2009-ի ՀՀ պետական բյուջեի նախագծով հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2009 թվականի համար ծրագրվել են 726.0 մլրդ դրամի չափով, ինչը 128.9 մլրդ դրամով ավել է այս տարվա ցուցանիշից: Նախագծով նախատեսված հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 17.4%` 2008 թվականի հաստատված 17.0% -ի համեմատ: Այս մասին ԱԺ մշտական հանձանժողներում Բյուջե 2009-ի քննարկման ընթացքում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ հավելեց, որ հարկային եկամուտների աճը կապահովվի հարկահավաքման բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվելիք վարչարարական միջոցառումների հաշվին:
Ինչ վերաբերում է բյուջե 2009-ի ծախսերին, ապա, ինչպես վարչապետը նշեց, ծախսերն արվելու են` նպատակ ունենալով պետական բյուջեում ապահովել սոցիալական ծախսերի տեսակարար կշռի ավելացումը, «տնտեսության ենթակառուցվածքների զարգացումը, երկրի անվտանգության եւ պետական կառավարման մակարդակի բարձրացումը, տեղական ինքնակառավարման ֆինանսական բազայի ամրապնդումը, երկրի` որպես բարեխիղճ եւ հուսալի վարկառուի, վարկանիշի պահպանումը»: Հետեւաբար, Հայաստանում կրկին աշխատավարձեր են բարձրացվելու: Ըստ կառավարության ղեկավարի, աշխատավարձի չափը 2008-ի համեմատ նախատեսվում է ավելացնել 20%-ով` հասցնելով մինչեւ 30 հազ. դրամ:
Պաշտոնյայի խոսքով, 2009-ին մեծածավալ ներդրումներ` ՀՆԱ-ի 10,7 տոկոսի ձափով, նախատեսվում է իրականացնել սոցիալական բնագավառի ճյուղերում` կրթություն (ՀՆԱ-ի 3.0%), սոցիալական ապահովություն (ՀՆԱ-ի 6.1%), առողջապահություն (ՀՆԱ-ի 1.6%): Այս ճյուղերում պետական ներդրումները կկազմեն 441.0 մլրդ դրամ, ինչը 2008-ի համեմատ ավել է 68.9 մլրդ դրամով:
Sunday, November 2, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment