Monday, October 27, 2008

Դ.ՄԵԴՎԵԴԵՎԻ ՀԵՏ ԶՐՈՒՅՑՈՒՄ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՈՐՈՆԵԼ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը կշարունակի իր նպաստը բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխընդունելի լուծում գտնելու հարցում,- հոկտեմբերի 21-ի համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, գոհունակություն հայտնելով իր Հայաստան կատարած պաշտոնական այցելության արդյունքներից: ՀՀ նախագահի հետ իր հանդիպումը, ըստ նրա, շարունակեց բարձր մակարդակի վրա հագեցած հանդիպումների բարի ավանդույթը, հաստատեց երկկողմ հարաբերությունների դաշնակցային բնույթը: ՌԴ նախագահը գոհունակություն հայտնեց, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական գործընկերների շարքում առաջատարն է` 8 ամսվա տվյալներով աճել է ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ եւ ընթացիկ տարին կավարտվի բավականին հաջող ցուցանիշներով: Երկու երկրների միջեւ համագործակցության գերակա ուղղությունների շարքում Դ.Մեդվեդեւը նշեց վառելիքա-էներգետիկ, արդյունաբերության, տրանսպորտի, բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, առաջիկայում նույնպես մտադրություն կա զարգացնել երկու երկրների միջեւ արդյունաբերական կոոպերացիան, խթանել փոխադարձ ներդրումները, ընդլայնել միջռեգիոնալ կապերը: ՌԴ նախագահը բարձր գնահատեց Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որը կատարել է, ըստ նրա, «արդյունավետ, լիարժեք եւ մեծ աշխատանք»: Ըստ ՌԴ նախագահի, ամրապնդվում են նաեւ հայ-ռուսական հումանիտար կապերը` երկու երկրները այս ոլորտում աշխատում են ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդի, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի նախագծերի շրջանակներում. «Հայաստանը մեր ամենամոտ եւ ակտիվ գործընկերներից է»,- ասաց ՌԴ նախագահը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցում երկու երկրների նախագահները քննարկել են նաեւ միջազգային օրակարգը, մասնավորապես, համագործակցությունը ԱՊՀ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում: «Մենք պատրաստ ենք ավելի սերտ համագործակցության Հայաստանի հետ»,- ասաց ՌԴ նախագահը: Երկու նախագահները խոսել են նաեւ, Դ.Մեդվեդեւի որակմամբ, «Հարավային Օսեթիայում Վրաստանի ագրեսիայից հետո» Անդրկովկասում ստեղծված իրավիճակի մասին. «Երկու երկրները հետեւողականորեն հանդես են գալիս տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման դիրքերից: Բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»,- հայտարարեց ՌԴ նախագահը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին երկու երկրների միջեւ ռազմավարական եւ դաշնակցային հարաբերությունները բնութագրեց որպես դինամիկ զարգացող, որոնց ամուր հիմքն է Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագիրը: ՀՀ նախագահը կարեւորեց, որ շարունակ աճում է քաղաքական երկխոսության ակտիվությունը, երկուստեք պատրաստակամություն է հայտնվել առաջիկայում եւս ջանքեր գործադրել արտաքին քաղաքական գործունեության կոորդինացման ուղղությամբ: Պատրաստակամություն է հայտնվել նաեւ խթանել առեւտրա-տնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացումը: ՀՀ նախագահը գոհունակություն հայտնեց, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների մեծամասնությունն այսօր արդեն կյանքի են կոչվել, այդ թվում` Հայաստան էներգակիրների ներկրման մասին պայմանավորվածությունը, ինչը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի տնտեսության հետագա կայուն աճը: Երկու պետությունները ոչ պակաս շահագրգռված են նաեւ տնտեսվարող սուբյեկտների եւ ռեգիոնների համագործակցությամբ: Երկու նախագահների առանձնազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ միջազգային քաղաքականության առանցքային հարցերը, որոնց թվում` գլոբալ ռեգիոնալ կայունության ապահովումը, նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին համատեղ գործակցության հեռանկարները: ՀՀ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս համագործակցության զարգացմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ԱՊՀ եւ այլ միջազգային կառույցների շրջանակում: Երկու երկրների ընդհանուր շահագրգռությունն է է'լ ավելի արդյունավետ օգտագործել այդ ինստիտուտների հնարավորությունները` զարգացնելով համագործակցության նոր ձեւեր: «Մտադիր ենք շարունակել համատեղ աշխատանքը Հարավային Կովկասում անվտանգության, կայունության եւ համագործակցության ամրապնդման ուղղությամբ»,- ասաց ՀՀ նախագահը: Նա ընդգծեց, որ Հայաստանը դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որտեղ վերջինս ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահների հետ փոխգործակցությամբ աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Հայաստանը կրկին իր պատրաստակամությունն է հայտնել որոնել մադրիդյան սկզբունքների վրա լուծման ուղիներ: Շատ կարեւոր է նաեւ հումանիտար ոլորտում երկկողմ համագործակցությունը, գիտության, մշակույթի, կրթության, երիտասարդության ոլորտներում երկկողմ շփումները: Այդ ասպարեզում հատկապես հաջողված օրինակ է, ըստ ՀՀ նախագահի, ռուս-հայկական սլավոնական համալսարանի գործունեությունը եւ «Կուլտուրա» հեռուստաալիքը հեռարձակումը: Երկու նախագահների առանձնազրույցը «ինչպես միշտ, անցավ բարեկամության եւ փոխըմբռնման ոգով եւ խիստ բովանդակալից էր, շոշափվել են երկկողմ հարաբերությունների գործնակում բոլոր ասպեկտները»,- ասաց ՀՀ նախագահը: Երկու նախագահները երկկողմ, այդ թվում` ռեգիոնալ մակարդակով համագործակցության խորացման հարցում կարեւորեցին Երեւանում ստորագրված փաստաթղթերը` «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Կառավարության միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ոլորտներում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի եւ Ռուսաստանի Դաշնության Յարոսլավի մարզի Կառավարության միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ոլորտներում համագործացության մասին», «Հայաստանի Հանրապետության ԱԳՆ եւ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ միջեւ 2009-2010թթ. միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագիրը»:

No comments: