Եթե, իհարկե, նախագահ Աբդուլլահ Գյուլը չկառչի Թուրքիայի որդեգրած ժխտողական դիրքորոշումից
«Ազգ». 13-12-2008- Ինչպես նշել էինք նախորդ համարում, դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման առթիվ ունեցած հանդիսավոր ելույթում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը շրջանցել էր Հայոց ցեղասպանությունը: Սակայն Հայաստանի հասարակական, քաղաքական, գիտական եւ մշակույթի գործիչներն այս արարքի համար չդատապարտեցին նրան, ոչ էլ պաշտոնական որեւէ հայտարարություն արվեց: Մինչդեռ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթ խնդիրներից է: Հետեւաբար, եթե ոչ դատապարտել, ապա գոնե գլխավոր քարտուղարին պետք էր հիշեցնել ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ դրույթը, որը հարգանք է պահանջում «ժողովուրդների իրավահավասարության» սկզբունքների նկատմամբ, իսկ 3-րդ դրույթը` «անկախ ցեղից, սեռից, լեզվից կամ դավանանքից» մերժում է խտրականության յուրաքանչյուր դրսեւորում:
Փոխարենը Հայաստանի շուրջ 300 մտավորականներ բաց նամակով դիմեցին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, կոչ անելով` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի հետ մերձեցման ներկա փուլում, երբ Թուրքիայում «Մեծ աղետի» համար հայերից ներողություն խնդրելու կարծիքներ են հնչում եւ դրա համար մի խումբ մտավորականներ ստորագրահավաք են նախաձեռնում, կարելի է միանգամայն տեղին համարել բաց նամակով նախագահ Գյուլին դիմելու մեր մտավորականների մտահղացումը, իսկ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը դիտարկել որպես համարժեք արձագանք հայերից ներողություն խնդրելու թուրքական նախաձեռնություններին:
Ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա մերձեցման նախապայմանը երկու երկրների, առավել եւս ժողովուրդների միջեւ փոխվստահության հաստատումն է: Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը ոչ միայն հակասում է փոխվստահության տրամաբանությանը, այլեւ խորացնում է անվստահությունը, եւ տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան չի հրաժարվել հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության քաղաքականությունից, այդ իսկ պատճառով էլ ժխտում է պատմական փաստը:
Նամակում ասվում է, որ Հայաստան-Թուրքիա հարեւանության բնականոնացումը պահանջում է խիզախ եւ իրապաշտ լուծումներ, կողմերն առաջին հերթին կանգնած են Հայոց ցեղասպանության կնճռոտ հարցի առջեւ, հարցը բաժանել է երկու ժողովուրդներին 1915-ից ի վեր, կողմերը գործ ունեն մարդկության դեմ գործադրված ահռելի ոճրի հետ, դրա ճանաչումը ակնկալում է նաեւ համաշխարհային հանրությունը, Օսմանյան Թուրքիան մեղավոր է հայ ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանական Մեծ եղեռնի, իսկ ներկայիս թուրք պետությունը ժառանգաբար պատասխանատու է այդ արարքի համար, Թուրքիայի ղեկավարության Գյուլի սերունդը պետք է ընդունի անհերքելի ճշմարտությունը եւ ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, սա առաջին հերթին հենց թուրք ժողովրդին է անհրաժեշտ, որովհետեւ նա կազատվի պատմության բեռից եւ բաց ճակատով կկանգնի մյուս պետությունների կողքին:
Հայաստան-Թուրքիա հարեւանության բնականոնացումը ցեղասպանության կնճռոտ հարցի «կարգավորմամբ» թուրքական կողմն է առաջին հերթին պահանջում, որեւէ մեկի, առավել եւս պետության ղեկավարի համար գաղտնիք չէ, որ ցեղասպանությունը մարդկության դեմ գործադրված անժամանցելի ոճիր է, իսկ դրա ճանաչման համաշխարհային հանրության ակնկալիքները առավել քան հայտնի են Աբդուլլահ Գյուլին, որովհետեւ նա դեռեւս 2006-ին, երբ արտգործնախարարի պաշտոնում էր, Թուրքիայի ազգային մեծ ժողովի ամբիոնից հայտարարել էր. «Առաջիկա 10 տարիներին Թուրքիայի առաջնահերթ խնդիրը լինելու է ցեղասպանության հայկական պնդումները, քանի որ դրա ճանաչումը այլ երկրների խորհրդարաններում երրորդ կողմերի հետ փչացնում է մեր հարաբերությունները»:
Ինչ վերաբերում է հայ ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանական Մեծ եղեռնի համար Օսմանյան Թուրքիայի մեղավորության եւ ժառանգաբար թուրք պետության պատասխանատվության հանգամանքներին, թերեւս ժխտողականության պաշտոնական թեզն Անկարան առաջ է քաշում հենց իրավաժառանգորդի կարգավիճակից բխող այդ պատասխանատվությունից խուսափելու գիտակցությամբ: Ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը եղել է «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության ղեկավար կազմի անդամ, 1908-ին երիտթուրքական հեղափոխությունն իրականացնող սալոնիկյան բանակի հրամանատար եւ «Հատուկ կազմակերպության» անդամ:
Ի դեպ, նրա մերձակա շրջապատը, քեմալական շարժման առաջնորդները, «ազգային ուժերի» հրամանատարական կազմն ու Ազգային մեծ ժողովի` Մեջլիսի պատգամավորներն անխտիր եղել են «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության կենտրոնական վարչության կամ «Հատուկ կազմակերպության» ղեկավար կազմի անդամներ, որոնց 1919-ին օսմանյան ռազմական ատյանը մեղավոր էր ճանաչել հայերի զանգվածային կոտորածները կազմակերպելու եւ անմիջականորեն իրականացնելու համար եւ դատապարտել: Մինչ նրանք մեղավոր ճանաչվելու համար աքսորվում էին Մալթա, Մուստաֆա Քեմալը նրանց հեռակա կարգով Մեջլիսի պատգամավոր էր նշանակում:
Այսինքն, հայերի բնաջնջումը կազմակերպած եւ իրականացրած այս մարդասպանները ոչ միայն ղեկավարել են քեմալական շարժումը եւ հիմնադրել թուրքական պետությունը, այլեւ որպես հիմնադիրներ զբաղեցրել են գործադիր եւ օրենսդիր իշխանությունների պատասխանատու բոլոր պաշտոնները նորաստեղծ Թուրքիայի Հանրապետությունում: Ինչ վերաբերում է թուրք ժողովրդին, ապա նրա հոծ զանգվածներ ակտիվորեն մասնակցել են Հայոց ցեղասպանության իրականացմանը: Թերեւս պատահական չէ «կացնի ավելցուկ», «սրի ավելցուկ», «կոտորածի տարի» եւ «տեղահանության շնորհիվ հարստացածներ» արտահայտությունների լայն տարածումը թուրք ժողովրդի մեջ, որոնք առ այսօր մոռացված չեն:
Այլ կերպ, եթե Աբդուլլահ Գյուլի սերունդը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, ապա դրա պատճառը ոչ թե անտեղյակությունն է, այլ փաստի ճշմարտության անհերքելիությունը: Հենց այդ անհերքելիության գիտակցումով է պայմանավորվում Հայոց ցեղասպանության փաստին ժխտողականության հակադրումն ու դրա վերածումը Թուրքիայի պաշտոնական թեզի: Հիրավի, թուրք ժողովուրդը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում կստանա բաց ճակատով մյուս պետությունների կողքին կանգնելու հնարավորություն: Սակայն Թուրքիայի ղեկավարներն առաջին հերթին անհրաժեշտ են համարում ցեղասպանության միջազգային ճանաչման կասեցումն ու համառորեն կառչում են ժխտողականության պաշտոնական թեզից: Հետեւաբար անիմաստ է նախագահ Աբդուլլահ Գյուլին հուշել Թուրքիայի եւ թուրք ժողովրդի առաջնահերթությունների մասին կամ կասկածի տակ դնել թուրք ղեկավարների իրազեկվածությունը ցեղասպանության հարցում, ինչը, թերեւս, կարելի համարել հայ մտավորականների բաց նամակի գլխավոր թերությունը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Saturday, December 13, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment