Թուրքական «Թարաֆ» թերթի թղթակցի հետ զրույցում ԽՍՀՄ փլուզման ժամանակաշրջանում Մոսկվայում Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալը հայտարարել է, որ անցյալում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների համար, Թուրքիան, առանց ժամանակ կորցնելու, պետք է ներողություն խնդրի հայերից:
Նշելով, որ Հայաստանի նախագահի հրավերով Թուրքիայի նախագահի այցը Երեւան քաղաքական մեծ ռիսկ է պարունակում երկու երկրների առաջնորդների համար էլ, Վուրալն ասել է, որ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձել է իր նախագահության ժամանակ «Թուրքիայի հետ մերձեցման ձեռնարկումների քաղաքական զոհը»:
Վոլքան Վուրալը գտնում է, որ «ոչ մի պատմական հանձնաժողով չի կարող լուծել հայկական հարցը, այն կարող է միայն լուսաբանել որոշ իրադարձություններ եւ լուծումը հեշտացնող դերակատարություն ունենալ»:
«Հայկական հարցը պետք է քաղաքական գործիչները լուծեն: Առանց ժամանակ կորցնելու, պետք է դիվանագիտական հարաբերություններ ստեղծվեն երկու պետությունների միջեւ: Իսկ սահմանների բացումը միայն հայերի կարիքը չէ, դա անհրաժեշտ է նաեւ թուրքերին: Ցավալի է, որ ԽՍՀՄ փլուզման արդյունքում հանրապետությունների անկախացումից հետո Թուրքիան այդպես էլ դիվանագիտական հարաբերություններ չստեղծեց Հայաստանի հետ: 1991 թ.-ից հետո ընկած ժամանակաշրջանը Թուրքիայի համար կորստի տարիներ են: Եթե ժամանակին դիվանագիտական հարաբերություններ ստեղծվեին Երեւանի հետ, հնարավոր է կանխվեր նաեւ Ղարաբաղի հակամարտությունը», -ասել է Վուրալը: Թուրք դիվանագետի կարծիքով, Երեւանի հետ հարաբերությունները նորմալացնելու գործում Անկարան չպետք է կենտրոնանա ցեղասպանության հարցի վրա: Վոլքանի խոսքերով, ընդարձակ հեռանկարի իմաստով, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացումը խիստ կարեւոր է եւ Անկարայի, եւ Բաքվի, եւ Երեւանի համար:
«Թեեւ Թուրքիա-Հայաստան հարաբերութունների զարգացումը ամբողջությամբ մի կողմ չի նետի ցեղասպանության պնդումները, սակայն օգնական կլինի անցյալում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների հոգեբանական հաղթահարմանը: Պետք է կարողանալ տարբերել հռետորությունը կյանքի իրողությոնից: Միթե հնարավոր է հող խլել Թուրքիայից, այն դեպքում, երբ թուրքերը Հայաստանի բնակչության չափ զինված ուժեր ունեն: Թուրքիան պետք է ավելի շատ վստահի ինքն իրեն եւ անցյալի նման չմնա ցեղասպանության խնդրի գերին: Պետք է քաջություն ունենալ եւ ասել, որ այո, նման բան եղել է, սակայն, կյանքը դրանով չի վերջանում եւ եկեք մեր ապագան ստեղծենք միասին բարեկամության մեջ: Իհարկե, Թուրքիայում շատերը լավ գիտեն, թե ինչ է իրականում եղել անցյալ դարասկզբին: Կարեւորն այն է, թե դա իմացողները ինչպես են հասկանում, ինչ են դրա հետքերը եւ ինչ ազդեցություն կունենան դրանք ապագայի վրա: Սփյուռքահայերը միշտ էլ պնդելու են ցեղապանությունը ճանաչել տալու հարցում: Սակայն այդ ճնշումը կկորցնի իր այսօրվա ազդեցությունը, եթե թուրք-հայկական հարաբերությունները կարգավորվեն, սահմանները բացվեն, առեւտուրը մեծանա եւ մարդիկ հարստանան: Չնայած, դժվար թե Թուրքիան ճանաչի ցեղասպանութունը, սակայն, պետք է հայտարարի, որ ներողություն է խնդրում հայերից եւ մյուս էթնիկ փոքրամասնություննրից հույներից, ասորիներից եւ քրդերից տեղահանության եւ կոտորոածների համար եւ թույլ է տալիս նրանց բոլոր հետնորդներին վերադառնալ իրենց նախնիների բնակավայրերն ու Թուրքիայի քաղաքացիություն ստանալ», -հորդորել է նա:
Այն հարցին, թե նման դեպքում, ինչպես պետք է լուծվեն հայերի թողած ունեցվածքն ու հարստությունները վերադարձնելու հարցերը, թուրք դիվանագետն ասել է. «Դրանք քննարկելի հարցեր են: Ունեցվածքի վերադարձի եւ նյութական փոխհատուցման գործը դժվար հարց է: Սակայն, խորհրդանշական փոխհատուցում կարող է տրվել: Դրա հետ միասին, Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերի գլխավորությամբ բոլոր էթնիկ ժողովուրդներից նրանց մեծ ցավ պատճառելու համար: Դա անհրաժեշտություն է Թուրքիայի նման երկրի համար»:
Tuesday, October 14, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment