«Ազատություն»- 22-12-12208 - Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունվարյան նստաշրջանում պատժամիջոց չի կիրառի Հայաստանի նկատմամբ` զրկելով ձայնի իրավունքից:
Անցած շաբաթ նման առաջարկով հանդես է եկել Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը` լսելով Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման վերաբերյալ զեկույցը:
Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ դա միայն առաջարկ է. - «ԵԽԽՎ-ի պրակտիկայում բազմիցս առաջարկ է եղել` ձայնի իրավունքից զրկել [այս կամ այն երկրի պատվիրակությանը], սակայն հետագայում այդ առաջարկը չի պաշտպանվել: Ընդամենը երեք անգամ է նման պրակտիկա եղել, եւ եթե համեմատում ենք Հայաստանի հետ իրավիճակները, ապա, բնականաբար, հեռանկարը, որ Հայաստանը կզրկվի ձայնի իրավունքից, կարծում եմ, շատ մշուշոտ է»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է այլ երկրների հետ համեմատությունը նրան լավատեսություն ներշնչում, հանրապետական պատգամավորը պատասխանեց. - «Այլ երկրներում չի եղել պետական հեղաշրջման փորձ, այդ երկրներում չի եղել ընդդիմության եւ իշխանության այդպիսի ատելություն, որը եղել է Հայաստանում, չի եղել այնպիսի պայթյունավտանգ իրավիճակ, որը Հայաստանում եղել է ընտրությունների ժամանակ եւ ընտրություններից հետո»:
«Մի բան պետք է արձանագրենք. Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Ուզի թե չուզի ընդդիմությունը` փաստը սա էր: Եվ ընդդիմությունը մեկ բան պետք է աներ` ընդդիմությունը պետք է պատրաստվեր հաջորդ ընտրություններին», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Ծովինար Նազարյան
Tuesday, December 23, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment