Ազատագրված տարածքները վերադարձնելու պատրաստակամությունը, որ հայտնում է Հայաստանի իշխանությունը Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում, շատ հաճախ հենց այդ նույն իշխանության ներկայացուցիչները մատուցում են իբրեւ դիվանագիտական հնարք: Այսինքն, ներկայացվում է, որ Հայաստանը հայտարարում է վերադարձնելու պատրաստակամության մասին, բայց իրականում ոչ մեկն էլ չի վերադարձնի որեւէ տարածք: Այս պնդումը իհարկե ինքնին բավական տարօրինակ է եւ նկատելիորեն անհիմն եւ անտրամաբանական:
Խնդիրը հետեւյալն է: Եթե Հայաստանի իշխանությունն ինքն է որոշում վերադարձնել-չվերադարձնելու հարցը, ապա բացարձակապես անհասկանալի է, թե ինչու եւ ում համար է մանեւրում: Եթե Հայաստանը ուզի կվերադարձնի, չի ուզի` չի վերադարձնի, ապա էլ ինչ կարիք կա հայտարարելու, որ պատրաստ ենք վերադարձնել, բայց իրականում տարածքները պահելու մեզ: Կարող է Հայաստանը հայտարարել, որ ոչ մի տարածք էլ չի վերադարձնի, դուրս գալ բանակցությունից, եթե Ադրբեջանն այլ պայմանով պատրաստ չէ բանակցել Ղարաբաղի կարգավիճակի համար եւ ձեռնամուխ լինել տարածքների սոցիալ-տնտեսական իրացմանը:
Դիվանագիտական մանեւրի վարկածի կողմնակիցները կարող են ասել, որ այդ մանեւրը աշխարհի ճնշումից խուսափելու համար է: Այդ դեպքում ստացվում է, որ Հայաստանն այդուամենայնիվ անկարող է պահել տարածքները, եթե ինքը նույնիսկ այդպես է ցանկանում: Այսինքն, եթե մեզ ստիպեն, ապա չենք կարող չտալ: Հետեւաբար եթե հիմա չենք տալիս, ապա միայն այն պատճառով, որ մեզ չեն ստիպում: Դա նշանակում է, որ ոչ թե Հայաստանն է մանեւրի միջոցով պահում տարածքները, այլ պարզապես աշխարհը, ի դեմս որի հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խումբը, մեզանից չի պահանջում այդ տարածքը վերադարձնել Ադրբեջանին: Միգուցե տարբեր ժամանակ տարբեր պետություններ պահանջում են, առանձին-առանձին, ասենք մեկ ամերիկացիները, հիմա ռուսները, վաղը գուցե Եվրոպան կամ էլի ամերիկացիները, բայց դեռեւս չի ստացվել, որ տարածքների վերադարձի հարցում «աշխարհը» գա կոնսենսուսի, եւ այդ իսկ պատճառով էլ փաստացի դրանք մնում են հայկական վերահսկողության տակ: Ստացվում է, որ Ղարաբաղի հակամարտության գործընթացում «ոչ մի թիզ հող» իրավիճակը ոչ թե հայկական դիվանագիտության, որքան աշխարհաքաղաքական իրադրության արդյունք է, եւ եթե հանկարծ ռուսները, ամերիկացիներն ու եվրոպացիները որոշեն, որ տարածքները պետք է վերադարձնել, Հայաստանը փաստացի չունի այլեւս պահելու որեւէ փաստարկ, քանի որ մշտապես հայտնել է կարգավիճակի դիմաց դրանք վերադարձնելու պատրաստակամություն: Ընդ որում, խոսքը կարգավիճակի անորոշ հեռանկարի մասին է, քանի որ այդ հարցը քննարկվում է ինչ որ տասնամյակ կամ մեկուկես տասնամյակ հետո անցկացվելիք հանրաքվեի կամ պլեբեսցիտի համատեքստում:
Այսինքն, ստացվում է, որ տարածքների խնդրի պարագայում Հայաստանի դիվանագիտական «մանեւրը» կառուցված է ընդամենը «համաշխարհային» կոնսենսուսի բացակայության վրա: Պաշտոնական Երեւանը համոզված է, եւ թերեւս եղել է նաեւ վերջին տարիներին, որ միեւնույն է, եթե ասենք Ամերիկան պահանջի հող հանձնել, ապա ռուսները դա թույլ չեն տա եւ կհակադրվեն դրան, իսկ եթե օրինակ ռուսները պահանջեն հող հանձնել, ապա դրան կհակադրվի Ամերիկան: Առայժմ այդ մեխանիզմը աշխատել է հաջողությամբ, եւ կարգավորման բոլոր հանգուցային թվացող պահերին միշտ եղել է մի գագաթնակետ, որից այն կողմ գործընթացը հետ է շրջվել, տարբեր առիթներով ու պատճառներով, եւ ամեն ինչ փաստացի սկսել է մեկնարկային կետից: Դրա վկայությունն են կարգավորման գործընթացի ժամանակահատվածում տարատեսակ սկզբունքների պարբերական առկայությունը` «փարիզյան սկզբունք», «քի ուեսթյան տարբերակ», «պրահյան գործընթաց», հիմա էլ «մադրիդյան սկզբունք»: Թերեւս պետք է սպասել, որ նախագահների եռակողմ հանդիպման նախաձեռնությունը, որ ցուցաբերում է Ռուսաստանը, կլինի «մադրիդյան սկզբունքի» դարաշրջանի վերջը կամ վերջի սկիզբը, քանի որ ակնհայտ է, որ այժմ չկա տարածքների հարցում «աշխարհի» կոնսենսուսի որեւէ շանս: Հետեւաբար դա շանս է Հայաստանի իշխանության համար, որն այս անգամ էլ անկասկած կօգտագործվի, թերեւս անկախ այն բանից` ժամանակավորապես դադար վերցրել է ընդդիմությունը, թե ոչ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ. «ԼՐԱԳԻՐ», 24.10.08
Sunday, November 2, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment