Sunday, November 2, 2008

ԵՐԵԿՈՆ ԴԱԴԱՐՈՒՄ Է ԼԻՆԵԼ ՁԱՆՁՐԱԼԻ

Հայաստան այցելած Դմիտրի Մեդվեդեւի պատվին Հայաստանի նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի տված ճաշին Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը բավական հետաքրքիր էր: Քոչարյանը քաղաքականությամբ կարծես թե չի զբաղվում, հետեւաբար նրա ներկայությունը Մեդվեդեւի պատվին տրված պաշտոնական ճաշի սեղանին տալիս է բավական հետաքրքիր մտորումների տեղիք: Նախ, պարզ է դառնում, որ Ռ. Քոչարյանը պաշտոնից հեռանալուց հետո երրորդ անգամ է փողկապ կապում` Սարդարապատում, Սարալանջի ճանապարհի բացմանը եւ Մեդվեդեւի պատվին տրված ճաշին: Դրան ՀՀ-ի երկրորդ նախագահի ներկայությունն անկասկած չի կարող լինել պատահական, կամ էլ պայմանավորված լինել զուտ միասին մի կտոր հաց ուտելու հանգամանքով, քանի որ խոսքը պաշտոնապես նախագահի նստավայրում տրված հանդիսավոր ճաշի, ոչ թե ինչ որ ռեստորանում գցված սեղանի մասին է, որին հրավիրվել է նաեւ Ռ. Քոչարյանը: Բանն այն է, որ Քոչարյանը որպես նախագահ չի էլ շփվել Մեդվեդեւի հետ, քանի որ երբ Քոչարյանը նախագահ էր, Մեդվեդեւն ընդամենը Պուտինի աշխատակազմի ղեկավար էր, իսկ հետո էլ ընդամենը փոխվարչապետ: Այսինքն, այս դեպքում կարծես թե բացակայում է նաեւ զուտ ընկերական, անձնական հարաբերության պարագան, որը կարող էր պայմանավորել Ռ. Քոչարյանի ներկայությունը նախագահի նստավայրում: Հետեւաբար, հնարավոր է եզրակացնել, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունն ուներ հատուկ ընդգծված նպատակ: Թե որն էր այդ նպատակը, ասելն առայժմ դժվար է: Շատ բան պարզ կլիներ, եթե հայտնի լիներ Մեդվեդեւի այցի բուն նպատակը: Իսկ դրա հետ կապված պաշտոնական պարզաբանումների եւ շրջանառվող խոսակցությունների միջեւ տարբերությունը շատ մեծ է: Պաշտոնական առումով կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական, տնտեսական, ինչպես նաեւ գլոբալ անվտանգության եւ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հարցեր, իսկ ահա շրջանառվող խոսակցություններն ասում են, թե Մեդվեդեւը Հայաստան է ժամանալ Ղարաբաղի հարցի կարգավորման գործում լուրջ պայմանավորվածությունների, մասնավորապես ազատագրված տարածքների վերադարձի կապակցությամբ Հայաստանի համաձայնության համար, որպեսզի հետո հակամարտության գոտում տեղակայվեն նաեւ ռուս խաղաղապահները: Որն է այդ ամենի մեջ Ռ. Քոչարյանի դերը: Հնարավոր է, որ չափազանցություն է ընդամենը մի ճաշին նրա ներկայությունից հեռուն գնացող որեւէ հետեւություն անելը: Միգուցե Ռ. Քոչարյանին պարզապես հրավիրել են, իսկ նա էլ չի մերժել հրավերը, այն համարելով իր հնարավոր վերադարձի մասին խոսակցությունը թարմ պահելու պատեհ առիթ: Սակայն այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչ են մտածել Ռ. Քոչարյանին հրավիրելով: Արդյոք դա հայկական, թե ռուսական կողմի նախաձեռնություն է: Կարծես թե աներկբա է մի բան, որ Քոչարյանի ներկայությունն ինչ որ մեկին պետք էր: Ինչի համար էր պետք, ցույց կտա երեւի թե ժամանակը, ցույց կտան հետագա իրադարձությունները: Աներկբա է միայն, որ Հայաստանի իշխանական համակարգի համար այդ ամենը չի անցնի անհետեւանք, եւ հիմա համակարգը երեւի թե ոչ այնքան խորհում է Մեդվեդեւի այցի եւ դրա հնարավոր արդյունքի կամ հետեւանքի, որքան Մեդվեդեւի պատվին տրված ճաշին Ռ. Քոչարյանի ներկայության մասին: Իսկ գուցե նպատակն էլ հենց դա էր: Այսինքն, Ռ. Քոչարյանին որպես ուշադրություն շեղող «օգտագործելը», հանրային եւ քաղաքական շրջանակների ուշադրությունը բուն թեմայից շեղելու համար: Իհարկե, չի բացառվում ոչինչ: Ամեն դեպքում ակնհայտ է, որ Ռ. Քոչարյանն սկսում է ուրվագծվել, կամ գուցե նրան սկսում են ուրվագծել ոչ միայն ներքին, այլ նաեւ արդեն արտաքին քաղաքականության տիրույթում: Հետաքրքրականն այն է, որ այդ ուրվագծերին Սերժ Սարգսյանը կարծես թե հրապարակավ չի հակադրել ոչինչ, թեեւ պետք չէ մոռանալ, որ խորհրդարանը չորս ամսով երկարաձգել է մարտի 1-ի հարցերի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը: Բոլոր դեպքերում, ինչպես ռուսներն են ասում` «երեկոն դադարում է լինել ձանձրալի», կնշանակի «գիշերը» բուռն է լինելու:

No comments: