Monday, December 8, 2008

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ

Մինչեւ տարեվերջ երկարաձգվել է ինտերնետ ծառայություններ ստանալու համար «ԱրմենՏել» եւ «TURKISH TELECOM» ընկերությունների միջեւ պայմանագրի ստորագրումը: «ԱրմենՏել» ընկերության վաճառքի գծով տնօրեն Գենադի Կալգաշկինը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ հայկական կողմը մինչ օրս իր առաջարկների պատասխանը չի ստացել, եւ այսօրվա դրությամբ պայմանագրի ստորագրման համար վերջնական ժամկետներ չկան: «Թեեւ թուրքական կողմը իրեն պասիվ է պահում, սակայն հույս ունեք, որ մինչեւ տարեվերջ պատասխան կստանանք»,-ասաց նա: Հնարավո՞ր է, որ թուրքական կողմը հրաժարվի պայմանագրի ստորագրումից` «Ա1+»-ի հարցին, նա պատասխանեց. «Իմ կարծիքով` նրանց անհրաժեշտ է համագործակցությունը համաձայնեցնել իրենց իշխանության հետ, քանի որ, ըստ իս, այդ գործընթացը քաղաքականորեն կարեւոր է եւ կարծում եմ, դրա պատճառով է ձգձգվում»: Հիշեցնենք, որ դեռ սեպտեմբերին «ԱրմենՏել» ընկերության տնօրեն Նեյչո Վելիչկովը տեղեկացրել էր, որ եւ «ԱրմենՏելը», եւ «TURKISH TELECOM»-ը համապատասխան ծառայություն իրականացնելու համար Երեւանից եւ Անկարայից թույլտվությունը ստացել են ու մինչեւ տարեվերջ կհստակեցնեն ծառայության մատուցման պայմանները: Հայաստանը այսօր ինտերնետ ծառայություններ ստանում է Վրաստանից /երեք կապուղի/ եւ Իրանից /մեկ կապուղի/: Ըստ Գենադի Կալգաշկինի` Վրաստանի հետ երրորդ կապուղին գործարկվել է նոյեմբերի 3-ին եւ դրական անդրադարձել ինտերնետային ծառայությունների որակի վրա, նախորդ ամսվա համեմատ էլ աճել է օգտվողների թիվը: Ինչ վերաբերում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը, ապա «ԱրմենՏելի» վաճառքի գծով տնօրենը մեկնաբանեց, որ թեեւ վերջին կես տարում հեռահաղորդակցման ոլորտի արժեթղթերը անկում են ապրել , սակայն վերջին երեք օրում աճ է նկատվում: «Կարծում եմ հոռետեսությունը արժեթղթերի շուկայում պետք է նվազի, քանի որ արդեն դրական միտումներ են նկատվում: Ինչպես մասնագետներն են ասում` ցուլերը վերցնում են իրենցը: Իմ կարծիքով, ամեն ինչ պայմանավորված է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի տնտեսական իրավիճակով, որտեղ արդեն տեսնում ենք, շուկայի աճ»,-ասաց Գենադի Կալգաշկինը եւ հավելեց, որ շատ ընկերություններ այսօր սպասելով ճգնաժամի` դրանից ազատվելու փորձեր են անում, ինչն էլ իր հերթին ստեղծում է ճգնաժամային իրավիճակ: «Այդ պատճառով անհրաժեշտ եմ համարում սպասել նորմալացմանը, որից հետո միայն աճ կլինի»,- ասաց նա:

No comments: