«Մենք միշտ ողջունել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական գործունեության համար դրական մթնոլորտ ստեղծող ցանկացած օժանդակություն, եւ Թուրքիայի նախագահի նախաձեռնությունը կարող է այդպիսին լինել», Սեպտեմբեր 25-ին-հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը: Այդ մասին են հաղորդել ՀՀ նախագահի մամլո ծառայությունում:
«Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեր գլխավոր նպատակն է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով համոզել ադրբեջանական կողմին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը անխուսափելի է: Եվ ես համոզված եմ, որ այդ իրավունքի ճանաչումից հետո մենք համատեղ ջանքերով, մեծ քայլերով առաջ ենք շարժվելու»,-ասել է Հայաստանի նախագահը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ նա ասել է, որ հայ-թուրքական հարաբերություններում իսկապես եկել է խնդիրները լուծելու ժամանակը, եւ որ ինքը տեսել է այդ պատրաստակամությունը իր թուրք գործընկերոջ մոտ Աբդուլլահ Գյուլի Երեւան այցելության ժամանակ:
«Մի բան ինձ համար ակնհայտ է. մենք պիտի խոսենք, խոսենք բոլոր թեմաների շուրջ: Շփումներից, խոսակցություններից հրաժարվում են այն մարդիկ, ովքեր ասելիք չունեն եւ բարդույթավորված են: Այժմ մենք պիտի մտածենք, թե ինչպե՞ս կարող ենք օգնել Թուրքիայի հասարակությանը ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելու հարցում, այն հասարակությանը, որի հարյուր հազարավոր ներկայացուցիչները փողոց էին ելել «մենք բոլորս հրանտդինք ենք», «մենք բոլորս հայ ենք» պաստառներով»,-ասել է Սերժ Սարգսյանը:
«Ընդհանրապես Հայաստանի զարգացման մեր ծրագրերում մենք համարձակ նպատակադրումներ ունենք: Դուք գիտեք, որ մենք ավարտում ենք Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը` հեռանկարային ու հավակնոտ մի նախաձեռնություն: Մենք այդօրինակ եւ առավել մասշտաբային այլ ծրագրեր էլ ունենք: Մենք սկսում ենք նոր ու ժամանակակից ատոմակայան կառուցել: Կառուցում ենք Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ: Մենք պատրաստվում ենք Հայաստան-Իրան երկաթուղի կառուցել: Առաջիկա 3-4 տարիների ընթացքում մենք լուծելու ենք երկրաշարժից տուժած եւ երկրաշարժի 20-ամյա տարելիցի նախօրյակին դեռեւս անօթեւան շուրջ 7000 ընտանքների բնակարանային հիմնախնդիրները: Մենք նախաձեռնել ենք նաեւ համահայկական բանկ եւ ներդրումային հիմնադրամ ստեղծել, որոնք մեծամասշտաբ գործարար ծրագրեր են ֆինանսավորելու: Սա նշանակում է, որ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող յուրաքանչյուր հայ կարող է համապատասխան մասնագիտացված կառույցի միջոցով իր խնայողություններն աշխատեցնել հանուն Հայաստանի բարգավաճման եւ, միեւնույն ժամանակ, տնտեսական շահ ստանալ»,- ասել է ՀՀ նախագահը:
Tuesday, October 14, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment