Monday, December 29, 2008

ԻՐԱՆԱՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

2008թ. դեկտեմբերի 7-20-ը Թեհրանի «Սաբա» մշակութային համալիրում, բավական մեծ տարածքի վրա, կայացավ ժամանակակից իրանահայ արվեստագետների ցուցահանդես, ուր այցելուներին ներկայացվում էր 90 գեղանկարիչների մոտ 500 նկարչություն եւ 241 լուսանկար 50 լուսանկարիչներից: Ցուցահանդեսի քարտուղարը Սոհրաբ Հադին էր, պատվավոր նախագահը՝ հանրահայտ արվեստագետ Լիլիթ Տերյանը, իսկ գեղանկարչության եւ լուսանկարչության բաժինների պատասխանատուները հերթաբար՝ Սերոժ Բարսեղյանը եւ Արման Ստեփանյանը: «Իրանահայ արդի արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդես»-ում կարելի էր հանդիպել հին ու նոր շատ անունների, որոնք, ինչպես անցյալում, այսօր եւս, մեր դարավոր համայնքի անունը բարձր են պահում իրենց գործերով՝ Վահան Թրփանջյան, Անդրե Սեւրուգին, Մարգար Ղարաբեգյան՝ (Դեւ), Եսայի Շահիջանյան, Հարություն Մինասյան, Երվանդ, Սմբատ եւ … Վարդան Վահրամյան, Արմոնդ Այվազյան եւ էլի շատ ուրիշներ: Իսկ նոր սերունդի արվեստագետներից կարելի է հիշատակել նաեւ Արմինե Թեմուրյանի, Հրաչ Կարապետյանի, Շաքե Պետրոսյանի, Սուրիկ Ստեփանյանի եւ ուրիշների անուններ, որոնց մեջ ներկայանալի գործերով էին ներկայացել նաեւ Արմինե Բադալյանը, Վահե Խուդավերդյանը, Ադանա Զոհրաբյանը, Անի Արզումանյանը, Թալին Հակոբյանը եւ այլն: Ցուցահանդեսի բացման ժամանակ արվեստագետ Ժանետ Լազարյանը համալիրի տնօրինությանն առաջարկեց սրահներից մեկը կոչել միջազգային ճանաչում գտած իրանահայ անվանի գեղանկարիչ Մարկո Գրիգորյանի անունով, նամանավանդ, որ վերջինիս ծննդյան օրերի հետ համընկնում էր ցուցահանդեսի բացումը: Մարկո Գրիգորյանը ծնվել էր 1925թ. դեկտեմբերի 5-ին: Բավական հարուստ այս ցուցահանդեսի թերություններից այն էր, որ գործերի ընտրություն չէր կատարվել, կամ ընտրություն կատարողները մասնագիտությունը զոհել էին ինչ-որ պատճառով, գուցե էլ մտածել էին, որ սա իրանահայ արվեստագետների համատեղ ու մեծ, առաջին ու վերջին ցուցահանդեսն է լինելու, այդ դեպքում էլ արդարանալի: Ըստ Ժանետ Լազարյանի, ցուցահանդեսի կարեւոր պակասներից էր նաեւ գիրք եւ կատալոկ չունենալն ու նաեւ այն, որ չուներ արվեստից տեղյակ ուղեցույցներ, որն ինչ-որ չափ արժեզրկում է բուն գործը:

No comments: