Thursday, December 25, 2008

Միացյալ Նահանգները ռազմավարական համաձայնագիր կստորագրի Վրաստանի հետ

«Ազատություն» 24-12-2008- Միացյալ Նահանգները այսօր պաշտոնապես հաստատեց, որ Վրաստանի հետ բանակցություններ են տարվում երկկողմ ռազմավարական համագործակցության համաձայնագիր ստորագրելու համար: Պետքարտուղարության հրապարակած հայտարարությունում նշված է, որ Միացյալ Նահանգները եւ Վրաստանը քննարկում են նոր երկկողմ հուշագրի տեքստը: Համաձայանագիրը կուժեղացնի երկու երկրների գործընկերությունը եւ կխորացնի Վրաստանի Եվրոատլանտյան ինտեգրացիան, նշված է հայտարարության մեջ: Դեկտեմբերի 22-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությանն ասել էր, թե Վրաստանի կառավարությունը համաձայնագիր է պատրաստում Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության մասին: 1998 թվականին Միացյալ Նահանգները երկկողմ համագործակցության նամանտիպ պայմանագրեր էր ստորագրել մերձբալթյան երկրների` Lիտվայի, Lատվիայի, Էստոնիայի հետ: Բոլորովին վերջերս` դեկտեմբերի 19-ին, Վաշինգտոնում նմանատիպ պայմանագիր ստորագրվեց նաեւ Ուկրաինայի հետ: Օգոստոս ամսին Մոսկվան զինված ուժեր մտցրեց Վրաստան, ասելով, թե նպատակ ունի հետ մղել Հարավային Օսիայի վրա հարձակված վրացական ուժերին: Ռազմական ընդհարումից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը եւ նրանց հետ բարեկամության եւ համագործակցության պայմանագիր է ստորագրում: Հրաչ Մելքումյան, Պրահա

No comments: