Tuesday, October 14, 2008

ԱՇԽԱՀԻ ՀԵՏ՝ ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅԱՄԲ

2008թ. սեպտեմբերի 17-22-ը, Հայաստանի ժուռնալիստների միության հրավերով, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում, Ծաղկաձորում կայացավ Համահայկական լրատվամիջոցների ղեկավարների 4-րդ համաժողովը, ուր աշխարհի տարբեր ծայրերից ի մի եկած հայ խմբագիրներն իրար հետ կիսեցին իրենց մտահոգություններն ու հուզումները: Համաժողովին, որն անցկացավ «Աշխահի հետ՝ մեր ինքնությամբ» կարգախոսով, իրենց ուղերձներն էին հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը: Հայ մամուլի ղեկավարները, համաժողովի օրերի ընթացքում, հանդիպում ունեցան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ, իսկ Սեպտեմբերի 21-ին հրավիրված էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում կազմակերպած ընդունելությանը: Համաժողովում իրանահայ մամուլը ներկայացնում էին «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը, «Ալիք» օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանը, «Յոյս» երկշաբաթաթերթի խմբագիր Ռոբերտ Սաֆարյանը, «Պայման» եռամսյայի խմբագիր Արմինե Առաքելյանը եւ լույս պարբերաթերթից Ռուբիկ Սարդարյանը: Հանդիպումները եւ երթուդարձերը շատ ժամ խլեցին համաժողովից, այդ պատճառով էլ մեր մամուլի գործիչները պարտավորվեցին ավելի խտացված ներկայացնել իրենց զեկուցումները: Այդուհանդերձ, ինչ-որ կերպ, նրանք լրացրին իրար եւ իրենց գործընկերներին ծանոթացրին իրանահայ մամուլի հետ: Մեր խմբագիրները նաեւ իրենց հուզող հարցերն ու խնդիրները հակիրճ կերպով ներկայացրին համաժողովին եւ իրենց դերն ունեցան բանաձեւի պատրաստման մեջ: Թերթիս խմբագիրն իր ելույթում ի միջի այլոց ասաց. «Մեր՝ մամուլի գործիչներիս, համար, կարծում եմ, պետք է հավատամք լինի Պարույր Սեւակի հետեւյալ տողերը. Ո՛չ միայն գիտեմ, Ես հավատո՜ւմ եմ, Որ անհնար է արեւը բանտել… Այսինքն, մենք պարտականություն ունենք իրականությունները բացել մեր ազգի, ժողովրդի եւ համայնքի աչքի առջեւ: Սա է մեր հիմնական առաքելությունը»: «Մենք նաեւ պիտի հասկանանք, որ ոչ թե իրար հակռակորդներ, այլ պարզ ընդիմադիրներ ենք, որ հարցերին նայում ենք տարբեր ակնոցներով եւ դա մեր՝ մեկ առ մեկիս իրավունքն է»,- հավելեց Մ. Քեշիշյանը: Համաժողովն իր ավարտին հրապարակեց մի բանաձեւ, որում ի միջի այլոց շեշտվում է. - Համաժողովը առաջնային է համարում հայոց պետականության հետագա ամրապնդման եւ զարգացման համար համահայկական ազգային գաղափարախոսության պարզաբանումն ու պրոպագանդումը, երրորդ հազարամյակում հայ ազգային քաղաքակրթության ձեւի, աշխարհում նրա տեղի ու դերի նշանակության կարեորումը: - Ազգային ինքնության դրսեւորումը եւ ազգային արժեքները համաշխարհային նոր որակների վերածելու համար հայապահպանման գերխնդիրը հայաշխարհի, հայոց պետականության մերօրյա մարտահրավերն է եւ գոյության երաշխիքը: - Հայալեզու եւ օտարալեզու հայ մամուլը իր ամենօրյա գործունեության կարեւորագույն խնդիրն է համարում 1915թ. Հայոց Մեծ Եղեռնը որպես համաշխարհային քաղաքակրթության նորագույն պատմության համամարդկային մեծագույն աղետի՝ որպես Ցեղասպանության ճանաչման, հայ ժողովրդի պահանջատիրության արդարացիության հիմնավոր մեկնաբանման համար միջազգային հասարակական կարծիքի ձեւավորումը՝ ողջ աշխարհում: - Աշխարհասփյուռ հայ մամուլը դեռեւս լուրջ անելիքներ ունի Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծման, միջազգային իրավական նորմերի հիման վրա Արցախի ժողովրդի արդարացի ինքնորոշման իրավունքի պատմական հիմնավորման ու պարզաբանման ուղղությամբ: - Հայ մամուլը իր բազմադարյան փորձով ու հեղինակությամբ մեծ ներուժ եւ լավագույն ավանդույթներ ունի ազգային, կրթական, մշակութային, համայնքային, նոր սերնդի դաստիարակության համահայկական բազում խնդիրների լուծման գործընթացների կազմակերպման խրախուսման եւ աջակցության ուղղությամբ: - Հայ մամուլի ներկայացուցիչները գիտակցում են մայրենի լեզվի անաղարտության, ազգային մշակույթի ժողովրդական ավանդույթների պահպանման, հայ ժողովրդի պատմական անցյալի, նրա հետ կապված վիճահարույց հարցերի անաչառ մեկնաբանման գործում մամուլի տեղի եւ դերի ողջ պատասխանատվությունը: - Համաժողովը նշում է, որ ազգային բոլոր հիմնահարցերի ու խնդիրների լուծման ուղղությամբ հայ մամուլի կենսագործունեության համար անչափ կարեւոր է միասնական հայկական տեղեկատվական դաշտի, համահայկական տպագիր եւ էլեկտրոնային պարբերականի, համահայկական մամուլի էլեկտրոնային շտեմարանի, տեղեկատվական հայալեզու տեխնոլոգիաների ստեղծումը, երիտասարդ կադրերի պատրաստումը, թափանցիկ լրատվության, բազմակարծության եւ հանդուրժողականության, պետական, քաղաքական եւ հասարակական կառուցողական վերաբերմունքի ապահովումը՝ համայն հայության հայրենիքում՝ Հայաստանում: - Հայ մամուլի ղեկավարները լի են վճռականությամբ՝ համաժողովը շարունակական գործընթացի վերածելու համար:

No comments: