Ժառանգություն կուսակցությունը համարում է, որ Երեւանի մասին օրենքը, որով սահմանվում է Երեւանի քաղաքապետի ընտրության կարգը, գրված է կարծես թե մեկ մարդու հագով եւ նաեւ ինչ որ մեկ մարդու դեմ: Այդ մեկ մարդը, ում դեմ է գրված օրենքը, ըստ Ժառանգության, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է: Ընդ որում, Ժառանգության վարչության նախագահ Անահիտ Բախշյանն ու խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, որ դեկտեմբերի 25-ին Հայացք ակումբում հանդիպում էին լրագրողների հետ, նշել են, թե անգամ խորհրդարանի կոալիցիոն մեծամասնության պատգամավորներն են մասնավոր զրույցներում ընդունում, որ օրենքը գրվել է Րաֆֆի Հովհաննիսյանին քաղաքապետի ընտրությանը մասնակցություն թույլ չտալու համար: Բանն այն է, որ ըստ օրենքի նախագծի, որն ընդունվել է դեռեւս միայն առաջին ընթերցմամբ, սահմանվում է, որ Երեւանի ավագանու համամասնական ընտրություն է լինելու, որտեղ մասնակից կուսակցություններից ամենաշատ ձայն ստացած ուժն էլ ավագանում մեծամասնություն կազմելով ընտրելու է քաղաքապետ, իր իսկ ցուցակի առաջին համարին: Խնդիրը պարզապես այն է, որ Երեւանի ավագանու ընտրությանը, ըստ օրինագծի, չի կարող մասնակցել Ազգային ժողովի պատգամավորը: Այսինքն, Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող դառնալ ավագանի, որ հետո դառնա քաղաքապետ, եթե իհարկե Ժառանգությունը հաղթի ավագանու ընտրությանը: Դառնալու համար Հովհաննիսյանը պետք է վայր դնի պատգամավորական մանդատը: Ունի արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքապետ դառնալու ցանկություն: Այդ հարցին Արմեն Մարիտրոսյանն ու Անահիտ Բախշյանը չեն պատասխանել, ասելով, թե դա թերեւս հենց Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանելիք հարցն է, բայց նրանք ասել են, որ Ժառանգությունը Երեւանի քաղաքապետի ընտրությանը մասնակցելու է:
Saturday, December 27, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment