել եւ հետագայում դրանք որպես պաշտոնական տեղեկատվություն ներկայացրել են Հայաստանի հանրությանը:
կադր երրորդ
Մեր կողմից կատարված լուսանկարում պատկերված է այն պատը, որի մոտ նկարահանվել են վերը նշված երկու տեսարանները: Սպանդի վայր դարձած այս պատը ֆրանսիական դեսպանատան պատն է` Սունդուկյանի անվան թատրոն չհասած մասում: Այս պատը ուսումնասիրելիս ակնհայտ է, որ մի քանի մասում այն կոսմետիկ նորոգման է ենթարկվել եւ «շուշաթղթվել»: Իսկ թե այդ նորոգումների արդյունքում ինչ հետքեր են թաքցվել, կարծում ենք` արդեն պարզ է բոլորին:
կադր չորրորդ
Ֆրանսիական դեսպանատան եւ Սունդուկյանի անվան թատրոնի մեջտեղով դեպի Անգլիական այգի տանող հատվածում դեսպանատան պատի վրա առկա հետքը թերեւս կարեւոր եւ ուսումնասիրության արժանի մի փաստ է: Պատի բազալտե երեսապատման սալիկի վրա նման հետք կարող էր մնալ միայն հրազենի գնդակի հարվածից հետո կամ սրածայր մետաղական գործիքով ուժեղ հարված հասցնելու դեպքում:
Ավելին, ակնհայտ է, որ այդ հետքը թարմ է: Պատի այդ մասը արյունոտ պատի շարունակությունն է եւ գտնվում է դեպի Անգլիական այգի տանող մասում: Պատի այդ մասի դիմացը առկա է ծաղկի գազոն: Այն պատված է սաղարթով, որը ծածկում է պատը: Այսինքն` մետաղական գործիքով նման հետք թողնելու համար ինչ-որ մեկը պետք է ձեռքը գործիք վերցներ, անցներ գազոնով եւ մոտենար ու հատուկ անկյան տակ հարվածեր պատին: Ձեռքով կամ այլ կերպ հարվածելով` նման հետք պատի վրա թողնելը, մեղմ ասած, բարդ գործ է, քանի որ առավել հավանական է, որ քարից կտոր կպոկվեր: Ինչեւէ, հետքի իրական ծագումը կարող է պարզվել փորձաքննությամբ: Սակայն որպեսզի փորձաքննության արդյունքները հավատ ներշնչեն, հասարակությունը պետք է համոզված լինի, որ դրանով զբաղվող անձանց նպատակը իսկապես մարդասպաններին եւ հանցագործներին բացահայտելն է: Իսկ մարտի 1-ի քրեական գործի քննության ընթացքում ՀՀ հանրությունը բազմաթիվ անգամ համոզվեց, որ ՀՀ իրավապահների դիրքերից հանդես եկող մի շարք պաշտոնյաներ իրականում զբաղված են մարտի 1-ի սպանդի հետքերը քողարկելով եւ փորձում են կեղծ մեղադրանքներով տեղի ունեցածի մեղքը բարդել անմեղ մարդկանց` իրականում մարդասպան հանցագործներից տուժած քաղաքացիների եւ քաղաքական գործիչների վրա:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ.
Wednesday, September 24, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment