Ազգային Ժողովի անհատ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը դեկտեմբերի 11-ին Մամուլի ազգային ակումբում խոսելով ներքաղաքական զարգացումների եւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, ու դրանց հեռանկարի մասին, հայտարարել է, թե մարտի 1-ի իրադարձությունները վկայեցին, որ Հայաստանում առկա է իշխանության վստահության պարբերական խնդիր: Այդ խնդիրը հաղթահարելու համար, ըստ Վիկտոր Դալլաքյանի, անհրաժեշտ է, որ իշխանությունը բացահայտի մարտի 1-ի կազմակերպիչներին եւ մեղավորներին, կիրառի լայն համաներում, իրականացնի իրական ժողովրդավարության հաստատմանն ուղղված իրական բարեփոխում, իրապես ապահովի տնտեսական ազատություն, որ ընդդիմության համախոհ գործարարները չհետապնդվեն, ինչպես նաեւ պետք է ձերբազատվի նախորդ իշխանության բացասական ժառանգությունից:Եթե իշխանությունը չանի այդ քայլերը, ապա ըստ Վիկտոր Դալլաքյանի, դա կլինի Հայաստանի համար վատ, իսկ եթե անի, ապա կունենա վստահություն ձեռք բերելու շանս: Իշխանությունն այլընտրանք չունի, ասում է Վիկտոր Դալլաքյանը: Ըստ նրա, Հայաստանում չկա ընդդիմության եւ իշխանության հարաբերության քաղաքակիրթ մոտեցում, այլ առկա է միմյանց ոչնչացնելու մթնոլորտ, ինչը վտանգավոր է Հայաստանի համար: Ի դեպ, մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատուն, ըստ Վիկտոր Դալլաքյանի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Վիկտոր Դալլաքյանն ասել է, թե մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի իր գնահատականը կտա հանձնաժողովի եզրակացությունից հետո: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ բանաձեւերի կատարման ընթացքին, ապա Վիկտոր Դալլաքյանի կարծիքով առկա է կատարման իմիտացիա: Պատգամավորը նաեւ ասել է, որ պետք չէ ոգեւորվել Հայաստանին ԵԽԽՎ-ում ձայնից զրկելու հեռանկարով, քանի որ այդպես կթուլանա նաեւ եվրոպական կառույցների ազդեցությունը Հայաստանի զարգացման ընթացքի վրա: Մյուս կողմից, Վիկտոր Դալլաքյանը նշում է, թե ժողովրդավարությունը Հայաստանին պետք է հենց երկրի զարգացման, ոչ թե միջազգային կառույցներին գոհացնելու համար:Անդրադառնալով Ղարաբաղի հակամարտությանը, Վիկտոր Դալլաքյանը նշել է, թե կարծում է, որ հակամարտության հայանպաստ լուծում կարող է լինել այն դեպքում միայն, երբ Հայաստանը լինի հզոր տնտեսություն ունեցող, ժողովրդավարական երկիր: Պատգամավորի կարծիքով, այդ իմաստով հակամարտության լուծման բանալին հենց Հայաստանում է: Մինչդեռ, ըստ Վիկտոր Դալլաքյանի, եթե 1988 թվականին Հայաստանի բյուջեն Ադրբեջանի բյուջեին զիջում էր 1,5 անգամ, ապա այժմ զիջում է 5 անգամ եւ մեծ է նաեւ Ադրբեջանի զարգացման տեմպը: Միեւնույն ժամանակ, Վիկտոր Դալլաքյանը քիչ հավանական է համարել, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով առաջիկայում լինի էական տեղաշարժ: Նա ասել է, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի միջնորդ եռանախագահները համաձայնության գան լուծման որեւէ տարբերակի, հատկապես ազատագրված տարածքների մասով, ինչը Վիկտոր Դալլաքյանը համարում է գրեթե անիրական:
Saturday, December 13, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment