Եվրամիությունը Թուրքիային կոչ է անում ակտիվացնել բարեփոխումներին ուղղված ջանքերը, եթե պաշտոնական Անկարան իրոք ձգտում է եվրոպական ընտանիքին անդամակցության: Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը «Ռոյթերզ» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է, որ 2009 թվականը այդ երկրի համար լինելու է փորձաշրջան, որի ընթացքում պարզ կդառնա, թե որքանով են լուրջ կառույցին անդամակցելու Թուրքիայի ձգտումները:
«Թուրքիան պետք է հաղթահարի ներքին տարաձայնությունները եւ արդեն հաջորդ տարվա սկզբին վերադառնա տեւական ժամանակ ձգձգվող բարեփոխումներին: Որքան շուտ` այնքան լավ: Ամենաուշը մարտին կայանալիք տեղական ընտրություններից հետո այդ բարեփոխումները պետք է կյանքի կոչվեն», - նշել է հանձնակատարը:
Օլի Ռենը առաջնահերթ է համարել Թուրքիայի Սահմանադրության փոփոխությունները, որոնք հնարավորություն կտան վերացնել խոսքի, դավանանքի ազատությունը սահմանափակող արգելքները եւ պաշտպանել ազգային փոքրամասնությունների իրավունքները: Թուրքիայի օրենսդրությունը, ըստ նրա, պետք է համապատասխանեցվի եվրոպական չափանիշներին:
Եվրամիությանը անդամակցության բանակցությունները Թուրքիան սկսել է 2005 թվականից, սակայն, ըստ փորձագետների, դանդաղ առաջընթաց է արձանագրվում, եւ երկիրը խնդիր ունի եվրոպական կառույցներին ապացուցել, որ եվրոպական արժեքները որդեգրելու իրական ցանկություն ունի:
«Ռոյթերզ»-ի հետ Օլի Ռենի հարցազրույցի նախօրեին Բաց հասարակության ինստիտուտն ու Ստամբուլի Բոսֆորի համալսարանը համատեղ զեկույց էին հրապարակել, որտեղ մասնագետները եզրակացնում են, որ Թուրքիայում նվազելու փոխարեն աճում է անհանդուրժողականությունը այլ դավանանքի քաղաքացիների նկատմամբ:
«Ինչ է նշանակում չլինել բոլորի պես» վերնագրված զեկույցում մատնանշվում են խտրականության կոնկրետ փաստեր, ինչը հիմք է տվել մասնագետներին եզրակացնելու, որ «երկրում ծաղկում է կրոնական պահպանողականությունը, դա առաջ է բերում ավելի ու ավելի մեծ անհանդուրժողականություն նրանց նկատմամբ, ովքեր չեն ներկայացնում սուննի մեծամասնությունը»:
Իսկ այս քաղաքականությունը, ըստ զեկույցի, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կառավարման հետեւանք է, որը չի պայքարում բնակչության տարբեր խմբերի իրավունքները պաշտպանելու համար:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
Tuesday, December 23, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment