Thursday, December 25, 2008

Հայտնի են Բաթում - Ախալքալաք - Երեւան - Իրան ավտոճանապարհի ֆինանսավորման աղբյուրները

«Ազատություն» 24-12-2008- Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ արդեն պարզվել են Բաթում - Ախալքալաք - Երեւան - Իրան ավտոճանապարհի կառուցման ֆինանսավորման աղբյուրները: Ավտոճանապարհի կառուցման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել վարչապետ Տիգրան Սարգսյանի` Վրաստան կատարած այցի ընթացքում: «Սահմանից մինչեւ Նինոծմինդա կառուցվելու է Վրաստանի պետական բյուջեի հաշվին, Նինոծմինդայից Ախալցխա «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով է կառուցվելու, իսկ Ախալցխայից մինչեւ Բաթումի ճանապարհահատվածը` այս պահին բանակցություններ են գնում Ասիական զարգացման բանկի հետ», - ասաց Գուրգեն Սարգսյանը: - «Մեղրիից Բավրա միջանցքը` Ասիական զարգացման բանկի կողմից հատկացված 1 միլիոն դրամաշնորհի հաշվին պետք է համապատասխան նախագծային ուսումնասիրություն իրականացվի, որը եկող տարի կավարտեն, եւ մենք հստակ պատկերացում կունենանք այդ նախագծի մասին»: Անդրադառնալով Հայաստան - Իրան երկաթուղու կառուցման ծրագրին, տրանսպորտի եւ կապի նախարարն ասաց, որ կառավարությունը առայժմ գործընկերներ է փնտրում: Գուրգեն Սարգսյանի փոխանցմամբ` նախագծով շահագրգռված են Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը: «Այսօր արդեն Չինաստանը երկաթուղի է կառուցում, որը միանում է Միջին Ասիային եւ գալիս է Պարսկաստան: Որ Պարսկաստանից այս գիծը [Իրան - Հայաստան երկաթուղին] կառուցվի` դա նշանակում է Չինաստանից ելք Սեւ ծով: Այդ առումով չինացիները շահագրգռված են այս գծի կառուցման հարցում», - նշեց Գուրգեն Սարգսյանը: Տաթեւիկ Լազարյան

No comments: