Չորսօրյա այս ժողովը, որ լիբանանյան դեպքերի հետեւանքով կայանում էր երկու տարի ուշացումով, ունկնդրեց Ազգային կենտրոնական վարչության Կրոնական ու Քաղաքական ժողովների տեղեկագրերը, ապա քննարկեց «հայեցի եւ կրոնական դաստիարակության, միջեկեղեցական հարաբերությունների, հայ ժողովրդի իրավունքների հետապնտման, մերօրյա խնդիրների ու մարտահրավերների հետ առնչվող որոշ հարցեր»:
Առայսօր մանրամաս տեղեկություններ չեն հրապարակվել հիշյալ ժողովի ճշտած ընդհանուր քաղաքականությունների վերաբերյալ, իսկ եթե հիմք ընդունենք ցայժմ հրապարակվածը այդ դեպքում կարող ենք ասել նիստերն անցել են ջերմ մթնոլորտում, քաղցր լոզունգներով, մեկ խոսքով՝ «ամեն ինչ լավ կլինի՝ ազգը մտահոգվելու պետք չունի»:
Արամ Ա կաթողիկոսը ժողովի բացման իր խոսքում շեշտ է դրել եկեղեցաշինության, ազգաշինության եւ հայրենաշինության վրա, խոսել դրանց հետ կապված խնդիրների հավանական լուծումների մասին:
Վեհափառը, խոսելով հոգեւոր կյանքի աշխուժացման մասին, նշել է. «Արդ, պետք է ընել այնպէս, որ հայ ընտանիքը լեցվի մեր եկեղեցու հոգեւոր ու բարոյական արժեքներով եւ ավանդություններով, հայ դպրոցին մեջ ջամբվող հայեցի դաստիարակությունը ներդաշնակվի կրոնական դաստիարակության»:
Արամ կաթողիկոսը անդրադառնալով Հայ Եկեղեցու վերանորոգման անհրաժեշտությանը, հավելել է. «Մեր ժողովուրդի ներկա մտահոգություններուն եւ սպասումներուն դիմաց իր կոչումը ազդու կերպով իրագործելու համար՝ մեր եկեղեցին հրամայական կարիքն ունի ներքին վերանորոգումի ու լուրջ բարեկարգումի»: Վեհափառը հավաստիացնելով, որ հայ կյանքի մեջ միայն Հայ Եկեղեցին «կկարողանա դառնալ ճշմարիտ առաքյալը հոգեւոր ու բարոյական արժեքներու», շեշտել է. «Անհրաժեշտ է, հետեւաբար, որ Ամենայն հայոց կաթողիկոսությունը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը միասնաբար լծվին նման անհետաձգելի աշխատանքին»:
Վեհափառն իր խոսքերի մի այլ բաժնում, ասել է. «Տակավ աճող ու տարածվող եւ այլասերման վտանգներուն անմիջականորեն ենթակա Սփիւռքի մեջ հայ դպրոցի դերը դարձած է ճակատագրական: Իսկ համաշխարհայնացումի հառաջացուցած կենցաղակերպի, մտածելակերպի ու գործելակերպի նոր պայմանները, մեզ շրջապատող բազմակրոն ու բազմամշակույթ ընկերության հառաջացուցած նոր վտանգները, հայ դպրոցին ենթակայությունը՝ պետական-կրթական խիստ պահանջներուն, ու տակավին հայ դպրոցին դիմագրաված տնտեսական դժվարությունները, հայ աշակերտության թիվի նվազումը եւ հայ ուսուցիչներու պակասը լուրջ տագնապի մատնած են հայ դպրոցը»:
Բացման արարողությունից հետո Ազգային ընդհանուր ժողովը լսումների եւ քննարկումների անցավ, իսկ օրակարգի վերջին կետով, դեկտ. 5-ին, հաջորդ քառամյակի համար, ընտրեց Կենդրոնական վարչության Կրոնական եւ Քաղաքական ժողովների անդամներին, ըստ հետեւյալի.
Կրոնական ժողով
Սեպուհ արք. Սարգսյան, Արտավազդ արք. Թրթռյան, Կոմիտաս արք. Օհանյան, Վարուժան արք. Հերկելյան, Խաժակ արք. Հակոբյան, Մուշեղ արք. Մարտիրոսյան, Գեղամ եպս. Խաչերյան, Նարեկ եպս. Ալեեմեզյան, Շահան եպս. Սարգսյան, Շահե եպս. Փանոսյան, Եղիշե Ծ. վրդ. Մանճիկյան, Գրիգոր Ծ. վրդ. Չիֆթճյան եւ Մասիս վրդ. Զոպույան:
Քաղաքական ժողով
Լեւոն Դավթjան, Հակոբ Աթեշյան, Վիգեն Գասապյան, Տիգրան Ճինպաշյան, Պետրոս Գարաճրճյան, Հրաչ Հաճեթյան, Վահե Յագուպյան, Տրդատ Մանկիկյան, Խաժակ Տիքիճյան, Ժիրայր Պասմաճյան, Հակոբ Յափուճյան, Տարոն Ավետիսյան եւ Արա Տեմիրճյան:
Հիշատակելի է, որ Թեհրանի հայոց թեմից հիշյալ ժողովին մասնակցում էին թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, Թեմական խորհրդի նախագահ դոկտ. Այդա Հովհաննիսյանն ու պարոնայք Նորայր Արամյանը, Վահե Հախինյանը, Հարություն Աբնուսյանը, Աշոտ Սինանին, Վահիկ Դարուսյանը, Իսրայել (Էսիկ) Տեր-Ստեփանյանը եւ Արա Շահնազարյանը: Սպահանից՝ թեմի առաջնորդ Տ. Բաբգեն եպիս. Չարյանը, Թեմական խորհրդի ատենապետ՝ Վրեժ Տեր-Մարտիրոսյանը, ՊԺ ատենապետ՝ Աշոտ Դավթյանը եւ Կրոնական խորհրդի ատենապետ՝ Վարուժ Մովսիսյանը: Իսկ Ատրպատականի հայոց թեմը ներկայացնում էր Ուրմիայի հոգեւոր հովիվ՝ հայր Անանիա Կուճանյանը:
Որպես բացատրություն ավելացնենք նաեւ, որ Ազգային ընդհանուր ժողովը Տանն Կիլիկիո կաթողիկոսության գերագույն օրենսդիր ժողովն է: Նա է ընտրում Ազգային կենտրոնական վարչությունը, որն իր Կրոնական եւ Քաղաքական ժողովներով Կաթողիկոսության գործադիր մարմինն է: Ազգային ընդհանուր ժողովն է ճշտում Կաթողիկոսության ընդհանուր քաղաքականությունը ու նաեւ քննում եւ հաստատում նրա բյուջեի նախահաշիվը:
Monday, December 29, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment