Sunday, October 5, 2008

Ընդդիմությունն անցկացրեց հանրահավաքը Հյուսիսային պողոտայում

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ», Ռ/Կ. 29.09.08: Ընդդիմությունը այսօր անցկացրեց իր նախատեսած հանրահավաքը Երեւանի Հյուսիսային պողոտայում` ի պաշտպանություն Կենտրոն համայնքի թաղապետի թեկնածու, Հայոց համազգային շարժման նախագահ Արարատ Զուրաբյանի: Հանրահավաքին մասնակցում էր եւ ելույթ ունեցավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով Կենտրոնի բնակիչներին կոչ արեց միահամուռ կերպով մասնակցել կիրակի օրվա ընտրություններին եւ կողմ քվեարկել Արարատ Զուրաբյանին, «որովհետեւ Արարատ Զուրաբյանի հաղթանակը համաժողովրդական շարժման հաղթանակն է, Հայ ազգային կոնգրեսի հաղթանակն է, մեր ողջ ժողովրդի հաղթանակն է»: «Երկրորդ կոչս. թախանձում եմ, պահանջում` գիտակցել եւ զանգվածաբար անդամագրվել Հայ ազգային կոնգրեսին, որովհետեւ դա է մեր պետության առողջ ապավենը», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը` շարունակելով. - «Եվ երրորդ կոչը. խնդրում եմ, թախանձում, պահանջում` հոկտեմբերի 17-ին հարյուր հազարներով մասնակցել մեր հանրահավաքին, որտեղ ես տակտիկական գաղտնիքներ չեմ բացահայտի, բայց ազնվաբար, անկեղծորեն ձեզ կներկայացնեմ մեր հետագա պայքարի ստրատեգիան` ոչինչ չթաքցնելով ձեզանից»: Ելույթ ունեցան նաեւ ընդդիմադիր այլ գործիչներ: Չնայած հանրահավաքը արտոնված չէր, այն իրավապահների կողմից չխոչընդոտվեց: Ոստիկանական ուժերի զգալի մասը տեղակայվել էր Օպերային հարող տարածքի շինհրապարակում եւ հանգիստ հետեւում էր բազմությանը: Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը չորեքշաբթի օրը կայացած ասուլիսում հայտարարել էր, թե «այլեւս չի հանդուրժելու չարտոնված հանրահավաքները»: Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, հաստատակամ էին հանրահավաքը անցկացնելու իրենց որոշման մեջ եւ պնդում էին, որ ոստիկանությունը իրավունք չունի բռնությամբ խոչընդոտել, եթե անգամ միջոցառումը արտոնված չէ: ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՐԵՔ ԿՈՉԸ Սեպտեմբերի 26-ին Հյուսիսային պողոտայում կայացավ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացրած Երեւանի կենտրոն համայնքի թաղապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի նախընտրական հանդիպում-հանրահավաքը իր ընտրողների հետ, որին մասնակցում էր մի քանի հազար քաղաքացի, ովքեր ամբողջությամբ զբաղեցրել էին Հյուսիսային պողոտայի փոքրիկ հրապարակն ու հարակից մասերը: Հյուսիսային պողոտան իր ելույթի ընթացքում Ազատության պողոտա վերանվանեց Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ասելով, որ իշխանությունը փակելով Ազատության հրապարակը, անկարող է փակել ժողովրդի ազատատենչ ոգու եւ կամքի ճանապարհը: Դավիթ Շահնազարյանի խոսքով, աշխարհաքաղաքական իրավիճակը ժամանակավորապես ոչ նպատակահարմար է դարձրել ընդդիմության պայքարի ակտիվ գործողությունները, սակայն դա չի նշանակում, թե պայքարն ընդհատվել է կամ Շարժումը մարել: Իսկ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ երկրում անպայման լինելու է իշխանափոխություն` ճիշտ օրը, ճիշտ տեղում եւ ճիշտ ձեւով: Հանրահավաքին կեսից միացել էր եւ ելույթ ունեցավ նաեւ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով սակայն կարճ խոսեց, եւ ասելով, թե դա ոչ թե կոնգրեսի հանրահավաքն է, այլ Արարատ Զուրաբյանի նախընտրական հանդիպումն ընտրողների հետ, խոսեց միայն այդ թեմայով, շրջանցելով համաժողովրդական Շարժման վերաբերյալ թեմաները: Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ մասին խոստացավ խոսել հոկտեմբերի 17-ի հանրահավաքում, ասելով, որ կոնգրեսի թեմաները շոշափվում են կոնգրեսի հանրահավաքային շարժմանը: Իսկ քանի որ հավաքը նախընտրական հանդիպում ձեւաչափով էր, Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել է, թե ինքն էլ դրան մասնակցում է որպես Կենտրոնի բնակիչ: Առաջին նախագահը նշել է, թե ինքը մի քիչ երկընտրանքի մեջ էր թաղապետի թեկնածուների միջեւ ընտրության հարցում, բայց մասնակցելով հավաքին եւ տեսնելով ժողովրդի վճռականությունը, որոշում կայացրեց ձայնը տալ Արարատ Զուրաբյանին: Հետո նշելով, որ դա կատակ էր, Լեւոն Տեր-Պետրոսյանը լրջորեն ասել է, որ պետական կյանքում ամեն ընտրություն կարեւոր է, հետեւաբար Կենտրոն համայնքի ընտրությունն էլ կարեւոր է համաժողովրդական Շարժման համար: Ի դեպ, դա ասում էին նաեւ բոլոր ելույթ ունեցողները, այդ թվում ինքը` թեկնածու Արարատ Զուրաբյանը, ով հայտարարեց, թե իր հաղթանակը լինելու է ժողովրդի հաղթանակը, իսկ ընտրվելուց հետո բնակիչների ընդունելություն նա կազմակերպելու է հենց այդ` Հյուսիսային-Ազատության պողոտայում: Իսկ Լեվոն Տեր-Պետրոսյանը, ավարտելով իր կարճ խոսքը, հավաքվածներին դիմեց երեք կոչով` միահամուռ մասնակցել սեպտեմբերի 28-ի ընտրությանը եւ քվեարկել Արարատ Զուրաբյանի օգտին, ակտիվ անդամագրվել Կոնգրեսին, որովհետեւ դա է հանրապետության առողջ սերուցքը, եւ հարյուր հազարներով մասնակցել հոկտեմբերի 17-ի հանրահավաքին: Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի մասնակցության առումով ասաց, թե թախանձագին խնդրում է եւ պահանջում մասնակցել հարյուր հազարներով: Նա հայտարարեց, որ այդ օրն ինքը իհարկե տակտիկական բացահայտումներ չի անի, սակայն ազնվաբար խոստացավ, որ կանդրադառնա ընդդիմության հետագա ստրատեգիային: Դրանով հանրահավաքը ավարտվեց, թաղապետի թեկնածուն բարի գիշեր մաղթեց ընտրողներին, իսկ հանրահավաքը վարող Արամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ հանրահավաքից հետո շարունակվելու է ավանդական քաղաքական զբոսանքը:

No comments: