ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ին Հայաստանում հաստատապես չեն իրականանալու կանխատեսումները այն ուժով, ինչպիսի ուժով ենթադրվում է` այն պարզ պատճառով, որ երկրի ղեկավարության կողմից հսկայական աշխատանք է կատարվել` առանց աղմուկի, առանց դրանից քաղաքական դիվիդենտներ շահելու ակնկալիքի, եւ այդ հսկայական աշխատանքը անպայման արդյունք է տալու: Դեկտեմբերի 23-ին զանգվածային լրատվամիջոցների համար ՀՀ նախագահական նստավայրում կազմակերպված ամանորյա ընդունելությանը հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` նկատի ունենալով Հայաստանի վրա միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքների վերաբերյալ կանխատեսումները:
«Թող 2009թ.-ն լինի հաջողության տարի, թող 2009թ.-ն մենք համատեղ ջանքերով կարողանանք մեր երկիրը տանել զարգացման ճանապարհով: Թող 2009թ.-ին Հայաստանում ավելի շատ ամուսնություններ լինեն, ավելի շատ ուրախություններ լինեն, քան նախկին տարիներին»,- ասաց երկրի ղեկավարը: Նա արձանագրեց, որ 2008թ.-ին իրադարձությունների պակաս չկար ոչ հանրապետությունում, ոչ տարածաշրջանում, եւ ոչ էլ աշխարհում ընդհանրապես: «Բայց լուրերը, ցավոք սրտի, միշտ չէ, որ հաճելի էին, միշտ չէ, որ մեզ ուրախացնում էին»,- ասաց ՀՀ նախագահը` մաղթելով, որ 2009թ.-ն եւս հագեցած տարի լինի, որ լրագրողներն ու լրատվամիջոցները առանձնապես մեծ պրոբլեմներ չունենան հասարակությանը իրազեկելու, լավ նյութ գտնելու, իսկ նյութերի մեջ էլ գերակշռի դրականը: «Ցանկանում եմ, որ մենք կարողանանք 2009թ.-ին ձեզ հետ միասին օժանդակել դրական գործընթացներին, ցանկանում եմ, որպեսզի 2009թ.-ին չիրականանան մռայլ կանխատեսումները, որ հաճախ հանդիպում ենք ոչ միայն հայկական լրատվամիջոցներում, այլ աշխարհում ընդհանրապես: Ես վստահ եմ, որ մենք 2009թ.-ին ունենալու ենք հաջողություններ: Ես վստահ եմ, որ 2009թ.-ին տեղի են ունենալու իրադարձություններ, որոնք մեր ժողովրդի մեջ ամրապնդելու են հավատը վաղվա օրվա նկատմամբ, 2009թ.-ին տեղի են ունենալու իրադարձություններ, որոնք ամրապնդելու են մեր երկրի անվտանգությունը»,- ասաց ՀՀ նախագահը:
Sunday, December 28, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment