Hedq . 29-12-2008- Այսօր ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը տարվա աշխատանքներն ամփոփող մամուլի ասուլիս է հրավիրել: Պաշտպանության նախարարի խոսքերով, այս տարվա ընթացքում կարողացել են իրականացնել ԼՂՀ զինված ուժերի առջեւ դրված կարեւորագույն խնդիրը` պետական սահմանի պահպանությունը եւ ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովումը:
Նա մատնանշելով մարտի 3-4-ի եւ նոյեմբերի 16-ի շփման գծի խախտման դեպքերը, շեշտել է, որ այս տարվա ընթացքում հակառակորդին ոչ մի անգամ չի հաջողվել առաջին գծում ունենալ հաջողություններ: Բոլոր այն սադրանքները, որոնք փորձել է հակառակորդը գործադրել առաջին գծում` համարժեք պատասխաններ են ստացել: «Բացի այդ, տարվա ընթացքում հակառակորդը բազմաթիվ փորձեր է կատարել ` բարելավել իրենց դիրքերը առաջնային գծում: Այս տարի միակ տարին է, որ կարող ենք արձանագրել, որ հակառակորդին չի հաջողվել իր դիրքերը բարելավել»,-նշել է նախարարը, ավելացնելով, որ ԼՂՀ ՊԲ-ն այս տարի որոշել է բարելավել իր դիրքերը հյուսիսում, որը հնարավորութուն է ընձեռել բավականին կարեւոր դիրքեր զբաղեցնել, ինչն իր հերթին հնարավորություն կտա մարտական գործողությունների վերսկսման ժամանակ լինել ավելի բարենպաստ դիրքերում եւ հակառակորդի մտահղացումներն ավելի վաղ հայտնաբերել: Խոսքը, ըստ նախարարի, վերաբերում է Հաթերքի շրջանում դիրքերի առաջ տալուն. դիրքերն առաջ են տվել 12 կմ հատվածում 6-8 կմ խորությամբ: «Զբաղեցրել ենք բավականին բարձր դիրքեր, այդ դժվարին պայմաններում կառուցել ենք 28 կմ ճանապարհ, կահավորվել են կացարանները, եւ այսօր հերթապահություն է իրականացվում»,-հավելել է Մովսես Հակոբյանը::Պատասխանելով մադրիդյան սկզբունքների եւ տարածքների հանձնման մասին հարցերին, Մ.Հակոբյանը նշել է, որ պետք է վերջնականապես վերջ տալ այդ ասեկոսեներին: «Կա այսօրվա իրավիճակը. ԼՂՀ զինված ուժերը չեն պատրաստվում ինչ-որ զիջումներ կատարել, ընդհակառակը այս տարի մեր տարածքները մոտ մի քանի հազար հեկտարով ավելացրել ենք»-ասել է նախարարը: Նա նաեւ ընդգծել է, որ զինված ուժերը չեն կարող զիջումներիի գնալ, «նրանք կատարում են քաղաքական իշխանության որոշումը եւ քաղաքական իշխանությունը չի պատրաստվում որեւէ զիջումների գնալ»: «Բանակի համար անկախ նրանից դիրքերը դեպի որ կողմ կփոխվեն` առաջ, թե ետ, միշտ ստեղծվում է ոչ բարենպաստ պայմաններ, որովհետեւ այն առաջին գծում, որն այսօր կահավորված է, ստեղծված են բոլոր հարմարությունները, որպեսզի մեր զինծառայողներն այնտեղ հերթապահություն իրականացնեն անվտանգ, եւ հակառակորդի ոտնձգությունները կանխվի տեղում եւ հեշտությամբ»,-շեշտել է Մովսես Հակոբյանը:
Tuesday, December 30, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment