Monday, June 4, 2012

1918թ. այս օրը Թուրքիայի և Հայոց ազգային խորհրդի պատվիրակությունների միջև կնքվեց Բաթումի պայմանագիրը

1in.am. 4-6-2012- 1918թ. այս օրը Թուրքիայի և Հայոց ազգային խորհրդի պատվիրակությունների միջև կնքվեց Բաթումի պայմանագիրը: Պայմանները չափազանց ծանր էին Հայաստանիհամար։ 1918թ. ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվել էին Բաթումում։ Նրանք մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդրկովկասյան պատվիրակությանը, բայց քանի որ հենց նույն օրը Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրաքանչյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը։ Հենց Հայաստանի անկախության հռչակման օրը՝ մայիսի 28-ին, Հայոց Ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց Ալեքսանդր Խատիսյանը: Կնքված պայմանագրով՝ հայ-թուրքական սահմանագիծն այնպես էր տարվում, որ երկիրը մասնատվում և չնչին տարածք էր թողնվում Հայաստանին։ Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, որպեսզի կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան։ Հայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախմբերը և այլն։ Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։ ՀՀ-ին մնում էր ընդամենը 12 հազար քառակուսի կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը: Ընդհանուր առմամբ՝ Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28 հազար քառակուսի կմ տարածք։

No comments: