Azg. 27-12-2008- Ֆրանս-Արմենի» թերթին ֆրանսահայ փաստաբան, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի պաշտպան ՊԱՏՐԻԿ ԱՐԱՊՅԱՆԻ հարցազրույցից հատվածներ Ֆրանս-Արմենի» թերթին ֆրանսահայ փաստաբան, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի պաշտպան ՊԱՏՐԻԿ ԱՐԱՊՅԱՆԻ հարցազրույցից հատվածներ:
Փարիզի իրավաբանական գրասենյակի անդամ Պատրիկ Արապյանը ֆրանսահայ հայտնի փաստաբաններից է: Արդեն 25 տարի է, ինչ նա զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով, հեղինակել է մի շարք զեկույցներ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) եւ Փաստաբանների միջազգային միության համար:
Ստանձնելով զենքի ապօրինի պահպանման մեղադրանքով 2008 թվականի հուլիսի 21-ին ձերբակալված «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք»-ի ղեկավար Վահագն Չախալյանի պաշտպանությունը` պրն Արապյանը նոյեմբերի 15-19 այցելել էր Ախալքալաք, Ախալցխա եւ Թբիլիսի:
- Պրն Արապյան, կարո՞ղ եք համառոտ ներկայացնել Չախալյանի գործը: Դրա հետ կապված, ի՞նչ կարողացաք պարզել Ախալքալաք եւ Ախալցխա Ձեր կատարած ուղեւորության ընթացքում:
- Ախալքալաքում իմ կողմից հարցաքննված վկաների մեծ մասը արդեն մի քանի ամիս ընթացող ջավախահայ երիտասարդության դեմ հարուցված գործերում ներգրավված անձինք են: Վահագն Չախալյանի, նրա ընտանիքի եւ ազգականների նկատմամբ ոստիկանական համակարգված ճնշում էր գործադրվում դեռեւս տարվա սկզբից` ինչի նպատակն էր պրն Չախալյանին դրդել սխալ քայլերի` նրան ձերբակալելու նպատակով:
Այս հնարքը, սակայն, չգործեց:
Եվ ահա, հուլիսի 17-ի կեսգիշերին ոստիկանապետի տան կողքին տեղի ունեցավ պայթյուն, որը եւ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամների վրա հարձակման պատճառ դարձավ: Ամեն ինչ արվում էր, բնականաբար, առանց մարդու իրավունքների տարրական նորմերը հաշվի առնելու: Այս խղճուկ դիմակահանդեսը կարող էր ընդամենը ժպիտի արժանանալ, եթե մինչ օրս դեռեւս լիովին չբացահայտված այդ իրադարձությունների ժամանակ չսպանվեին ազգությամբ հայ երկու ոստիկան:
Անհրաժեշտություն առաջացավ Թբիլիսիից հատուկ նշանակության ուժեր ուղարկել Վահագն Չախալյանին ձերբակալելու գործում տեղական ոստիկանությանը օժանդակելու նպատակով: Սա փաստում է, որ այս հարցում կենտրոնական իշխանությունները եւ Ախալքալաքի ոստիկանապետը գործում էին համագործակցաբար:
Վահագն Չախալյանի ձերբակալության օրվանից, այն է` 2008-ի հուլիսի 21-ից, վրացական իշխանություններն անում են ամեն ինչ` տեղի ունեցածի քաղաքական էությունը քողարկելու, խոչընդոտելու եւ աղավաղելու համար: Իրավական տեսանկյունից ո՛չ մի էական ապացույց, խուզարկության եւ ո՛չ մի լիարժեք արձանագրություն, ո՛չ ոստիկան եւ ո՛չ մի վկա, խուզարկության ընթացքում «հայտնաբերված» զինամթերքի եւ ո՛չ մի մատնահետքերի փորձաքննություն, մեղադրյալների ո՛չ մի հարցաքննություն:...
- Ներկայումս ինչպիսի՞ն է իրավիճակը Ջավախքում:
- Ես մեկնել էի Ջավախք Վահագն Չախալյանի ծնողների հետ հանդիպելու: Այնտեղ տեսա մարդկանց, որ ապրում են ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի ահի տակ: Հանդիպելով եւ խոսելով Վահագն Չախալյանի գործին առնչվող այլ անձանց հետ` ինձ համար պարզ դարձավ, որ վրաց իշխանությունները հուլիսյան ձերբակալություններով շատ ավելի հեռահար նպատակներ են հետապնդում:
Ջավախքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բնակչության շուրջ 90-95%-ը հայեր են: Վրաստանի իշխանություններն այստեղ չունեն ճնշում գործադրելու անմիջական լծակներ, հետեւաբար նրանք ստիպված են օգտվել Ջավախքի ոստիկանական ծառայություններից` ահաբեկության միջոցով իրենց օրենքի ուժը հաստատելու համար:
Սամվել Պետրոսյանի ոստիկանապետի պաշտոնում նշանակման օրվանից ի վեր` 2006 թվականի կեսերից, տեղի են ունեցել ու շարունակվում են ունենալ Ախալքալաքի շրջանի մի շարք քաղաքականապես ակտիվ երիտասարդների ձերբակալություններ, որոնց նկատմամբ այնուհետեւ կայացվում են տարբեր դատավճիռներ` տուգանքներից մինչեւ բանտարկություն: Վահագն Չախալյանի կալանավորումից հետո այս հալածանքները բազմապատկվել եւ նոր թափ են ստացել:
Բացի դրանից, աշխարհագրական մեկուսացված վիճակն ու տնտեսական ճգնաժամը Ջավախքի համար որոշակիորեն դժվարացնում են Վրաստանի մյուս հատվածների հետ մշակութային եւ սոցիալական ամբողջություն կազմելը` մի տեսակ մարգինալացնելով երկրամասը: Հայերի մեծ մասը չի տիրապետում վրացերենին` ինչը նրանց համար էապես դժվարացնում է վարչական իշխանության, ոստիկանական եւ իրավապահ մարմինների հետ հաղորդակցվելու հնարավորությունը եւ գործնականում անհնարին դարձնում նրանց նկատմամբ գործած կամայականությունների եւ իրենց մարդկային տարրական իրավունքների ոտնահարման դեմ այլ կառույցներում բողոքելը:
- Ինչ է սպասում Ջավախքին մոտակա ապագայում:
- Ջավախքի հայությունը գտնվում է վրաց իշխանությունների կողմից լարված որոգայթի մեջ. ընդ որում, այդ որոգայթը լարված է ոչ միայն հայերի, այլեւ Վրաստանի բոլոր փոքրամասնությունների համար: Նման քաղաքականությունը արդյունքի հասավ Վրաստանում բնակվող քրդերի պարագայում, որոնք լքեցին երկիրը ոստիկանության ճնշումների հետեւանքով:
Վահագն Չախալյանի անցած կյանքի ուղու մեջ ոչինչ չէր կարող նախանշել, որ մի օր նա կդառնա Վրաստանի հասարակության թշնամի, քանի որ նրա շարժումը չէր պարունակում անջատողական կամ անկախացման պահանջ: Նրա հիմնական պահանջը տարածաշրջանում վրացերենի հետ համատեղ հայերենի օգտագործման օրինականացումն էր: Ուստի, նրա ձերբակալությամբ վրաց իշխանությունները փորձում են Ջավախքի հայերին դրդել ծայրահեղության եւ արտագաղթի:
Ապագայի հեռանկարները բավականին տխրեցնող են, քանի որ Վրաստանը, որը ձեւացնում է, թե ժողովրդավար է եւ հարգալից՝ փոքրամասնությունների նկատմամբ, ակնհայտորեն թյուրիմացության մեջ է գցում Եվրոպային իր իրական վարքագծով: Ավելի քան ժամանակն է գործելու. հակառակ դեպքում Ջավախքը կարող է դառնալ 21-րդ դարի Նախիջեւան` պատմական հայկական տարածք, որ դատարկվել է բնակչությունից, եւ անգամ գերեզմանատներն են ավերվել պատմությունը ջնջելու համար:
No comments:
Post a Comment