Wednesday, September 24, 2008

«ՍԻՐԵՔ ԱՏՈՂՆԵՐԻՆ»

«Եթե ես Լեւոնի տեղը լինեի, կգնայի, Սերժի կնոջ հետ կխոսեի, կասեի, որ նախագահ լինելը շատ բարդ գործ է, օրերով մարդուդ երեսը չես տեսնի, ամբողջ օրը միտինգներ, հանդիպումներ»,- Տեր-Պետրոսյանին նախագահ ընտրվելու տարբերակ է առաջարկում դերասան Վարդան Պետրոսյանն իր «Սեր եւ ատելություն» ներկայացման միջոցով: Ներկայացումը հագեցած է քաղաքականությամբ. դերասանը հրաշալի նմանակում է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին` ընդգծելով նրանց թերությունները: Ի դեպ, դերասանը նշեց, որ առաջին եւ երկրորդ նախագահների կանայք իրեն սիրում են, քանի որ եւ Բելլա Քոչարյանը եւ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը ներկա են եղել նրա ներկայացումներին: Ըստ Վարդան Պետրոսյանի` հայ տղամարդիկ վախենում են խոստովանել, թե ընտրություններին Տեր-Պետրոսյանին են ընտրել եւ հարցնողներին տալիս են մեկ անուն` «Սերժ», իսկ հայ կանայք «ընտրում են տղամարդավարի»: Դերասանի կարծիքով` քաղաքականությունը ոչ միայն ներխուժել է հեռավոր գյուղեր, այլ անգամ ամուսինների բաժանման պատճառ է դարձել: «Ես չեմ հասկանում` մարդ ինչքան կարող է սիրել Լեւոնին ու Սերժին, որ նրանց պատճառով կնոջից բաժանվի»,- ասում է Վարդան Պետրոսյանը: Մատնանշելով հանրապետության նախագահների թերությունները` դերասանը չի ցանկանում ատելություն սերմանել նրանց նկատմամբ, քանի որ «Սեր եւ ատելություն» ներկայացման նպատակը մարդկանց սեր քարոզելն է, սեր ամբողջ հայության եւ անգամ «ատողների նկատմամբ»: Վարդան Պետրոսյանը շուրջ 2 ժամ միայնակ էր բեմում. նա երգում էր, պարում, նմանակում, ծաղրում, անկեղծանում եւ անվերջ սեր քարոզում: Դժվար էր կռահել` նա խաղո՞ւմ է, թե՞ անկեղծ զրուցում: Դահլիճն էլ, ինչպես դերասանի բոլոր ներկայացումներին, լեփ-լեցուն էր հանդիսատեսներով, որոնք ներկայացումից հետո մի քանի րոպե անընդմեջ հոտընկայս ծափահարում էին:

No comments: