Saturday, October 18, 2008

ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՆ ՈՒ ԷԼԻ 1-2 ՀԱՐՑ, ԸՍՏ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻ, ՄՆՈՒՄ ԵՆ ՉՈՐՈՇՎԱԾ

«Հայաստանն, ըստ էության, շրջափակված է ղարաբաղյան հակամարտության պատճառով», «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հայաստանը արտաքին աշխարհի հետ շփման հարցում մեծ դժվարություններ ունի: Հայ ժողովրդի արմատական շահերից է բխում այդ իրավիճակը հնարավորինս արագ ապաշրջափակելը», գտնում է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Աշխարհագրական ու քաղաքական ելքերը Հայաստանի համար, Լավրովի մատուցմամբ, իրականում շատ չեն: «Հենց ղարաբաղյան կարգավորումը դառնա փաստ, Թուրքիան պատրաստ կլինի օգնել Հայաստանին նորմալ կապեր հաստատելու արտաքին աշխարհի հետ` Անկարայի եւ Երեւանի միջեւ պաշտոնական, դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով»: Ամեն դեպքում, Լավրովի ներկայացմամբ, դեռեւս մինչեւ կովկասյան ճգնաժամը, որ տվյալ դեպքում ենթադրում է օգոստոսյան իրադարձությունները Հարավային Օսիայի գոտում, լավ հնարավորություն էր ստեղծվել առաջընթաց ունենալու ղարաբաղյան կարգավորման մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղղակի հանդիպումների միջոցով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական աջակցությամբ: «Մշակվել էր բովանդակալից փաստաթուղթ, որ նկարագրում էր կարգավորման փաստացի բոլոր սկզբունքներն ու մեխանիզմները», գտնում է ՌԴ արտգործնախարարը:Ըստ Լավրովի, դեռեւս որոշված չեն 2-3 հարց, որոնք ենթակա են համաձայնեցման Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումներում, իսկ այդպիսիք կլինեն Ադրբեջանում նախագահական սպասվող ընտրություններից հետո: Չորոշված հարցերի առնչությամբ Լավրովը մանրամասնել է. «Ամենից առաջ խոսքը Լաչինի միջանցքի մասին է: Մեր տպավորությունը, որպես միջնորդներից մեկի, այն է, որ լուծումը լիովին իրական է: Բնականաբար, այդ հարցի լուծումը մնում է Հայաստանին եւ Ադրբեջանին ուղիղ պայմանավորվածությունների շրջանակում, իսկ միջնորդները, որ հասկանում են այդ գործընթացի բոլոր նրբություններն ու զգայականությունը, տեսնում են այդ լուծման հնարավորությունը... »: Լավրովի խոսքով, օգոստոսյան իրադարձությունների ընթացքում Հայաստանի կրած դժվարությունները, հատկապես բեռնափոխադրումների հարցում, վկայում են, որ ղարաբաղյան հարցը պետք է հնարավորինս արագ կարգավորվի:

No comments: