Friday, December 26, 2008

Ս. Սարգսյան. «Հաջորդ տարի լինելու են հաջողություններ, որոնք ամրապնդելու են երկրի անվտանգությունը, ժողովրդի մեջ` հավատը վաղվա օրվա նկատմամբ»

Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ նախագահի նստավայրում ընդունելության էր հրավիրել Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Շնորհավորելով հյուրերին` ՀՀ նախագահն առողջություն եւ երջանկություն մաղթեց բոլորի ընտանիքներին, իսկ լրատվամիջոցներին` օրեցօր ավելացող լսարան: «Թող 2009 թվականը լինի հաջողության տարի, թող 2009թ-ին մենք համատեղ ջանքերով կարողանանք մեր երկիրը տանել զարգացման ճանապարհով, Հայաստանում ավելի շատ ամուսնություններ լինեն, ավելի շատ ուրախություններ, քան նախորդ տարիներին: 2008 թվականին իրադարձությունների պակաս չկար` ոչ հանրապետությունում, ոչ տարածաշրջանում, եւ ոչ էլ աշխարհում ընդհանրապես: Ձեզանից որեւէ մեկը դժվարություն չի ունեցել թարմ, հրատապ լուր փնտրելու, բայց այդ լուրերը, ցավոք սրտի, միշտ չէ, որ հաճելի էին, միշտ չէ, որ մեզ ուրախացնում էին: Ես ցանկանում եմ, որ 2009թ-ը եւս հագեցած տարի լինի, լրագրողներն ու լրատվամիջոցներն առանձնապես մեծ պրոբլեմներ չունենան հասարակությանն իրազեկելու, լավ նյութ գտնելու, բայց անկեղծորեն ցանկանում եմ, որ այդ լուրերի մեջ դրականն ավելի շատ լինի:Ցանկանում եմ, որ մենք կարողանանք 2009թ-ին ձեզ հետ միասին օժանդակել դրական գործընթացներին, որ չիրականանան այն մռայլ կանխատեսումները, որ հաճախ հանդիպում են ոչ միայն հայկական լրատվամիջոցներում, այլ` աշխարհում ընդհանրապես»,-ասաց ՀՀ նախագահը` վստահություն հայտնելով, որ հաջորդ տարի լինելու են հաջողություններ եւ տեղի են ունենալու իրադարձություններ, որոնք ամրապնդելու են երկրի անվտանգությունը, ժողովրդի մեջ` հավատը վաղվա օրվա նկատկամբ: Իսկ վատ կանխատեսումների իրականություն չդառնալու ամենամեծ գրավականը երկրի ղեկավարը համարեց արդեն իսկ կատարված հսկայածավալ աշխատանքը, որն արվել է առանց աղմուկի, առանց քաղաքական դիվիդենտներ շահելու ակնկալիքի, եւ հսկայական աշխատանքն անպայման արդյունք է տալու: «Երբ այդ արդյունքը լինի, առաջիններից մեկը դուք եք իմանալու»,-ասաց Ս.Սարգսյանը:

No comments: