- Ինչպե՞ս եք գնահատում նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված հռչակագիրը: Որքանո՞վ է այն նպաստում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Մոսկվայի Հռչակագիրը կարեւոր ներդրում է Մինսկի խմբի ջանքերին եւ հակամարտող կողմերին կօգնի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի եւ հավասարակշռված կարգավորմանը: Մասնավորապես, Մոսկվայի Հռչակագիրն ընդգծում է նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի կողմից հակամարտության քաղաքական, հետեւապես նաեւ խաղաղ կարգավորման ճանաչումը: Բացի այդ, Հռչակագիրը նաեւ ընդգծում է խաղաղ կարգավորման հասնելու նպատակով Մինսկի խմբի շրջանակներում աշխատելու կարեւորությունը, կարգավորում, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա, որը հնարավորություն կտա հավասարակշռություն գտնել հելսինկյան վերջնական ակտով սահմանված տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքների միջեւ:
-Չե՞ք կարծում, որ ԼՂՀ-ի մասնակցությունը բանակցություններին ավելի արդյունավետ կդարձներ կարգավորման գործընթացը:
Կարգավորման գործընթացն, ընդհանուր առմամբ, հարաբերականորեն լավ է ընթանում եւ կարող է նույնիսկ արագանալ` զուգահեռ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` միմյանց նկատմամբ որոշ վստահության ձեռքբերման: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության տեսակետներն արդեն իսկ ներգրավվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից միջնորդվող քննարկումներում: Մենք ակնկալում ենք, որ ԼՂՀ իշխանությունները պաշտոնապես կներգրավվեն բանակցություններում:
-Ի վերջո, ի՞նչ դեր է վերապահված ԼՂՀ-ին հակամարտության կարգավորման գործընթացում:
Մինսկի խմբի համանախագահները գիտակցում են, որ ԼՂՀ-ի տեսակետները պետք է արտացոլված լինեն ցանկացած կարգավորման մեջ, եթե այդ կարգավորումը պետք է լինի արդարացի եւ տեւական:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն օրինաչափությունը, որ մամուլում պարբերաբար հայտնվում են ձեզ վերագրվող հայտարարություններ, իսկ ավելի ուշ դուք հանդես եք գալիս դրանք հերքող հայտարարություններով:
Այսպիսի դեպքերի ճնշող մեծամասնությունը վատ թարգմանությունների արդյունք է: Ես շատ հարցարզրույցներ եմ տալիս գրավոր անգլերենով, ինչպես եւ այս դեպքում: Չգիտեմ ինչու, այսպիսի գրավոր հարցազրույցները հաճախ թարգմանվում են ռուսերեն (կամ ադրբեջաներեն, կամ հայերեն), իսկ հետո կրկին թարգմանվում են անգլերեն եւ սխալ են թարգմանվում: Սա հաճախ արդյունքն է նրա, որ թարգմանիչն ընտրում է սխալ անգլերեն բառը` թարգմանելու այն, ինչ ես բնագրում ասել եմ անգլերեն` այս կերպ աղճատելով իմ կողմից մեծագույն զգուշությամբ ընտրված այն նրբիմաստ արտահայտությունների նշանակությունները:Այլ դեպքերում, լրագրողները, երբ ինձ հարց են տալիս, արդեն իրենց մտքում պատրաստ գրված ունենում են իրենց հոդվածները, եւ ավելի շուտ լսում են այն, ինչ ցանկանում են լսել, քան այն, ինչ ես իրականում ասում եմ:Թեեւ սա նյարդայնացնող հանգամանք է, ես չեմ բարկանում: Ես հասկանում եմ, որ այս դժվարություններն այն գինն են, որը ես վճարում եմ ԶԼՄ-ների հետ այդքան բաց խոսելու համար: Քանի որ ես լրագրողների հետ խոսում եմ ավելի հաճախ եւ ավելի բաց, քան շատ դիվանագետներ, այս դժվարություններին ես ավելի հաճախ եմ հանդիպում: Ինձ համար, որպես Մինսկի խմբի համանախագահի, կարեւոր է անել առավելագույնը` բացատրելու, թե ինչ է տեղի ունենում բանակցությունների ընթացքում բոլորին, ովքեր այնքան խորապես հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ:
-Որքանո՞վ է ռուս-վրացական օգոստոսյան պատերազմը շարունակում ազդել տարածաշրջանային գործընթացների վրա:
Ռուսաստանի ներխուժումը Վրաստան ահռելի ազդեցություն ունեցավ տարածաշրջանային զարգացումների վրա: Ռուսաստանը ցույց տվեց, որ իր իսկ կողմից վտանգավոր սադրանքներին հաջորդած շաբաթների ու ամիսների ընթացքում ցանկանում է օգտագործել հսկայական ուժ այնպիսի բանակի դեմ, որը ռուսականի մեկ հարյուրերորդական հզորությունն ունի: Պատերազմն ի ցույց դրեց, որ Ռուսաստանը ցանկանում է ձեռնարկել ռազմական գործողություններ, որոնք սպառնում են Վրաստանի տարածքով Կասպից ավազանից էներգետիկ հոսքին դեպի համաշխարհային շուկաներ եւ կենսական ապրանքների հոսքին դեպի Հայաստան: Միեւնույն ժամանակ, պատերազմը նաեւ ցույց տվեց, որ միջազգային հանրությունն ի վիճակի է եւ պատրաստակամ` Ռուսաստանին պարտադրել լրջորեն վճարել այսպիսի ռազմատենչ վարքի համար:Միգուցե, ի պատասխան սրան, Ռուսաստանի արձագանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կառուցողական էր: Նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ հանդիպումը, որը հրավիրվել էր նախագահ Մեդվեդեւի կողմից նոյեմբերի 2-ին Մոսկվայում, կարեւոր եւ դրական ներդրում էր Մինսկի խմբի խաղաղարար գործընթացին: Դեսպան Մերզլյակովը ստեղծագործ եւ կառուցողական գործընկեր եւ ընկեր է:
-Ինչպե՞ս եք գնահատում գործընթացները հայ-թուրքական հարաբերություններում: Լավատե՞ս եք, արդյոք, հաշտեցման հնարավորության հարցում:
Թուրքիան եւ Հայաստանը հնարավորություն ունեն պատմական շրջադարձ մտցնել` նորմալացնելով իրենց հարաբերությունները: Սա կնշանավորվի որպես էական եւ դրական զարգացում ողջ տարածաշրջանի համար: Նախագահ Սարգսյանը մեծ խիզախություն եւ հեռատեսություն դրսեւորեց` հրավիրելով նախագահ Գյուլին այցելել Երեւան, իսկ նախագահ Գյուլը դրսեւորեց մեծ խիզախություն եւ հեռատեսություն` ընդունելով այդ հրավերը:
-Որչա՞փ կարող են այսպիսի զարգացումները ազդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
Այսպիսի զարգացումները կարող են արագացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը` օգնելով փոխել հոգեբանությունը ճնշումներից եւ սպառնալիքներից դեպի փոխհամաձայնություն եւ փոխշահավետություն:
-Կարո՞ղ է, արդյոք, 2009 թ. շրջադարձային լինել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Ես իսկապես հավատում եմ, որ կարգավորումը հնարավոր է 2009 թ.-ին, չնայած չէի ասի, որ պաշտոնապես խաղաղ կարգավորումը հավանական է այս ժամկետում: Մեր գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի վերջնականացնել հիմնարար սկզբունքները, ինչն, իրոք, կարող է եւ պետք է տեղի ունենա մինչեւ 2009 թ.-ի կեսերը:
- Ըստ ձեզ` որո՞նք են այն հիմնական սկզբունքները, որ պետք է հիմք հանդիսանան հակամարտության կարգավորման համար:
Ինչպես արդեն նշել եմ, խաղաղ կարգավորումը պետք է ներառի հելսինկյան վերջնական ակտում սահմանված տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ռազմական ուժի չկիրառման սկզբունքները: Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները եւ Մինսկի խմբի բոլոր երկրները, բոլորն էլ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բայց մենք նաեւ գիտակցում ենք ինքնորոշման եւ ռազմական ուժի չկիրառման անհրաժեշտությունը այնպես, որ այն փոխադարձաբար ընդունելի լինի հակամարտող կողմերի համար:
-Շուտով լրանում է ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեր համանախագահության ժամկետը: Ինչպե՞ս կգնահատեք ձեր աշխատանքը Մինսկի խմբի շրջանակներում: Հնարավո՞ր է, արդյոք, որ Դուք, այնուամենայնիվ, շարունակեք համանախագահել Մինսկի խմբում:
Եթե համանախագահության իմ ժամկետը լրանալու լիներ այսօր, ես բավարարված կլինեի, քանզի արել եմ իմ ուժերից բխած ամեն ինչ` օգնելու նախագահներին շարժվել դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում: Ես խորապես կապված եմ հարավկովկասցիների հետ եւ ձգտում եմ օգնել նրանց` հասնելու իրենց նպատակներին` խաղաղության, բարգավաճության եւ ազատության: Թե որքան ժամանակ ես կվայելեմ որպես Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ ծառայելու պատիվը, կախված է մեր նոր պետքարտուղարից:
Hedq. 29-12-2008
Tuesday, December 30, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment