Saturday, October 18, 2008

Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Փորձելով գնահատել Հայաստանի հետ հաշտության եզրեր որոնելու Թուրքիայի ջանքերը, պարտավոր ենք հաշվի առնել հետեւյալ խնդիրները. որպես ռուս-վրացական պատերազմի անմիջական հետեւանք, տարածաշրջանի բոլոր երկրները վերանայել են իրենց մարտավարական շահերը: Թուրքիայի հետ սահմանի բացումը նվազեցնելու է Հայաստանի կախվածությունը Վրաստանից, որի նավահանգիստներից ապրանքների ավելի քան 80 տոկոսն է ներկրվում երկիր: Հայաստանի ազգային անվտանգությունը պաշտպանելու համար խորհրդարանն անհապաղ պետք է նոր օրենք ընդունի, որը կարգելի ռազմավարական ռեսուրսների, կենսական նշանակության արդյունաբերությունների եւ սահմանամերձ շրջանների անշարժ գույքերի սեփականաշնորհումը օտարներին: Թուրքիան շատ հստակ պատճառներ ունի Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու. ա) բնականոն դիվանագիտական հարաբերություններն ու բաց սահմանները հարեւանների (այդ թվում` Հայաստանի) հետ հեշտացնելու են Թուրքիայի ձգտումները` դառնալու գերիշխող պետություն տարածաշրջանում, բ) դրանցով Թուրքիայի ամենաչքավոր արեւելյան շրջանները տնտեսական աճ են արձանագրելու եւ բարգավաճելու են, գ) Թուրքիան հնարավորություն է ստանալու իր քաղաքական եւ տնտեսական իշխանությունը տարածելու նաեւ Կենտրոնական Ասիայի հանրապետություններում, դ) նվազեցնելու եւ կասեցնելու ցեղասպանության ճանաչման գործընթացը սփյուռքում, առաջ քաշելով պատմաբանների հանձնախումբ ստեղծելու գաղափարը, ե) եւ վերջապես հեշտացնելու Թուրքիայի մուտքը Եվրոմիություն, քանի որ հարեւանների հետ բաց սահմաններ ունենալը ԵՄ-ի նախապայմաններից է: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավումը խրախուսում են նաեւ Եվրոպան եւ Մ. Նահանգները, որովհետեւ դա այլընտրանքային միջանցք է բացելու կասպիական տարածաշրջանից նավթի եւ գազի պաշարները արեւմուտք տեղափոխելու համար: Նախաձեռնությունը նաեւ Ռուսաստանի շահերին է համապատասխանում, քանի որ հայ-թուրքական սահմանի բացումը զգալիորեն նվազեցնելու է վրացական նավահանգիստների դերակատարությունը տարածաշրջանում: Հաշվի առնելով Թուրքիայի երկարամյա դիվանագիտական փորձառությունը, հարց է առաջանում, թե արդյոք Հայաստանը վերջին հաշվով շահելու է այս նոր զարգացումներից: Թուրքիայից զիջումներ ձեռք բերելը չափազանց դժվար, եթե ոչ անհնար գործ է, ինչպես Կիպրոսի հարցի երկարամյա եւ անարդյունավետ բանակցություններն են վկայում: Չէ՞ որ արդյունքն է կարեւորը եւ ոչ թե գործընթացը: Պետք է ընդունենք, որ Հայաստանի շահերը երբեմն կարող են չհամընկնել սփյուռքի շահերի հետ, այնպես որ սփյուռքը պետք է շարունակի հետամուտ լինել իր օրակարգային խնդիրներին առանց հակադրվելու հայրենիքի ընդհանուր շահերին: Սփյուռքը պետք է շարունակի բացահայտել մարդկության դեմ Թուրքիայի գործած ոճիրները, գնալով ավելի առաջ, քան սոսկ ցեղասպանության ճանաչումն է: Մենք պետք է ամերիկյան Կոնգրեսում եւ Եվրոխորհրդարանում որոշումներ կարողանանք անցկացնել, որոնցով հնարավոր լինի պաշտպանել Թուրքիայում հայ փոքրամասնության ընդհանրապես եւ մասնավորապես հայկական դպրոցների եւ եկեղեցիների շահերն ու իրավունքները, պահանջել վերացնել Թուրքիայի դիվանագիտական ծառայություններում հայ քաղաքացիների մուտքի չհայտարարված արգելքը: Դատական հայցեր ներկայացնելով ամերիկյան դաշնային եւ եվրոպական մարդու իրավունքների ատյաններին, պահանջել Թուրքիայից վերադարձնել բոլոր առգրավված հայկական եկեղեցիները, որոնք պատկանում են Ստամբուլի հայկական պատրիարքարանին: Պահանջել բռնագրավված բոլոր անձնական սեփականությունները, բացահայտել ՔՕ 301 օրենքի դեռեւս շարունակվող ոտնձգությունները եւ հակադարձել ամենավճռական ձեւով ցեղասպանության ժխտման Թուրքիայի եւ նրա վարձկանների բոլոր փորձերին: Նման արարքները Թուրքիային հստակ կհասկացնեն, որ մինչեւ սփյուռքի հետ հաշվի չնստեն եւ խնդիրների արդարացի կարգավորմանը չհասնեն, հնարավոր չի լինելու խուսափել հետապնդումից, ինչքան էլ մերձեցման եզրեր գտնի հայկական կառավարության հետ:

No comments: