Saturday, December 20, 2008

Թուրք հասարակության պառակտման մասին խոսելը դեռ վաղ է

Երեւան (Երկիր) - 18-12-2008-Թուրք մտավորականության փոքրաթիվ ներկայացուցիչների` Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելու նախաձեռնությունը դեռեւս չի նշանակում, որ այդ հարցում թուրք հասարակությունը պառակտվել է: «Ռեգնում» գործակալության հետ հարցազրույցում այս կարծիքն է հայտնել ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:Նրա խոսքերով` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որում նա ոչ միայն ավանդաբար հերքում է Ցեղասպանության փաստը, այլեւ մեղադրում է նախաձեռնության հեղինակներին իրականությունը խեղաթյուրելու համար, վկայում է, որ թուրքական իշխանությունները չեն փոխել իրենց դիրքորոշումը: «Եթե նույնիսկ թուրք հասարակության շրջանում արժեքների վերագնահատման գործընթաց է սկսվել կամ այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, ապա իշխող վերնախավը դեռեւս Հայոց Ցեղասպանության ժխտման առաջավոր գծում է»,- ասել է թուրքագետը:Նշելով, որ հանրագրում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը որակվում է որպես «էթնիկ զտում»` Ռ.Սաֆրաստյանը ասել է, որ թուրքական հասարակությունը որպես ցեղասպանություն ընկալում է հրեաների ոչնչացումը ֆաշիստական Գերմանիայում: Ըստ նրա` գործողության նախաձեռնողները հստակորեն չեն գիտակցում, թե ինչ է իրականում եղել 1915-ին Օսմանյան Թուրքիայում, եթե նույնիսկ գիտեն, ապա թաքցնում են: «Այնուամենայնիվ, ես ողջունում եմ այն փաստը, որ գտնվեցին խիզախ քաղաքացիական կեցվածքով մարդիկ»,- նշել է Ռ.Սաֆրաստյանը` ավելացնելով, որ հանրագրի տակ ստորագրողները «նորմալ մարդիկ են, ովքեր չեն կարող հավանություն տալ օսմանյան կառավարության կողմից մի ամբողջ ժողովրդի դեմ իրականացված վայրագություններին»: Նա նշել է նաեւ, որ տարիներ շարունակ Թուրքիայում գործել է պաշտոնական պատմության հայեցակարգ, որը բացառել է 1915 թվականի իրադարձությունների ճշմարտացի ուսումնասիրության հնարավորությունը: «Սակայն պաշտոնական հայեցակարգը ճեղքվածք տվեց»,- ընդգծել է թուրքագետը: Ըստ նրա` բոլորովին վերջերս են Թուրքիայում սկսել այդ տարիների իրական պատմությունից խոսել, եւ պատահական չէ, որ գտնվել են մարդիկ, ովքեր դատապարտում են 20-րդ դարի սկզբի Թուրքիայի իշխանությունների գործողությունները:

No comments: