Sunday, December 28, 2008

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկվեց «Համահայկական բանկի մասին» օրենսդրական փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 23-ին Հայաստանի Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ ձեռնամուխ եղավ «Համահայկական բանկի մասին» օրինագծի եւ դրանից բխող մի շարք գործող օրենքներում լրացումների փաթեթի քննարկմանը: Ինչպես նշեց հիմնական զեկուցող, ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանը, Համահայկական բանկի նպատակն է նպաստել ուժեղ, մրցունակ եւ գիտելիքի վրա հիմնված հայկական ներուժի ձեւավորմանը, այն ուղղել ամբողջ հայության մրցունակության ավելացմանը համաշխարհային շուկայում: Բանկը լինելու է բաց բաժնետիրական ընկերություն եւ իրականացնելու է բանկերին բնորոշ գործառնություններ, բացառությամբ ռեզիդենտներից հրապարակային առաջարկի միջոցով միջոցներ ներգրավելուց: Այն ֆինանսական շուկայում երկարաժամկետ ներդրումների խրախուսման նպատակով մշակելու եւ իրականացնելու է կրթական նախագծեր, ձեւավորելու է նախագծերի առաջարկի եւ պահանջարկի տեղեկատվական հարթակ: Բանկի գործունեությունը վերահսկվելու է Կենտրոնական բանկի եւ Ազգային մրցունակության խորհրդի կողմից: Բանկի ընդհանուր կապիտալի չափը պետք է լինի ՀՀ տարածքում ստեղծվող առեւտրային բանկի համար սահմանված ընդհանուր կապիտալից ոչ պակաս: Ըստ Ա.Ջավադյանի, առաջիկայում բանկի ներկայացվելիք բիզնես ծրագրում կանոնադրական կապիտալի չափը նախատեսվում է սահմանել 100 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար կամ 30 մլրդ դրամ: Պետության մասնակցության չափը դրանում լինելու է 6 մլրդ դրամ: Համահայկական բանկի գործունեության սկզբունքներն են. բանկը պետք է ներդրումներ իրականացնի միայն շահութաբեր ծրագրերի մեջ եւ չպետք է մրցի ՀՀ տարածքում դործող առեւտրային բանկերի հետ: Այն պետք է գործի Համագործակցության եւ զարգացման եվրոպական կազմակերպության (OECD) կողմից ընդունված կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան: Բանկը պետք է օգտվի որոշակի հարկային արտոնություններից, մասնավորապես, ոչ ռեզիդենտների շահաբաժինները ազատվելու են շահութահարկից: Բանկը նաեւ ազատվելու է գրանցման եւ լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումից: ԿԲ-ի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ արդեն կան պայմանավորվածություններ ֆինանսական խոշոր միջազգային կազմակերպությունների եւ ազգությամբ հայ բիզնեսմենների հետ` բանկի կանոնադրական կապիտալում մասնակցելու համար: Նա նշեց, որ Համահայկական բանկի հիմնական մասնակիցները եւ արժեթղթերի թողարկումը լինելու են Հայաստանի տարածքից դուրս:

No comments: