Thursday, December 25, 2008

Կրքեր Թուրքիայի նախագահի ազգային պատկանելության շուրջ. Գյուլին առաջարկում են ԴՆԹ-թեստ հանձնել

HayInfo- 24-12-2008- Թուրքիայի ընդդիմական Հանրապետական ազգային կուսակցության անդամ Ջանան Արիթմանը, որը վերջերս կտրուկ քննադատության էր ենթարկել նախագահ Աբդուլլա Գյուլին եւ ակնարկել, որ նախագահի մայրը ազգությամբ հայ է, Գյուլին առաջարկում է ԴՆԹ-թեստ հանձնել, որպեսզի հաստատի իր էթնիկական պատկանելությունը: «Այսօր մարդու էթնիկական պատկանելությունը որոշում են ոչ թե նրա տոհմածառի ուսումնասիրությամբ, այլ՝ ԴՆԹ-թեստի միջոցով: Օսմանյան Թուրքիայում բոլոր նորածիններին, որոնք իրականում մուսուլմաններ չէին, հատկացվում էին փաստաթղթեր, որոնցում ասվում էր, որ նրանց հայրերը մուսուլմաններ են: Ուստի, ոչ ոք չի կարող ապացուցել իր էթնիկական պատկանելությունը տոհմածառի միջոցով»,- հայտնել է Ջանան Արիթմանը: Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.NetԽոսելով այն մասին, որ Գյուլն արդեն դատարան է դիմել Արիթմանի առնչությամբ դատական հետաքննություն սկսելու հայցով՝ ընդդիմական կուսակցության անդամը նշել է, որ դա նախագահի իրավունքն է, եւ ինքն անհրաժեշտության դեպքում փաստաթղթեր եւ վկայություններ կներկայացնի Գյուլի մոր հայկական ծագման մասին, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:Վերջերս Ջանան Արիթմանը քննադատության է ենթարկել նախագահ Աբդուլլա Գյուլի վերաբերմունքը «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավի հանդեպ: Նրա խոսքերով, քարոզարշավի կազմակերպիչներին ոգեշնչել է Գյուլի այցը Հայաստան: Բացի այդ, պատգամավորը ակնարկել է, որ երկրի նախագահի մայրը ազգությամբ հայ է: «Մենք տեսնում ենք, որ նախագահը օժանդակում է այդ քարոզարշավին: Աբդուլլա Գյուլը պետք է ոչ թե իր էթնիկական արմատների հետեւորդ, այլ հանրապետության նախագահ լինի, նոր թուրք ազգության առաջնորդ: Պարզեք նախագահի էթնիկական արմատները մայրական գծով եւ ինքներդ կտեսնեք»,- հայտնել է Արիթմանը:Նախագահ Աբդուլլա Գյուլը, ի պատասխան տարածված լուրերին իր մոր հայկական ծագման մասին, հայտարարել է, որ իր նախնիները եւ մայրական, եւ հայրական կողմից զտարյուն թուրքեր եւ մահմեդականներ են եղել: Իմ մայրը սերում է Աաթօղլուների ընտանիքից, որն ապրել է Կայսերիի շրջանում: Այնտեղից է նաեւ իմ հայրը: Ես, անշուշտ, հարգում եմ Թուրքիայի բոլոր քաղաքացիների էթնիկ ծագումը, ընտանեկան կապերը: Նրանք բոլորը հավասար իրավունքներ եւ պարտավորություններ ունեն, ինչպես ասվում է երկրի Սահմանադրության մեջ: Ես հպարտանում եմ մեր երկրով, որը հասել է գիտակցության նման մակարդակի»,-հայտարարել է Աբդուլլա Գյուլը:Բացի այդ, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի իրավաբանը դատարան է դիմել պատգամավոր Ջանան Արիթմանի դեմ քրեական գործ հարուցելու հայցով: «Իր քաղաքական շահերից դրդված Արիթմանի տարածած ասեկոսեները, կասկած են հարուցել թուրք առաջնորդի հանդեպ: Նրա հայտարարությունները, որոնք հիմնված են ռասիզմի եւ խտրականության վրա, լուրջ վնաս են հասցրել Աբդուլլա Գյուլի ընտանիքի եւ անձի հեղինակությանն ու վարկին»,- ասվում է Թուրքիայի նախագահի իրավաբան Օմեր Քյուչուքոզքանի հանրագրում: Դրանում նաեւ ընդգծվում է, որ Աբդուլլա Գյուլը հանդիսանում է Թուրքիայի բոլոր քաղաքացիների նախագահը եւ միշտ բացեիբաց արտահայտել է իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում՝ ինչպես Թուրքիայում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: «Իմ պաշտպանյալի դիրքորոշումը խեղաթյուրված է: Բացի այդ, հասարակությանը փորձում էին ներկայացնել, որ, իբր, Աբդուլլա Գյուլը օժանդակում է հասարակության որոշակի հատվածի նախաձեռնությունը, քանի որ նախագահի մայրը հայկական արմատներ ունի: Իհարկե, անհնար է փոխհատուցել այն վնասը, որ հասցվել է իմ հաճախորդի հեղինակությանը, բայց, այնուամենայնիվ, մենք պահանջում ենք, որպեսզի տարածված հաղորդումը հերքվի»,- ասվում է Թուրքիայի նախագահի իրավաբանի հանրագրում:

No comments: