Հոկտեմբերի 12-ին, ժամը 20:30- 21-ի սահմաններում Էջմիածնի Աթարբեկյան փողոցում, հրազենից արձակած յոթ կրակոցից սպանվեց 24-ամյա Սուրեն Մովսիսյանը: Փաստի առիթով ոստիկանության Էջմիածնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մարդասպանը Ս.Աթարբեկյանը սպանելու հմսր է ընտրել քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկը: Այդտեղ են կենտրոնացած առեւտրի եւ սպասարկման մի շարք օբյեկտներ, տաքսի ծառայություններ, Երեւան մեկնող ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ:
Հանկարծակի հայտնվելով «Իդեալ» խանութի հարեւանությամբ կանգնած Սուրենի առջեւ, մարդասպանը շատ մոտ տարածությունից ատրճանակից կրակել է նրա վրա եւ դիմացի այգու միջով դիմել փախուստի: Ըստ շրջանառվող խոսակցությունների, մարդասպանը եղել է ոտքով, եւ առանց դիմակի: Բազմաթիվ ականատեսների փաստը, սակայն չօգնեց, որ հանցագործությունը բացահայտվի տաք հետքերով:
Այնուամենայնիվ, ինչ արագությամբ որ տարածվեց սպանության մասին լուրը, նույն արագությամբ էլ շրջանառվեց դրա հավանական կատարողի` ԱԺ պտգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի թիկնազորի անդամ` Արմեն Հովսեփյանի անունը: Էջմիածնում նա հայտնի Ատաման անունով:
Համաձայն տարածված խոսակցությունների, դեպքի օրը Ատամանը հարբած վիճակում կրակել է նաեւ իր տան ուղղությամբ: Այդ, ինչպես նաեւ նրա անունը սպանությանը կապելու հանգամանքը հիմք են տվել ոստիկաններին ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով խուզարկել Ատամանի տունը: Խուզարկության արդյունքում տնից հայտնաբերվել է անօրինական զենք, իսկ Ատամանը կալանավորվել է:
Իրազեկ աղբյուրի փոխանցմամբ, սպանության մեջ Ատամանին մեղադրելու որեւէ ապացույց մինչ այս պահը չկա. այդ մասով նրա նկատմամբ նախաքննություն այլեւս չի իրականացվում. մեղադրանքը սոսկ անօրինական զենք պահելն է: Ըստ նույն Ատամանի կալանքի ժամկետը լրացել է հոկտեմբերի 19-ին: Մեզ կհաջողվեց պարզել Ատամանը ազատ է արձակվել է, թե դեռեւս կալանաքի մեջ է:
Էջմիածնեցիները այն համոզմանն են, որ այդ սպանությունը չի բացահայտվելու: Նրանցից մեկն ասաց, որ փորձից գիտի, որ Սարոյանի ու նրա շրջապատի հետ կապված հանցագործությունները, որպես կանոն կամ չեն բացահայտվում կամ` լավագույն դեպքում հանցանքը պարտադրվում է դեպքի հետ առնչություն չունեցող որեւէ մեկին:
Հիշեցնենք, որ վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ թեկնածուներ էին առաջադրվել Սեյրան Սարոյանն ու Հակոբ Հակոբյանը, Ատամանը ի պաշտպանություն Սարոյանի, վեճի էր բռնվել իր հարեւանի ու միաժամանակ Հ.Հակոբյանի շրջապատից մեկի հետ եւ հրազենից կրակել նրա վրա: Բարեբախտաբար բժիշկներին հաջողվել էր փրկել հարեւանի կյանքը: Իսկ անպատիժ մնացած Ատամանին ոչինչ կամ ոչ ոք չստիպեց հրաժարվել «խոչընդոտները» զենքով լուծելու սովորությունից:
Անպատժելիությունը ծնեց հաջորդ հանցանքը. 2008-ի գարնանը խմբակային դաժան ծեծի արդյումքում, որին պապ ու թոռ Սարոյաններից բացի մասնակցել էին նաեւ Ս.Սարոյանի թիկնապահները, այդ թվում` Ատամանը, սպանվեց մի երիտասարդ: Ոճրագործներից որեւէ մեկը չկանգնեց արդարադատության առաջ, փոխարենը սպանությունը «վիզ առավ» Ֆիրդուս Սարոյանի (Սերյանի հոր) մերձավորներից մեկը (Տես նաեւ` Գեներալ-պատգամավորի անպատժելի որդին):
Իսկ հոկտեմբերի 12-ի սպանությունը, որն իրականացվեց քաղաքի կենտրոնում`մի խումբ մարդկանց ներկայությամբ ակնհայտ մարտահրավեր էր իրավապահներին: Հանցագործները կամ վստահ են եղել, որ չեն բացահայտվելու կամ գործը «ջրվելու» է նախորդների նման: Այլապես ի՞նչպես բացատրել, որ տասնյակ ականատեսների (մեր հավաստի տեղեկություններով դեպքին ականատես է եղել նաեւ մի սարկավագ, սպանվածի ընկերները եւ մի սարկավագ) առկայության դեպքում էլ իրավապահները մնացել են «անզոր»:
Sunday, November 2, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment