Sunday, October 5, 2008

Կառավարությունը հաստատեց հաջորդ տարվա բյուջեի նախագիծը

Հայաստանի կառավարության սեպտեմբերի 25-ի նիստում վերջնական հավանության արժանացավ «2009 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, եւ մոտ օրերս, մի քանի խմբագրական շտկումներից հետո կուղարկվի Ազգային ժողով: Օրինագիծը Ազգային ժողովում պետք է լինի հոկտեմբերի 1-ից ոչ ուշ: 2009 թվականի պետբյուջեի նախագծով առաջարկվել է հաստատել եկամուտները` 905 միլիարդ 400 միլիոն դրամ (20 տոկոսով ավելի, քան ընթացիկ տարի), ծախսերը` 945 միլիարդ 400 միլիոն դրամ (13 տոկոսով ավելի, քան այս տարի): Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի կարծիքով, 2009-ի բյուջեն որոշ առումներով «աննախադեպ» է: «Մյուս տարվա բյուջեում աննախադեպ բարձր ծավալներ են նախատեսված կրթության եւ առողջապահության, սոցիալական ոլորտին, եւ դա պայմանավորված է այն մեր պարտավորություններով, որ մենք վերցրել ենք կառավարության ծրագրով` 2012 թվականին այդ ոլորտներին հատկացումները հասցնել ՀՆԱ-ի 3,5 եւ 2,2 տոկոսի մակարդակին», - կառավարության նիստին հետեւած ճեպազրույցում լրագրողներին ասաց Դավթյանը` հավելելով, որ «սա սոցիալական բյուջե է, որտեղ կառավարությունը համատեղել է իր ցանկություններն ու հնարավորությունները»: «Սպասում ենք հաջորդ տարվա ընթացքում բավական կայուն մակրոտնտեսական իրավիճակ, բարձր (9,2 տոկոս) եւ կայուն տնտեսական աճ եւ` համեմատաբար ցածր ինֆյացիոն ֆոնի վրա», - ասաց ֆինանսների նախարարը: Տիգրան Դավթյանը հրապարակեց նաեւ ՀՆԱ-ի ակնկալվող ցուցանիշը` 13,8 մլրդ դոլար եւ 4500 դոլար` մեկ շնչի հաշվով: 2009 թվականին հարկային մուտքերը պետք է լինեն շուրջ 725 մլրդ դրամի չափով: Պաշտպանության ոլորտին երրորդ տարին անընդմեջ տրամադրվում է Համախառն ներքին արդյունքի 3,5 տոկոսին համարժեք գումար. 2009 համար այդ թիվը կազմում է 149,6 մլրդ դրամ: Կենսաթոշակները մյուս տարի կավելանան 17 տոկոսով: «Թոշակները անցյալ տարի 60 տոկոսով բարձրացան», - հիշեցրեց նախարարը: - «Եվս 17,5 տոկոսով հաջորդ տարի է բարձրանալու... Մոտավորապես երկու տարվա ընթացքում` 80 տոկոսով»: Նվազագույն աշխատավարձը, բյուջեի նախագծով, 2009-ին կբարձրանա 5 հազար դրամով` հասնելով 30 հազար դրամի: Լրացուցիչ 9 մլն դրամ է հատկացվում ոստիկանների աշխատավարձի բարձրացմանը. ոստիկանի միջին աշխատավարձը կհավասարվի ոստիկանության քննիչի միջին աշխատավարձին: Շուրջ 40 տոկոսով կբարձրանա հարկային ծառայությունում աշխատողների աշխատավարձը:

No comments: