Tuesday, December 30, 2008

ՀԱՅԱՍՏԱՆ. ԿՎԵՐԱՊՐԵՆ ԱՐԴՅՈՔ ՕԼԻԳԱՐԽՆԵՐՆ ՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿԲԵՎԵՌ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Lragir. 29-12-2008- Ամեն տարեմուտի մարդիկ հակված են հայացք ձգել ոչ վաղ անցյալին եւ հասկանալ, թե ինչի են հանգեցրել երկիրը տարվա ծանոթ ու անծանոթ իրադարձությունները: Ցանկություն է առաջանում կռահել ամենակարեւորը, ինչ կատարվել է երկրի հետ: Եւ դա բնական է` մարդիկ միշտ ուզում են տեսնել իրենց հետ կատարվածի իմաստը: Դրա վերաբերյալ ցանկացած կարծիք դառնում է գրավիչ եւ ակտուալ: Իսկ երբ երկրի մասին խոսում են ուրիշները, դա ավելի է հետաքրքրում: Միշտ ցանկություն է լինում իմանալ, թե ինչն են նկատել որպես ամենակարեւորը մեր երկրում: Այդ իմաստով հետաքրքիր էր իմանալ, որ դեկտեմբերի 24-ին Հայաստանի ժողովրդին իր ուղերձում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն, ի թիվս այլոց, պատրաստ է օգնել Հայաստանին հավասար իրավունքներ ստեղծել բոլորի համար: Երբ խոսվում է ժողովրդավարացման առաջնահերթությունների, տարածաշրջանային համագործակցության, բնականոն միջազգային հարաբերություններ հաստատելու համար այլ պայմանների մասին, ամեն ինչ պարզ է: Բայց երբ պաշտոնական տեքստում տեղ է գտնում երկրի պետական կյանքի մասին այս կամ այն տարրը եւ հայտարարվում է, թե պատրաստակամություն կա օգնել երկրում պատվաստելու այդ տարրը, ստիպված ենք ընդունել, որ այդ տարրը ձեռք է բերել միջազգային նշանակություն: Հիշեցնենք, որ ԱՄՆ երկիր է, որ վերջերս հրաժարվել է Հազարամյակի մարտահրավեր ծրագրի շրջանակում ֆինանսական հատկացում անել Հայաստանին, դա հիմնավորելով Հայաստանում ժողովրդավարացման առաջընթացի բացակայությամբ: Դեռ տարիներ առաջ այդ կորպորացիան Հայաստանին վերապահումներ էր ներկայացրել այն մասին, որ նրա կառավարման համակարգն արդար չէ: Այն ժամանակ այդ վերապահումները չէին որոշակիացվել: Եւ ահա ներկայում Մարի Յովանովիչը հասկացնել է տալիս, թե կոնկրետ ինչն է հուզում ԱՄՆ-ին` իրավահավասարության բացակայությունը Հայաստանում:Այն, որ նորմալ ընտրությունների, կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլ խնդիրները միշտ եղել են ԱՄՆ պահանջների ցուցակում, հայտնի է բոլորին: Բայց այն, որ ԱՄՆ կարող է Հայաստանի առանցքային խնդիր առաջադրել իրավահավասարության ֆենոմենը, արդեն մի քիչ անսովոր է: Համենայնդեպս, այդ հայտարարությունից պետք է պարզ դառնա, որ Հայաստանում իրավահավասարության բացակայության խնդիրը դառնում է միջազգային մակարդակի: Ինչ կարող է դա նշանակել եւ ինչի հետ կարող է կապված լինել: Չէ որ նման պահանջն այնպիսի երկրին, ինչպիսին է Հայաստանը, կարելի է դասել բավական բարձր կարգի պահանջների շարքին: Անկասկած, դա վկայում է այն մասին, որ ԱՄՆ Հայաստանի քաղաքական համակարգի որակի հարցում մեծ դժգոհություն ունի: Կամ, ինչպես իրենք են ասում` կառավարման համակարգի որակի: Որն է նման դժգոհության առաջացման պատճառը` դժվար է միանշանակ հասկանալ: Սակայն եթե դառնանք Հայաստանի կառավարման կառուցվածքի բնույթին, կարելի է համենայնդեպս մտորել Հայաստանի ներքին վիճակի վերաբերյալ արտաքին գործընկերների նման հետաքրքրության առաջացման պատճառների մասին: Չէ որ անէական բանը դժվար թե հետաքրքրի գործընկերներին: Եւ դրա մասին արժե մտածել: Առավել եւս այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Հայաստանում անցնող տարում:Մինչ այժմ Հայաստանում լիովին չի գիտակցվել այս տարի տեղի ունեցած իրադարձությունների կենսական կարեւոր նշանակությունը: Երեւանում մարտի 1-ի ողբերգությունը համապատասխան գնահատական չի ստացել հայկական պետականության հետագա ճակատագրի տեսանկյունից: Համապատասխանաբար, համապատասխան գնահատական չեն ստացել այդ ողբերգության սոցիալ-քաղաքական գնահատականները: Ավելի որոշակի` պատասխան չկա հարցին` արդյոք Հայաստանում կատարվել է քաղաքական համակարգի որակի որեւէ փոփոխություն: Եւ կատարվել է արդյոք որեւէ փոփոխություն հասարակական գիտակցության մեջ: Չէ որ մարդկանց ավելի հետաքրքրում է ապագան:Այս թեմայի շուրջ խոսակցությունն ավելի քան ակտուալ է, քանի որ, մեր կարծիքով, 2008 թվականը Հայաստանում նշանավորվեց ռազմավարական կարեւոր հանգամանքով` երկրի քաղաքական համակարգը ձեռք բերեց կայուն երկբեւեռություն: Թե ինչ գնով կայացավ նման քաղաքական փոխակերպումը` ներկայում այդքան էլ սկզբունքային չէ: Կարեւորն այն է, որ տարվա իրադարձություններն առաջացրին անշրջելի քաղաքական գործընթաց: Նախագահի ընտրությունից հետո գոյություն ունեցող կառավարման կառուցվածքի պահպանումը նախկին տեսքով անհնար էր դարձել: Դրա առաջին նախանշանը Սերժ Սարգսյանի վարչակարգի ռեպրեսիվության աստիճանի նկատելի բարձրացումն է: Վարչակարգի գործունեությունը երկբեւեռության պայմաններում առանց լրացուցիչ ջանքերի դարձել է դժվար: Դա բխում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակների կառավարման կառուցվածքի յուրահատկությունից:Այս հանգամանքին անդրադառնանք ավելի մանրամասն: Համենայնդեպս, վերջին 5 տարիներին Հայաստանի քաղաքական կառուցվածքը նպատակասլաց ստանում էր միաբեւեռ քաղաքական կառուցվածքի բնույթ: Այն պահից, երբ 2003 թ. երկրում մտցվեց կոալիցիոն հիմքով իշխանության ձեւավորման պրակտիկա, ցանկացած այլ քաղաքական բեւեռ չեզոքացնելու ձգտումն ավել ու ավելի էր ընդգծվում: Իշխանության կուսակցությունները քաղաքական ողջ դաշտը զբաղեցնելու հավակնություններ էին առաջադրում, պարբերաբար ընդդիմություն խաղալով հենց իշխանության ճամբարում: Գործող վարչակարգը սկսեց հավակնել մենաշնորհային բնույթի ինքնաբավ կառավարման համակարգի դերին: Ենթադրվում էր, որ ակտիվության այլ բեւեռ չպետք է լինի: Իսկ հասարակության ակտիվությունը փոշիացվում էր կոալիցիայից դուրս գտնվող, իշխանության սպասարկու քաղաքական ուժերի միջոցով: Նման մոտեցումը թելադրվում էր հենց Հայաստանում իշխանության ձեւավորման մեխանիզմով: Իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմը չեզոքացվել էր, եւ երկրում ձեւավորվել էր պետական իշխանության լծակներին տիրացած խոշոր սեփականատերերի դաշինք: Այդ դաշինքի էությունը պայմանավորվածությունների հիման վրա քաղաքական եւ տնտեսական ոլորտների բաժանումն է: Այսինքն, երկրում հայտնվեց քաղաքական կառուցվածքի “օրինական բազա”` օլիգարխների օրենքը: Ողջ հասարակությունը ենթարկեցվել էր այդ պայմանագրի պայմաններին, իսկ երկրի կենսագործունեությունը հիմնվում էր օլիգարխների ընդունած նորմերի վրա:Նկարագրված քաղաքական համակարգի գլխավոր առանձնահատկությունը օլիգարխների դաշինքի (սպասարկող կուսակցությունների հետ համատեղ) եւ մնացյալ հասարակության միջեւ իրավունքների եւ պարտականությունների բաժանման ֆենոմենն էր: Հայաստանում իրավունքներն ու պարտականությունները բաժանված էին բնակչության առանձին խմբերի միջեւ: Իրավունքները կոալիցիայի անդամների բացառիկ առանձնաշնորհն էին, իսկ մնացյալ բոլոր քաղաքացիներն ունեին միայն պարտականություններ: Սահմանադրության դերը հանգեցվել էր կոալիցիայի անդամների գործունեության լեգիտիմացման մեխանիզմի, ինչպես նաեւ քաղաքացիների «օրինական» պատժի մեխանիզմի: Առանցքային հանգամանքը պետության կյանքում անիրավահավասարության սկզբունքի հաղթարշավն էր: Մասնավոր սեփականություն հասկացությունը յուրահատուկ իմաստ ձեռք բերեց` սեփականությունը դարձավ օլիգարխների դաշինքի մենաշնորհը. դաշինքից դուրս գալը հավասարազոր էր սեփականության կորստին:Մինչ 2007 թ. երկրորդ կեսը առօրյա քաղաքական կյանքը հանգեցվել էր Հայաստանում ձեւավորված քաղաքական կառուցվածքի կայունության ապահովմանը: Դրան հասնելու միջոց էր օլիգարխների դաշինքին մի քանի քաղաքական ազդեցիկ միավորումների ներգրավումը: Հայտնի է, որ այդ դերում սկզբում Դաշնակցություն, Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցություններն էին: 2007 թվականից նրանց միացավ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Կոալիցիա կոչվող այդ քաղաքական կառուցվածքը կոչված էր հասարակության աչքին լեգիտիմացնել օլիգարխների դաշինքի գործունեությունը: Այդ ծառայության դիմաց օլիգարխների դաշինքը այդ կուսակցություններին որոշակի արտոնություններ տրամադրեց:Սեփականության եւ ձեռնարկատիրության, ինչպես նաեւ առանցքային տեղեկատվական աղբյուրների մենաշնորհի գործոնը հաշվի առնելով, նման կառուցվածքը համարվում էր անխոցելի: Իհարկե, հաշվի առնելով գլխավոր հանգամանքը` ընդդիմադիր բեւեռի բացակայությունը: Ընդ որում, հանցագործություն էր համարվում այն ամենը, ինչ կատարվում էր օլիգարխական պայմանագրի նորմերին հակառակ: Իսկ գլխավոր հանցագործություն սահմանվեց օլիգարխական պայմանագրի նորմերի հանդեպ ոտնձգությունը: Օրինաց երկիր կոալիցիոն կուսակցության փորձը, որը 2006 թ. փորձեց խախտել օլիգարխական պայմանագիրը, բոլորին ցույց տվեց, թե ինչով են հղի նման փորձերը` վարչակարգն այդ կուսակցությանն իսկական «էկզեկուցիայի» ենթարկեց: Առաջին հերթին կուսակցությունից հանեցին այն անդամներին, ովքեր խոշոր սեփականատեր էին:Բերված համառոտ բնութագիրը թույլ է տալիս անցնել քննարկվող թեմայի հաջորդ կողմին` 2008 թ. տեղի ունեցած փոփոխություններին: 2008 թ. քաղաքական իրադարձությունների իմաստն այն էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ստեղծված նոր ընդդիմադիր բեւեռն առաջադրեց օլիգարխների օրենքի վրա հիմնված Հայաստանի քաղաքական կառուցվածքի ապամոնտաժման կուրսը: Նախագահի ընտրության նախօրեին եւ ընթացքում այդ կառուցվածքը հայտարարվեց օրենքից դուրս: Այս հայտարարության հիման վրա առաջ քաշվեց երկրում Սահմանադրության նորմերի հիման վրա քաղաքական կառուցվածքի հաստատման ռազմավարությունը: Այսինքն, ի հայտ եկավ օլիգարխների դաշինքի հանդեպ ոտնձգության սպառնալիք: Լիովին հասկանալի է հանգամանքը, որ գործող վարչակարգն այդ կուրսը գնահատեց որպես «ուժի միջոցով իշխանության բռնազավթման փորձ»: Հակառակ բեւեռը հայտարարվեց պետականության հիմքերը խախտող գործոն: Փորձը կանխվեց ուժային մեթոդներով: Սակայն վարչակարգին չհաջողվեց վերջնականապես ապամոնտաժել նոր բեւեռը: Այստեղից էլ առաջացավ Հայաստանի երկբեւեռ քաղաքական համակարգը, ինչպես նաեւ քաղաքական գործընթացների բնույթը: Երկու բեւեռների ակտիվության էությունը դարձավ հակառակ բեւեռը ոչնչացնելու կուրսը:Ներկայում շատերին է հետաքրքրում հարցը, թե որոնք են այս փոփոխության իրական արդյունքները: Այստեղ կարելի է հետեւյալը նշել` օլիգարխական վարչակարգի բնականոն գործունեության հիմքը խախտվեց: Դրա հետ կապված, բարձրագույն իշխանության մեթոդոլոգիան փոխվեց` կառուցվածքի կայունության պահպանման գլխավոր մեխանիզմ դարձան ռեպրեսիաները բացահայտ ահաբեկության տեսքով, երկրում կարգուկանոն հաստատելու դրոշի տակ: Այս պայմաններում իրեն զգացնել տվեց նաեւ երկրորդ բեւեռի մեթոդոլոգիան` իշխանությունը մենակ է թողնվել երկրում ճգնաժամային իրավիճակին դեմ հանդիման: Ակտիվ ճնշումը հանվել է, իսկ բեւեռների միջեւ հավասարակշռությունը պահպանվում է արտաքին քաղաքական գործոնների ազդման միջոցով:Հաջորդը` երկրում չեզոքացվել են ինքնուրույն քաղաքական ակտիվության համար բոլոր հնարավորությունները: Արդյունքում նոր բեւեռին չհարող քաղաքական ուժերը հանդես են գալիս օլիգարխների դաշինքի պաշտպանների դերում: Այդպիսով, տեղի ունեցավ «դրածո ընդդիմության» գործառույթի չեզոքացում: Այս հանգամանքը եւս մեկ նշանակալի փոփոխություն է Հայաստանի քաղաքական կառուցվածքում:Դրածո ընդդիմության գործոնը մինչ 2008 թ. նշանակալի դեր էր խաղում Հայաստանի օլիգարխական կառուցվածքի կայունությունը պահպանելու համար: Առանց տվյալ հանգամանքի այդ կառուցվածքի ձեւավորումը, առավել եւս գործունեությունն անհնար կլիներ: Դա է ցույց տալիս նաեւ կառավարման նման կառուցվածք ունեցող այլ երկրների փորձը: Դրա էությունը պարզ է` անհրաժեշտ է տվյալ կառուցվածքի օրինականության ապոլոգետը, ինչպես նաեւ օլիգարխների օրենքի դեմ հասարակության դիմակայության ջանքերի փոշիացմանն ուղղված գործունեություն: Ներկայում այդ երկու գործառույթները կատարելու համար պայմաններ չկան:Փաստորեն, ընդդիմադիր բեւեռը չեզոքացրել է պսեւդո-ընդդիմադիր միավորումները: Դա ավելի է ուժեղացրել երկրի քաղաքական համակարգի բեւեռացումը: Եւ ոչ միայն: Նման փոփոխությունների ամենահետաքրքիր հետեւանքը դարձավ օլիգարխներին արդեն նկատելի նեղելը: Հայաստանի բարձրագույն իշխանությունը գնում է ֆինանսատնտեսական գործունեության կենտրոնացման ճանապարհով: Օլիգարխներն իշխանության գլխավոր հենարանից վերածվում են նրա ռեպրեսիվ ծրագրերի նպատակի: Երկրում նկատվում է ուժային կառույցների կողմից օլիգարխիայի ջախջախման հեռանկար: Այս ծրագրերի էությունը հանգում է սեփականության վերաբաշխմանը եւ նախագահի ձեռքում սեփականության լիակատար կենտրոնացմանը:Փոփոխությունների շղթան վեր է բոլորի ուժերից: «Մարտի 1-ը» գործի է դրել օլիգարխիական վարչակարգի ինքնախժռումը: Հայաստանի հասարակությունն օլիգարխների հետ զգում է օլիգարխական համակարգի հիմքերի երերումը: Զգում է նաեւ, որ կյանքի սովորական ռիթմը խախտվում է: Ազգային իրողությունների ռացիոնալ գնահատման սանդղակի կորուստը, եւ դրա հետ կապված ապակողմնորոշվածությունը հասել են գագաթնակետին: Դրա գլխավոր հետեւանքը եղավ հանրային գիտակցության մեջ ամեն ինչի հանդեպ կասկածի զգացման խորացումը: Ոչ մեկի հետ որեւէ հույս չի կապվում: Ոչ մի կարծիք չի ներշնչում վստահություն: Հանրային գիտակցության մեջ դոմինանտը անհանգստությունն է:Այդպիսին է, մեր կարծիքով, 2008 թվականին տեղի ունեցած փոփոխությունների էությունը: Քաղաքական համակարգի առաջացած երկբեւեռությունը հանգեցրեց առկա կառավարման կառուցվածքի տրանսֆորմացիային:Տվյալ պարագան, անկասկած, նկատել է նաեւ միջազգային հանրությունը: Համապատասխանաբար, Հայաստանին աջարկվել է օգնություն ապամոնոպոլացման գործում: Հայաստանի բարձրագույն իշխանությունն ինքը նախընտրում է օլիգարխիկ համակարգի ապամոտնաժման այլ մեխանիզմ` սեփականության կենտրոնացում նախագահի կարգավիճակով մեկ մարդու ձեռքին: Ընդդիմությունն այդ ամենին հետեւում է դիտորդի եւ գրաքննիչի կարգավիճակով: Դրանում է երկրում քաղաքական գործընթացի էությունը: Ինչ կստացվի դրանից, ցույց կտա 2009 թվականը: ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ

No comments: