Tuesday, October 14, 2008

ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՎԱՐԺԱՆՔ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Հայաստան կատարած այցը ներկայացվում է որպես Հայաստանի դիվանագիտական հաղթանակ: Արտասահմանի, հատկապես ռուսական շատ լրատվամիջոցներ հենց այդպես էլ գրել են, որ ֆուտբոլով Հայաստանը պարտվեց, բայց հաղթեց դիվանագիտությամբ: Թե ինչու են այդպես գրում ռուսական լրատվամիջոցները, կամ նաեւ եվրոպական, երեւի թե միայն իրենց է հայտնի: Համենայն դեպս այն, ինչ այցի ընթացքում տեղի ունեցավ հրապարակային հարթության վրա, որեւէ հիմք չի տալիս խոսել Հայաստանի դիվանագիտական հաղթանակի մասին: Բանն այն է, որ ինքնին միայն այցը ամենեւին էլ դիվանագիտական հաղթանակ չէ: Թեեւ իհարկե, ամեն ինչ կախված է խնդրից, որ հայկական կողմը դրել էր իր առաջ: Ինչ խնդիր էր հետապնդում Հայաստանը Գյուլին հրավիրելով: Եթե նպատակը հայ-թուրքական հարաբերության կարգավորումն էր, ապա այցը, դրա ընթացքում եւ դրանից հետո հնչած հայտարարություններն այդքան էլ լավատեսության հիմք չեն, թե այդ հարաբերությունը կսկսի կարգավորվել: Օրինակ, Աբդուլլահ Գյուլը թուրք լրագրողներին ասել է, թե հայ-թուրքական սահմանի եւ ցեղասպանության հարց չեն քննարկել, փոխարենը քննարկել են Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարց: Մինչդեռ այդ հայտարարությունը վկայում է ոչ թե Հայաստանի դիվանագիտական հաղթանակի, այլ նույնիսկ պարտության մասին: Բանն այն է, որ Հայաստանը Թուրքիայի հետ չէ Ղարաբաղի հակամարտության մեջ, այլ Ադրբեջանի: Թուրքիան նաեւ չկա միջնորդական առաքելության մեջ: Հետեւաբար, երբ հայ-թուրքական բարձր մակարդակի այդ աննախադեպ հանդիպմանը քննարկվում է Ղարաբաղի հարցը, դա նշանակում է, որ հայկական կողմին չի հաջողվել իր օրակարգը թելադրել թուրքական պատվիրակությանը: Իսկ դիվանագիտությունը, դա հրավերները չեն, այլ քննարկվող հարցերի օրակարգը: Փաստացի, Գյուլի հայտարարությունից ստացվում է, որ Թուրքիան է թելադրել հայ-թուրքական հանդիպման օրակարգը, թե Ղարաբաղի հարցի, թե Կովկասի անվտանգության Ալյանսի առումով: Ավելին, ստացվում է, որ Թուրքիան շարունակում է Ղարաբաղի հակամարտությունը դիտել որպես հայ-թուրքական հարաբերության կարգավորման նախապայման: Այլապես գոնե մի քիչ էլ կքննարկվեր հայ-թուրքական սահմանի բացման հարցը: Ցեղասպանության պարագայում գուցե երկու կողմին էլ ձեռնտու է հարցը չշոշափելը, քանի որ դա հենց սկզբից կարող էր հայ-թուրքական բանակցությունը տանել փակուղի: Իսկ կարող էր արդյոք հայ-թուրքական բարձր մակարդակի հանդիպումն ունենալ այլ նպատակ: Իհարկե կարող էր: Ասենք երկու երկրների նախագահներն իրար հետ հանդիպելով ոչ այնքան հայ-թուրքական հարցով էին մտահոգ, այլ իրենց արտաքին քաղաքականությամբ: Սերժ Սարգսյանը գուցե իր հրավերով էր ինչ որ ժեստ անում արտաքին աշխարհին, իր արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ ունեցած իր խնդիրները լուծելու մտահոգությամբ, իսկ Գյուլն էլ իր խնդիրները լուծելու համար իր ժեստն էր անում աշխարհին` ընդունելով Սերժ Սարգսյանի հրավերը: Այդ նպատակի պարագայում, սակայն, կրկին դժվար է խոսել Հայաստանի հաղթանակի մասին, քանի որ փաստացի երկու կողմն էլ լուծում են իրենց առաջ դրած խնդիրը, աշխարհին ինչ որ ժեստ անելու առումով: Հնարավոր է, որ հայ-թուրքական այդ հանդիպման հետ կապված թե նախորդող, թե ուղեկցող, թե նաեւ հաջորդող հայտարարությունները ընդամենը ծածկում էին բուն հանդիպման իրական թեման, իրապես շոշափվելիք հարցերը, դրանց բովանդակությունը: Այսինքն, հայտարարություններն ընդամենը քողն էին այն խոսակցության, որ ունեցել են Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը: Հնարավոր է նաեւ, որ ոչ մի էական խոսակցություն էլ չի եղել եւ Աբդուլլահ Գյուլի այցը ամենեւին էլ չէր կարող լինել Հայաստանի կամ Թուրքիայի դիվանագիտական հաղթանակ, որովհետեւ, եթե հանդիպումը բնորոշենք մարզական տերմինաբանությամբ, ինչը անում էին շատ-շատերը, ելնելով այն փաստից, որ Սարգսյան-Գյուլ հանդիպման առիթը ֆուտբոլն էր, ապա կարող ենք ասել, որ հանդիպման ելքի մասին գնահատականները թերեւս անիրատեսական են, քանի որ տեղի ունեցածն ընդամենը նախավարժանք էր, որ իրականացրին երկու կողմերը: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: