Saturday, December 27, 2008

2008-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՍԿՍԵՑ ԴԱՆԴԱՂԵԼ

Azg. 27-12-2008- 2008-ին Հայաստանի տնտեսության վիճակն այնքան էլ հաջող չէր, եթե համեմատելու լինենք նախորդ 6-7 տարիների հետ: 11 ամիսների տնտեսական աճը կազմեց 7,2 տոկոս: Մինչդեռ 2007-ի տարեկան աճը կազմել էր 13,8 տոկոս: Չնայած դեռ հայտնի չեն դեկտեմբերի տվյալները, ակնհայտ է, որ տնտեսական աճի տեմպը այս տարի դանդաղել է մոտ 6 տոկոսային կետով: Զգալի էր անկումը վերջին տարիներին ավանդաբար բարձր աճ արձանագրած շինարարության եւ ծառայությունների ճյուղերում: Շինարարությունում աճը 1,6 տոկոս էր՝ ավանդաբար 15-16 տոկոս աճի փոխարեն, իսկ ծառայությունների ոլորտում՝ 13 տոկոսի շրջակայքում, նախորդ տարիների 17-20 տոկոսի փոխարեն: Արդյունաբերության աճը մոտ 3 տոկոս էր: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը շարունակեց խորանալ, 11 ամիսներին հասնելով գրեթե 3 մլրդ դոլարի: Ներմուծման ծավալներն աճեցին: Դժբախտաբար, արտահանումը ոչ միայն չաճեց, այլեւ մի քանի տոկոսով զիջեց նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: Գաղտնիք չէ, որ երկրի տնտեսության վրա բացասաբար ազդեցին արտաքին եւ ներքին ոչ բարենպաստ հանգամանքները: Առաջին լուրջ հարվածը մեր տնտեսությունը կրեց փետրվար-մարտին՝ ընտրություններում պարտված քաղաքական ուժի հրահրած զանգվածային անկարգություններով: Հետեւանքներն անմիջապես ազդեցին զբոսաշրջության, հուշանվերների արտադրության եւ անշարժ գույքի շուկայի վրա: Հայաստանի տնտեսությանը ներսից հարվածներ հասցնողներին հաջորդեց արտաքին հարվածը՝ օգոստոսին բռնկված ռուս-վրացական պատերազմի հետեւանքով: Սրանց հաջորդեց միջազգային ֆինանսական ճգնաժամը, որն այս տարեվերջի եւ եկող տարվա ամենալուրջ մտահոգությունն է դարձել ինչպես աշխարհի բոլոր երկրների, այնպես էլ Հայաստանի իշխանությունների համար: Թեեւ Հայաստանի ֆինանսական համակարգը մեր երկրում կապիտալի շուկայի բացակայություն եւ բանկերի բարձր կապիտալիզացիայի ու իրացվելիության շնորհիվ գրեթե զերծ մնաց միջազգային ճգնաժամի ազդեցությունից, դրա հետեւանքները սկսեցին զգացնել տալ տնտեսության այլ ճյուղերում: Մասնավորապես, մետաղների միջազգային գների անկումը բացասաբար ազդեց Հայաստանի հանքարդյունաբերության վրա, եւ ճյուղի 3 խոշոր ձեռնարկություններ դադարեցրեցին գործունեությունը:
Տարվա արժանահիշատակ իրադարձությունները Դրանք այնքան էլ շատ չէին: Առաջինը «Հայկական երկաթուղին» «Ռուսական երկաթուղի» ընկերությանը 30-ամյա կոնցեսիոն կառավարման հանձնելն էր: Համաձայն մրցույթը շահած «Ռուսական երկաթուղու» ներդրումային ծրագրի, Հայաստանի շրջափակումը շարունակվելու դեպքում ընկերությունը «Հայկական երկաթուղում» կկատարի 572 մլն դոլարի ներդրում, որից 220 մլն դոլարը՝ կառավարման առաջին 5 տարում: Այդ ներդրումները կարող են հասնել 2,2 մլրդ դոլարի, եթե գործեն Հայաստանը հարեւան երկրների հետ կապող բոլոր երկաթուղային ճանապարհները: Հաջորդը Երեւանի ՋԷԿ-ի տարածքում նոր էներգաբլոկի շինարարությունն է, որի համար ճապոնական կառավարությունը հատկացված 100 մլն դոլար վարկին այս տարի ավելացրեց եւս 150 մլն դոլար: Նախատեսված է շինարարությունն ավարտել 2010-ի ապրիլին: Նոր ջերմաէլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիան շուրջ 2,5 անգամ ավելի քիչ գազի ծախս կպահանջի եւ մի քանի տասնյակ անգամ նվազ արտանետումներ կունենա: Արժե նաեւ հիշատակել Իրան-Հայաստան գազատարի կառուցման ավարտը, Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման նախագծի իրական դառնալը: Այս տարի հայտնի դարձավ Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորը՝ ֆրանսիական «Ֆրանս Տելեկոմը»՝ «Օրանժ» ապրանքանիշով: Սպասվում է, որ 2009-ի առաջին ամիսներին ընկերությունը կսկսի իր առարկայական գործունեությունը Հայաստանում: 2008-ին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը եւ հռչակեց տնտեսական բարեփոխումների նոր քաղաքականությունը: Վարչապետը ներկայացրեց հարկային եւ մաքսային բարեփոխումների նոր փաթեթ, որը հիմնականում կսկսի գործել 2009-ից:
Ինչպիսի՞ն կլինի 2009-ը Ամենայն հավանականությամբ, մեր տնտեսության բոլոր ճյուղերը կզգան միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը: Պահանջարկի եւ հետեւաբար զարգացման տեմպերի ընդհանուր նվազում կարձանագրվի: Սակայն, Հայաստանում ճգնաժամը չի ունենա այն դրսեւորումները, ինչպես դա եղավ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում: Այնուհետեւ, ճգնաժամի առավելագույն ազդեցությունը Հայաստանի վրա եղավ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին, երբ հանքարդյունաբերությունն ու շինարարությունը կտրուկ անկում արձանագրեցին: Հետեւաբար, թեեւ ճգնաժամը կշարունակի ազդել, բայց դրա ազդեցության գագաթնակետն արդեն անցյալում է: Ամեն պարագայում, ճգնաժամի ազդեցություններին հնարավոր կլինի դիմակայել, եթե կառավարությունը կարողանա կյանքի կոչել փոքր եւ միջին բիզնեսի համար խոշոր վարկային միջոցներ հայթայթելու եւ խոշոր ենթակառուցվածքային շինարարություն սկսելու իր խոստումները: Դրանց իրականացման դեպքում, ինչպես նաեւ շնորհիվ հումքի միջազգային գների նվազման, բանկային համակարգի կայունության եւ վստահելիության, Կենտրոնական բանկի կողմից շուկայի կարգավորման նպատակով կիրառվող գործիքակազմի շնորհիվ, մեզ, թերեւս, կհաջողվի դիմակայել ճգնաժամին: ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

No comments: