Monday, January 19, 2009

Հայաստանում 2009թ-ը հայտարարված է Բուլղարիայի տարի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2009թ-ը հայտարարված է Բուլղարիայի տարի: 2010թ-ին Բուլղարիայում կանցկացվեն Հայաստանի տարվա միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մինչեւ հունվարի վերջ կստացվի բուլղարական կողմի ծրագրային առաջարկությունը. նախնական բանակցություններում ընդգրկված են բոլոր ոլորտները` ցուցահանդեսներ, մեծ համերգային ծրագրեր, օպերային, էթնոգրաֆիկ ներկայացումներ: Նախարարի խոսքերով` Բուլղարիայում Հայաստանի տարվա միջոցառումների կազմակերպման ժամանակ, անշուշտ, հաշվի կառնվի նաեւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա փորձն ու հաջողությունը: Տարվա միջոցառումների անցկացման կոնցեպցիան, սակայն, մշակվում է երկու կողմերի համաձայնությամբ: Բուլղարական կողմը կարող է իր տեսակետներն առաջակել նոր մոդելի ձեւավորման ուղղությամբ: Որակական իմաստով անպայման կպահպանվի Ֆրանսիայում Հայաստանի տարվա հաջողությունների նիշը: Հ.Պողոսյանի տեղեկացմամբ` այս տարի Հայաստանի մշակութային շաբաթներ կկազմակերպվեն Շվեյցարիայում, Գերմանիայում, Իտալիայում, Եգիպտոսում: Հունվարի վերջին հայկական մշակույթի օրեր կանցկացվեն Հնդկաստանում, ուր մշակութային ծրագրով կմեկնեն Երեւանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը ու Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժիշտների մի մասը: Հայաստանում կներկայացվի Չինաստանի մշակութային ծրագիր, ինչպես նաեւ երիտասարդական ծրագիր Գերմանիայից: Ֆրանսիայի եւ Իտալիայի հետ կիրականացվեն մասնագետների որակավորման փոխանակման ծրագրեր: Նախարարի գնահատմամբ` Հայաստանում ամենախոշոր ծրագրերից մեկը կլինի ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերի անցկացումը: Էստաֆետը Հայաստանն ընդունում է որպես հերթական երկիր, եւ քանի որ հայ պատանիները միշտ շատ բարձր մակարդակով մասնակցել են այլ երկրներում անցկացվող խաղերին, Հայաստանը պատասխանատու է, որ հայրենքում եւս այն բարձր մակարդակով կազմակերպվի: Հոկտեմբերին շուրջ 11 երկրներից պատվիրակություններ կժամանեն, եւ, մշակույթի նախարարի դիտարկմամբ, ավանդույթ դարձած այդ միջոցառումով պետք է փորձ արվի Հայաստանն առավել գրավիչ դարձնել նմանատիպ ձեռնարկների համար:

No comments: