Sunday, November 2, 2008

Քըրք Քըրքորյանը վաճառում է Ford-ում ունեցած մասնաբաժինը

Միլիարդատեր Քըրք Քըրքորյանը վաճառում է Ford Motor-ում ունեցած մասնաբաժինը ուշադրությունը կենտրոնացնելով իր առանցքային բիզնեսի մոլախաղերի վրա: Քըրքորյանի ներդրումային գործիք Tracinda Corporation-ը հայտարարել է, որ միլիարդատերը երկուշաբթի վաճառել է Ford-ի 7,3 մլն սովորական բաժնետոմս (մեկ բաժնետոմսի միջին արժեքը` 2,43 դոլար) եւ շարունակելու է «ազատվել» Ford-ից: Ավտոշուկայում Քըրքորյանի քայլն անհանգստություն է առաջացնելու Դետրոյթի եռյակի General Motors-ի, Ford-ի եւ Chrysler-ի ֆինանսական կայունության վերաբերյալ: Ընդ որում ամենածանր հարվածը հասցվելու է Ford-ին, որի բիզնեսում պարտքի ծավալը շատ մեծ է: Հետաքրքիր է, որ դեռ վեց ամիս առաջ Քըրքորյանն սկսել էր մեծացնել ընկերությունում ունեցած իր մասնաբաժինը: Ավելի վաղ ամերիկյան Cerberus Capital Management ընկերությունը փորձել էր վաճառել Chrysler-ում եւ General Motors-ում ունեցած իր մասնաբաժինները, որոնց ձեռքբերման համար անցած տարի 7,4 մլրդ դոլար էր ծախսել: Գործարքն ավարտին հասցնելու համար Cerberus-ին հարկավոր է բանկերի կամ մյուս ներդրողների ֆինանսական աջակցությունը, սակայն ելնելով ավտոարտադրության ներկա վիճակից ներդրողները չեն շտապում գումարներ տրամադրել ոլորտին: «Ինդուստրիայում պայմաններն այնքան ռիսկային են, որ վանում են նույնիսկ ամենախիզախ ներդրողներին», - մեկնաբանել է ամերիկյան Casesa Shapiro Group խորհրդատվական ընկերության տնօրեն Ջոն Կասեսան:

No comments: