Monday, October 27, 2008

ԴԵՆԻԵԼ ՖՐԻԴԸ ՆՇՈՒՄ Է ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Կարեւոր է, որպեսզի հնարավոր ամեն բան արվի տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունների, այդ թվում եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այս մասին հոկտեմբերի 17-ի ասուլիսում հայտարարեց ԱՄՆ-ի պետական քարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի գծով տեղակալ Դենիել Ֆրիդը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առնչությամբ նա հայտարարեց, որ կա բանակցությունների ձեւաչափ, դա Մինսկի խումբն է: «Մենք ուզում ենք առաջընթացի հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Վրաստանի պատերազմը ցույց տվեց ավերումների սարսափելի ուժը: Խաղաղություն եւ բանակցություններ` ահա այն ուղին, որով պետք է գնալ, եւ մենք հույս ունենք առաջընթաց տեսնել հենց այդ ճանապարհին»,- հայտարարեց Դ.Ֆրիդը: Ինչ վերաբերում է տարբեր երկրների ներկայացուցիչների, այդ թվում եւ ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին հաճախակի դարձած հայտարարություններին, ապա Դ.Ֆրիդը պատասխանեց: «Մենք համարում ենք, որ տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային իրավունքի կարեւորագույն սկզբունքներից մեկն է: Սակայն, մենք երբեք չենք ասել, որ դա միակ սկզբունքն է: Իրականում դա այդպես չէ, բացի տարածքային ամբողջականությունից կան միջազգային իրավունքի այլ սկզբունքներ եւ դրանցից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքն է»,- հայտարարեց Ֆրիդը: Ըստ նրա, այդ երկու սկզբունքները համադրելը եւ դրանք հաշտեցնելը շատ ծանր գործ է: Մինսկյան գործընթացի շրջանակում կատարվում է այդ աշխատանքը եւ այստեղ առկա է իրական առաջընթաց: «Հիմնվելով այդ առաջընթացի վրա մենք աշխատելու ենք Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հետ: Համանախագահները պատրաստ են աշխատել իրար հետ: Անհրաժեշտ է փորձել լուծել տարածաշրջանային խնդիրները, այլ ոչ թե բանավեճի առարկա դարձնել դրանք»,- հայտարարեց Ֆրիդը: Այդուհանդերձ, ի պատասխան «ՆՏ»-ի թղթակցի հարցին, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալն ընդունեց տարաձայնությունների առկայությունը Մինսկի խմբի համանախագահների միջեւ, ինչը արտահայտվում էր, մասնավորապես, սեպտեմբերին ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների տարածաշրջան կատարած աննախադեպ առանձին այցերի ձեւով: «Ես համաձայն եմ, որ համանախագահների համար օգտակար է կոնտակտներ պահպանել, աշխատել միասին, այսինքն ռուսների հետ միասին: Եվ մենք մտադիր ենք այդպես էլ վարվել»,- ասաց Դենիել Ֆրիդը:

No comments: