Դրանով կասկածի տակ է դրվում «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմ» ստեղծելու թուրքական նախաձեռնության նպատակահարմարությունը
Հոկտեմբերի 21-ին Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մամուլի համատեղ ասուլիսում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր. «Օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ցանկացած բարդ խնդիր պետք է լուծում ստանա՝ ելնելով միջազգային իրավունքի սկզբունքներից, բանակցությունների միջոցով: Ինչ վերաբերում է կարգավորման փուլին, պահպանել մինչեւ այս պահը ձեռք բերված պայմանավորվածությունների մակարդակը՝ բարդ խնդիր է: Սակայն հուսով եմ, որ շատ մոտ ժամանակներս տեղի կունենա երեք նախագահների հանդիպումը Ռուսաստանի մայրաքաղաքում, որպեսզի շարունակվի այս թեմայի քննարկումը»:
Նախորդ համարում «Ազգը» Մեդվեդեւի այցը լուսաբանել էր «Երեք նախագահների մոտակա հավանական հանդիպում՝ ԼՂ հարցով» վերնագրով, որպեսզի ուշադրություն հրավիրի հանդիպման ՌԴ նախագահի հայտարարությամբ պայմանավորված նախաձեռնության վրա: Նախաձեռնությունները խիստ կարեւոր են քաղաքականության մեջ հատկապես Հարավային Կովկասում, որտեղ ազդեցության համար միմյանց հետ անհաշտ մրցակցություն են ծավալում ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Ռուսաստանը եւ այդ մրցակցության ընթացքը մեծապես պայմանավորվում է Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման նախաձեռնություններով:
Այլ կերպ, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը նախաձեռնող միջազգային ուժին տալիս է Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներին միջամտելու հնարավորություն եւ նրա առջեւ մրցակիցների նկատմամբ առավելության հասնելու հեռանկար է բացում: Հիմնահարցը կարգավորելու դեպքում այդ ուժն արդեն դառնում է դոմինանտ, ամրապնդվում են նրա դիրքերը Հարավային Կովկասում եւ նա է կանխորոշում այս տարածքի քաղաքական ճակատագիրը:
ՌԴ նախագահ Մեդվեդեւի Հայաստան կատարած այցին թուրքական մամուլը մոտեցել է հենց Ղարաբաղի հիմնախնդրի նախաձեռնության եւ Հարավային Կովկասում դիրքերի ամրապնդման դիտակետից, որ առանձնակի նշանակությամբ ընդգծել է Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման հավանականությունը:
Երեկվա համարում «Ռադիկալը» ՌԴ նախագահի այցը լուսաբանել է. «Աճում է Հայաստանի նկատմամբ պահանջարկը» վերնագրով, իսկ Նյու Յորքի «Turkishny.com» կայքէջը նշել է, որ Մեդվեդեւը Ղարաբաղի հարցի կարգավորման համար կողմերի հանդիպում է կազմակերպում: Առանց մանրամասնելու այցին անդրադարձավ նաեւ թուրքական հանրային հեռուստատեսությունը:
Ըստ «Ռադիկալի», Մեդվեդեւի հայաստանյան այցը ռուսական մամուլում բնութագրվել է «Երեւանին կարգի հրավիրելու» դրսեւորում: Թուրքական թերթը կարծիք է հայտնում, որ դեռեւս օգոստոսին Հարավային Օսիայում եւ Աբխազիայում կատարած վահանի դերով Վրաստանի քիթը «գետնին քսելուց» հետո, Ռուսաստանը ձեռնամուխ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդության խաղաղարար առաքելության, որպեսզի Կովկասում թուլացնի Արեւմուտքի ազդեցությունը, ապա եւ շարունակում. «Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստան կատարած երկօրյա այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպելուց հետո հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման համար տանտիրոջ իրավունքով հայ-ադրբեջանական հանդիպում է հրավիրելու»:
«Ռադիկալը» միաժամանակ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Մեդվեդեւի այցը Հայաստան իրականացվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարած այցից, ինչպես նաեւ ամերիկացի որոշ դիվանագետների հետ այստեղ ծավալված բանակցություններից հետո, նշելով. «Անցյալ ամիս Երեւանը հյուրընկալել էր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզային, իսկ մի քանի օր առաջ՝ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդին»:
Վերջին այցերը թուրքական թերթին հիմք են տալիս ենթադրելու, որ հարավօսական պատերազմի հետեւանքով ավելի քան մեկուսացած Հայաստանը հայտնվեց նոր դաշնակցի որոնման հարկադրանքի առջեւ Թբիլիսիի դեմ պատերազմում խնայելով իր աջակցությունը Ռուսաստանին զայրացրեց Մոսկվային, ինչը հանգեցրեց հայ-ռուսական հարաբերությունների լճացմանը, իսկ Մեդվեդեւի այցը հակասում է Հայաստանում ազդեցություն տարածելու Արեւմուտքի ջանքերին, որովհետեւ այս այցով ընդգծվեց, որ Երեւանի միակ բարեկամը Ռուսաստանն է:
Վերոհիշյալ ենթադրությունները հիմնավորելու համար «Ռադիկալը» վկայակոչում է ռուսական թերթերին: Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման Մեդվեդեւի առաջարկին առանձնակի նշանակություն է տալիս նաեւ «Turkishny.com» կայքէջը: Դա պատահական չէ, թերեւս պայմանավորված է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմ» ստեղծելու նախաձեռնությունը ձախողելու հավանականությամբ, որովհետեւ Մեդվեդեւի առաջարկն, ի տարբերության Էրդողանի նախաձեռնության, միանգամայն իրատեսական է, իսկ Ռուսաստանն ունի դրա իրականացման բոլոր հնարավորությունները:
Հ. ՉԱՔՐՅԱՆ. «ԱԶԳ», 23.10.08
Sunday, November 2, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment